Տիգրան Դավթյանը բարձր է գնահատում հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2012 18:03

Ֆրանսիան հանդիսանում է մեր կարևորագույն առևտրատնտեսական գործընկերը, և մենք շատ ենք կարևորում մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Այս մասին այսօր հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Համաժողովը կազմակերպվել էր “Ջի Էմ Ջի մեդիա գրուպ” ընկերության ջանքերով ՀՀ էկոնոմիկայի նախարարության դահլիճում: Համաժողովին մասնակցում էին հայ գործարարներ և Մարսելից ժամանած ֆրանսիացի գործարարներ Մարսել քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հոլսայան Բեռնարի գլխավորությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, փոխնախարար Տիգրան Հարությունյանը, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը և ՀՀ տնտեսության ոլորտի հետազոտող Դյուբուա Վիրժինին:
Ինչպես համաժողովի ընթացքում նշեց Տ. Դավթյանը, երկու երկրների միջև կա էական ապրանքնաշրջանառություն, գործում են բավականին մեծ քանակությամբ համատեղ ընկերություններ, այդ թվում՝ ֆրանսիական կապիտալով ընկերություններ, որոնց մեջ կան այնպիսի ապրանքանշաններ, ինչպիսիք են “Պեռնո Ռիկար”-ը, “Կրեդի Ագրիկոլ”-ը, “Օրանժ”-ը, ինչն, ըստ նախարարի, խոսում է այն մասին, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը ոչ միայն ունի լավ հեռանակարներ, այլ նաև զարգացվածության բարձր մակարդակ:
Նախարարը նշեց, որ այս համաժողովի նպատակն է ֆրանսիացիներին ծանոթացնել Հայաստանի տնտեսությանը, ինչպես նաև գտնել համագործակցության եզրեր, որոնք հնարավորություն կտան էլ ավելի խորացնել հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային համագործակցությունը:
Նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկան վերջին շրջանում դրական գնահատեց և այս առումով կարծում է, որ ճիշտ ժամանակն է քննարկելու Հայաստանի տնտեսությունում հնարավոր ներդրումներ իրականացնելու և համագործակցության հնարավորություններն ընդգծելու հարցը:
“Կարծում եմ` այօրվա հանդիպումը ևս մեկ քայլ կլինի այդ ուղղությամբ, քանի որ օտարերկրյա գործընկերների հետ պատրաստ ենք քննարկելու բոլոր ողջամիտ առաջարկները և դրանք իրականացնելու համար համապատասխան աջակցություն տրամադրել”,-իր խոսքում հավելեց նախարար Դավթյանը:
Վահե Մակարյան

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply