Առաջիկա ընտրությունները չեն կարող առիթ հանդիսանալ Չախալյանի ազատ արձակման համար. Վրացագետ Ալիկ Էրոյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2012 21:24

“Հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, դրա փաստն են մեր բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Վրաստան, ինչպես նաև նրանց այցելությունը մեր երկիր: Տարբեր համագործակցությունները թե միջկառավարական, թե գործնական շրջանակներում, ինչպես նաև Ազգային ժողովի մի շարք հանձնաժողովների համագործակցությունը մեծապես նպաստում է հայ-վրացական հարաբերություններին”,- բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունները` այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Էրոյանցը, սակայն, այս ամենը բավարար չի համարում և կարծում է, որ զարգացման տեղ դեռ շատ կա, քանզի վրացահայությունն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, ու դրանք պետք է լուծվեն պետական մակարդակով, ինչի համար մեր իշխանությունները պետք է անընդհատ կոչ անեն իրենց վրացի գործընկերներին ավելի լուրջ վերաբերվել Ջավախքի ու վրացահայության խնդիրներին, քանի որ դրանք շատ կարևոր են երկու երկրների միջև բարեկամանական հարաբերությունների զարգացման համար:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են առիթ հանդիսանալ, որ Վրաստանի իշխանոիթյունները ազատ արձակեն հայազգի հասարական գործիչ Վահագն Չախալյանին, Ա. Էրոյանցը հիասթափեցրեց մեզ` նշելով, որ դա քիչ հավանական է. “Հնարավոր չեմ համարում, որ ընտրությունները առիթ կհանդիսանան այս հարցում դրական արդյունքների հասնելու համար: Վրաստանում միշտ էլ նմանատիպ ցույցեր եղել են, սակայն իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել: Ցույցերը գովելի են և հնարավոր է՝ ինչ-որ առումով արդյունքի հասնեն, սակայն ընտրությունները չեն նպաստի դրան”:
Էրոյանցը նաև ցավով նշեց այն փաստը, որ վրացական իշխանություններն այսօր մեծ տեղ է տալիս Ադրբեջանին և Թուրքիային իրենց երկրում, և այդ երկու երկրների գործարարները մեծ դեր են կատարում Վրաստանի տնտեսական ոլորտում իրենց ներդրումներով, ինչը, բնականաբար, բացասական ազդեցություն կարող է թողնել Վրաստանի հայության և տեղի հայ գործարարների վրա:
Վրացագետը նաև այնքան էլ ճիշտ չի համարում ագրեսիվ քաղաքականության վարումը Վրաստանի հետ, ինչպիսին վարում են Հայաստանում ջավախահայ որոշ պաշտոնյաներ, ըստ նրա` պետք է ամեն ինչ անել հայ-վրացական հարաբերությունները բարեկամական մակարդակի վրա պահելու, այլ ոչ թե սրելու ուղղությամբ:
Վահե Մակարյան

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply