Պետք է այստեղի հարուստները հավաքվեն` մտածեն, թե ինչպես կըրնանք այս ժողովուրդին օգնել, որ այս ժողովուրդը չփախչի ուրիշ երկրներ. Վահագն Հովնանյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 24, 2012 17:53

Ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը կարծում է, որ ամեն ինչ չէ, որ պետք է թողնել կառավարության ուսերին, պետք է մենք էլ մեր կողմից փորձենք աջակցություն ցուցաբերել Հայաստան նեգաղթող մեր սիրիահայ հայրենակիցներին:
Հովնանյանը կոչ է անում հյուրընկալ վերաբերմունք ցուցաբերել սիրիահայերի նկատմամբ, որպեսզի մարդիկ այստեղից չփախչեն, և դա առաջին հերթին պետք է ցուցաբերվի հայ ժողովրդի կողմից:
“Պետք է այստեղի հարուստները հավաքվեն` մտածեն, թե ինչպես կըրնանք այս ժողովուրդին օգնել, որ այս ժողովուրդը չփախչի ուրիշ երկրներ: Ամենամեծ ուրախությունն ինձ համար այն էր, որ այս ժողովուրդը չփախավ և եկավ Հայաստան: Մենք պետք է մեր թևերը լայն բացած անոնց ընդունինք` առանց ածականներ տալու և առանց «ախբար» ըսելու»,-ասաց սփյուռքահայ գործարարը:
Հովնանյանն ինքն իր արած կոչին արդեն իսկ ընդառաջ գնացող քայլեր ձեռնարկել է և առաջիկայում էլ պատրաստ է աջակցություն ցուցաբերել սիրիահայերին: Նա նշեց, որ ինքն առաջիններից մեկն էր, ով Սփյուռքի նախարարւոթյունից հետաքրքրվել էր Հայաստան ժամանած սիրիահայերի տվյալներով, թե ով ինչ մասնագիտություն ունի կամ ինչ արհեստի է տիրապետում, որ ըստ այդ նրանց հրավիրի իր մոտ ախատանքի կամ համագործակցության: Նա նաև պատրաստակամություն հայտնեց Գյումրիում սիրիահայ գործարարներին տարածքներ տրամադրել բիզնես-գործունեություն սկսելու համար:
Հովնանյանը սիրիահայերի` Հայաստան վերադառնալու և հետագայում չհեռանալու հիմնական խնդիրը տեսնում է վստահության մեջ. “Մենք խոսել ենք ժողովուրդի հետ, բայց դեռ իրենք չեն որոշել, չգիտեն` պիտի վերադառնա՞ն, թե՞ ոչ: Իրենք վստահություն են փնտրում, որ կարող են այստեղ գործ սկսել: Դա մեզնից է կախված, պետք չէ ամեն ինչ կառավարության վրա դնել: Ժողովուրդն էլ պետք է հյուրընկալ լինի. մենք, որպես ժողովուրդ, չենք անում մեր պարտականությունները”:
Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա Վ. Հովնանյանն ասաց, որ կառավարությունն էլ իր հերթին պետք է արտոնություններ սահմանի սիրիահայերրի համար, որպեսզի նրանք կարողանան իրենց միջոցները հեշտությամբ ներդնեն մեր երկրում և որևէ գործ սկսեն:
Վահե Մակարյան

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply