Պրեզիդենտին պարտականությունն է ըսելը. Վ. Հովնանյանը նախագահի նկատողությոնների մասին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2012 18:26

Պրեզիդենտին պարտականությունն է ըսելը: Ես ալ ժողովներ կունենամ իմ աշխատողներուս հետ, պետք է որ, իրենց կռնակին կանգնես, բռավո ըսես անոնց, ովքեր որ լավ կաշխատին և անոնք, որ լավ գործ չեն ընե, պետք է նկատողություն ընես: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես արտահայտվեց ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի`կառավարության պաշտոնյաներին արված դիտողությունների վերաբերյալ:
“Մենք ալ որ վատ կաշխատինք մեզմե դրամ կպահանջեն, հարկայինին շտրաֆ կուտանք, որ լավ կաշխատինք, կըսեն “բռավո”, օր լավ գործ մը կենենք”,-նկատեց Հովնանյանը` նշելով, որ պետք է սևին սև ըսենք, ճերմակին՝ ճերմակ ըսենք, մոխրագույնին՝ մոխրագույն:
Ըստ Հովնանյանի` նախագահն այդ ելույթով նաև ցանկանում էր ցույց տալ ժողովրդին, որ ինքը լիդեր է և ինքն է առաջնորդում այս երկիրը:
Ամերիկահայ գործարարը նկատեց, որ աշխարհի ամեն վայրում էլ դժվարություններ կան և տնտեսական առումով բարդ իրավիճակ է բոլոր երկրներում, և Հայաստանն էլ այս առումով անմասն չի մնացել. “Աշխարհի ամեն կողմերում դժվարություններ ունենք` սկսած Եվրոպաեն, Ամերիկաեն, ուստի մենք ալ մաս կկազմենք այդ ամբողջին: Եթե Ամերիկան դժվարություն ունի, ամեն երկիր կզգա, որ դժվարություններ ունի”:
Խոսելով Հայաստանում առկա խնդիրների մասին` Վ. Հովնանյանն ասաց, որ այդ ամենի լուծումն ընդամենը ժամանակի հարց է. “Ժամանակն է, որ պետք է մաքրե այդ ամենը”:
Նա Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու վերաբերյալ կարծում է, որ Կառավարությունը պետք է արտոնություններ սահմանի և փոփոխութփյուններ մտցնի օրենսդրական դաշտում: Հովնանյանի խոսքով, այս հարցումը պետք է օգնեն նաև լրագրողները:
“Կառավարությանը պետք է օգնեն նաև լրագրողները՝ անհատական հարցումներով՝ վատից բացի վեր հանեն նաև դրականը:Եթե ճիշտ են աշխատում, դա էլ ցույց տրվի, թե ինչպես են անում, որ գոհ են նրանցից: Դրանով, գուցե, Կառավարության աշխատողների համար դուռ բանաք, որ կարողանա ճիշտ աշխատել”,- նշեց գործարարը:
Վահե Մակարյան

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply