«C’EST LA VIE» կամ` մտորումներ «գնալ-մնալու» մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 25, 2010 10:34

Նարեկ Դուրյան

(Զրույց դերասան, բեմադրիչ, սցենարիստ Նարեկ Դուրյանի հետ)

«Գնա՞լ, թե՞ չգնալ»` սա է հիրավի շեքսպիրյան այն հարցը, որը կարող է եթե ոչ մշտապես տանջել, ապա գոնե մերթ ընդ մերթ անցնել յուրաքանչյուր հայի մտքով։ Գնալու մասին է մտորում հայաստանցին, իրանահայը, բեյրութահայը, ռուսահայը, գուցեեւ ամերիկահայը (թեպետ այդ դեպքում օրինաչափ հարց է ծագում` էլ ու՞ր)։ Դրա մասին ես մտորում անկախ այն բանից, թե որ սերնդից ես` «սովետական», թե՞ «անկախ»։ Հայի համար «գնալը» դարձել է մետաֆիզիկական եզրույթ, իրականում կամ մտովի հավերժ գնալու եւ վերադառնալու հոգեվիճակ։ Հավիտենական հայոց հարց, որը չունի վերջնական լուծում…

Բայց կա գրեթե ելք հիշեցնող, ծանր տառապանքներով, դեգերումներով պայմանավորված մի ճանապարհ.«մնալով գնալ կամ էլ` գնալով »։ Մատների վրա կհաշվես նրանց, ովքեր այն գտել են։ Մեկը փայլուն արվեստագետ Նարեկ Դուրյանն է։

Անցյալ տարի հայ արվեստասերը շատ ջերմ է ընդունել Նարեկի բեմադրած «Մորաքույրը Փարիզից» եւ «C’Est la Vie» («Սա կյանքն ») պիեսները։ Առաջինը` Թոմաս Բրանդունի «Չարլիի մորաքույրը» ստեղծագործության հայկական տարբերակն է, հերոսները հույսները կապում են մի տիկնոջ հետ, որը գալիս է «հոս»։ Երկրորդն էլ մի հայի մասին է, ով երազելի«հոն» հասնելու համար ինչ հնարքների ասես չի դիմել եւ այնտեղ էլ հասկացել , որ արեւմուտք կոչեցյալն էլ մի բան չէ։ Մեր մամուլը շատ է գրել բուն ներկայացումների մասին, ուստի, զրույցը Նարեկի հետ ոչ այնքան պիեսների, որքան հենց նրա ընտրած այդ ճանապարհի` «գնալ-չգնալու» մասին է։

-«C’Est lA Vie»-ում հերոսի արկածները 100 տոկոսո՞վ էին ինքնակենսագրական…

-Չե, ես սահման չեմ անցել էդպես: Այդ ամենը լսել եմ ուրիշներից։ Դրանք իրական դեպքեր են, մատը խարտոցելուց սկսած(ոմանք հավատում էին, թե այդպես կարելի է բնությամբ տրված մատնահետքի պատկերը փոխել եւ խաբել ոստիկաններին.- Տ.Վ), վերջացրած երեխան գիրկը՝ մեծ մորը Լեհաստանի սահմանամերձ անտառում կորցնելը։ Այնքա՜ն էր ինձ ցնցել այդ պատմությունը, այդ միտքը, որ մարդ կարող է այդչափ երազել սահմանն անցնելու, Ֆրանսիա հասնելու մասին։ Ես անընդհատ մտածում էի, թե ինչպես կարող եմ այդ դրվագը մտցնել ներկայացման մեջ։ Դրա համար հերոսս խաբում է հորն ու սահմանն է անցնում: Մեր ժամանակ այլ էր։ Եթե համեմատենք մեր եւ այս տարիների արտագաղթը, ապա այսօրվանն ավելի շատ տնտեսական է, քաղաքական տեսակետից ասում են՝ ձեզ մոտ, Հայաստանում, ազատություն է, գրեթե չեն տալիս ապաստան: Իմ ժամանակ ասում էիր՝ Սովետից եմ, անձնագիրն էլ էին տալիս, մենակ թե Սովետին վատություն անեն: Ես չեմ տառապել անձնագրի համար, բայց մասնագիտական առումով, իհարկե, շատ էի տառապում: Որովհետեւ դերասան եմ, ի՞նչ պիտի անեմ:

-Եվ ինչպե՞ս ստացվեց քո աշխատանքն այնտեղ:

-Ես մոտ 13-14 տարեկանից, երբ պապան գնաց (Նարեկի հայրը հայ մեծ դիրիժոր Օհան Դուրյանն է, աշխատել է մոլորակի լավագույն մենակատարների եւ նվագախմբերի հետ :Տասնամյակներ առաջ չէր վերադարձել, այսինքն` մնացել էր արտասահմանում, ներկայումս Երեւանում է. – Տ.Վ.)։ Ես շատ էի ջազ սիրում: Ժամանակին դրանում մեծ դեր կատարեց Արմեն Հովհաննիսյանի 22:30 հաղորդումը։ Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ լսեցինք Օսկար Պիտերսոնին եւ ուրիշներին: Այդ երաժշտությունն ինձ համար հայտնագործեցի: Ձայնագրում էի, մագնիտաֆոնը 19 արագության փոխարեն 9-ի վրա էի միացնում, նոտաները դանդաղ լսում ու մեկ-մեկ հավաքում էի: Ու քանի որ բազան ունեի (ի վերջո, վեց տարի Սայաթ-Նովայի անվան դպրոցում եմ սովորել, բայց չավարտեցի, չէի սիրում, պապան էլ ասաց, թե չես ուզում` դուրս արի), ես բավական լավ սկսեցի ջազ նվագել։ Չունեի ջազային պատրաստվածություն, ականջով էի մեղեդիները հավաքում: Ավստրիայում ծամոններից ու Արեւմուտքի այլ քաղցր պտուղներից կշտանալուց հետո, հասկացա, որ այդ երկրում մնացողը չեմ: Իմը չէր, շատ սառը տեղ էր: Չէր դզում: Խոսակցություն կար, որ պապան պիտի Ֆրանսիա գնա, ասացի, որ ես էլ եմ գնալու: Բայց հենց Ավստրիայում ես արդեն սկսեցի լարված աշխատել իմ երաժշտության վրա, նույնիսկ սիմֆոնիաներ էի գրում, պապան պատռում էր: Գործիքավորումը բավական լավ սովորեցի 6-7 ամսվա մեջ: Ու եկա Մարսել: Այնտեղ տարբեր բաներ եմ արել՝ կոշկակարների մոտ եմ աշխատել (կապերի համար անցքեր էի բացում)…

Նարեկ Դուրյան

Դաշնակցական պարզ տղերք էին, Լիբանանից, Բեյրութի Բուրջ Համուդից։ Մինչեւ այսօր էլ, երբ առիթ է լինում, միշտ գալիս են ներկայացումներիս: Այն ժամանակ ծիծաղում էին վրաս: Հիմա որ գալիս են, առաջին շարքը բոլորն իրենք են առնում: Ապա բարմեն եմ աշխատել: Թերթ եմ վաճառել: Տանը չէի մնում, փողոցներում էի քնում։ Կապը կտրածի մեկն էի, գլուխս տաք, ասում էի՝ ես ոտքի կկանգնեմ, էս կանեմ, էն կանեմ, տուն կառնեմ։ Դե 20-21 տարեկան էրեւանցի տղա: Մի անգամ էլ շատ պատահական ինձ հրավիրեցին մի շատ լավ ջազ-ակումբ (մի օրիորդ հրավիրեց, ես փող չունեի): Ջազ-ակումբում խմեցի-խմեցի… Դաշնամուր նվագողը պետք է գնար մյուս օրը, մեկ ուրիշը պետք է նրան փոխարիներ: Ես էլ՝ քեֆս հազար, ասացի, թե ուզում եմ մի գործ նվագել, կարելի՞ է: Երեւի մտածեցին.«Դե կլիենտ է, լավ էլ սեղան է աղջիկը պատվիրել»` չառարկեցին: Մի երկու գործ նվագեցի, մի երկու բաժակ էլ խմեցի, ժողովուրդը, կարծես, արթնացավ: Երեւի, գլխավորը մի բան անելն է, անպայման չէ բարդ ջազ նվագել, կարեւորը ՔՈ ջազը նվագես, այն, ինչ նրանք չեն լսել: Դյուք Էլինգթոն բոլորն էլ գիտեն, բոլորն էլ նվագում են, իսկ Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինոն» չգիտեին, լսեցին` գժվեցի՛ն:

Զարմացած, հիացած իրար էին հարցնում՝ էս ի՞նչ է… Ես էլ՝ տեսնելով, որ դուր է եկել, սկսեցի բստրել, թե էդ Կարեն Խաչատուրյանը Սիբիրում է (այն ժամանակ Սովետի թեման լավ էր ծախվում): Հետո անցա «բլատնոյների» (գողական մեղեդիների), սկսեցի երգել… Վերջը տերն էկավ ու հարցրեց՝ կաշխատե՞ս: Ասացի՝ կաշխատե՛մ: Ասաց.« դե ուրեմն օրական 4 ժամ պետք է նվագես, 50 ֆրանկով »(դա երեւի այսօրվա10-ը եվրոյից էլ քիչ է: Նրանք էմիգրանտներին լավ էլ կարող են քամել): Ես ասացի`Օ Քեյ:Խմած էի… Մյուս օրն արթնացա, մտածեցի. «Մամա ջան, էս ի՞նչ եմ բերել գլխիս… ես 4 ժամ Ի՞ՆՉ ԵՄ ՆՎԱԳԵԼՈՒ…»: Թուղթն ու մատիտը վերցրել եմ, ինչ մուլտիկ, հաղորդում կար՝ հիշել եմ։ Կամաց-կամաց սկսեցի նվագել, բավական պնդացա, որովհետեւ էշի պես մինչեւ առավոտվա 4-ը նվագում էի: Գալիս էի տուն, 9-ին 10-ին արթնանում էի, վազում նոտաներն էի առնում, աշխատում էի, սովորում, սովորում…

-Իսկ հայրիկը ո՞նց էր նայում այդ ամենին:

-Շա՛տ լավ: Սկսեցի վաստակել. 50-ը դարձավ 100, 100-ը` 300, չորս ժամն իջավ երկուսի, սնունդը մտավ աշխատանքի մեջ՝ ակումբի խոհանոցի ուտելիքը համեղ էր:

Եկամուտս բարձրացավ: Դե, Մարսելն էլ նավահանգիստ է, բոլորն իմացան իմ մասին, ասում էին «պիանիստ ռուս», նրանց համար մեկ է` Սովետից ես, ուրեմն ռուս ես: Արդեն սկսեցի գրեթե ամեն օր նվագել, ընդ որում, ոչ միայն մեկ տեղում, երկու ժամ մի ակումբում էի, երկու ժամ `մյուսում: Իսկապես լավ փող էի վաստակում: Բայց… որ նոր էի գնացել, քաշս 55 կիլո էր, նվագելով գիրացա, դե ամբողջ օրը նստած, խմի սրա հետ, նրա հետ, դրան գումարած համեղ ուտեստները..: Չես կարող մերժել՝ վիրավորվում են։ Գիշերը երեքին հաց ես ուտում ու գնում քնելու:Գիշերային կյանք, չես շարժվում: Նստակյաց աշխատանք է, բայց լավ փող է բերում, որովհետեւ «սեւով» էր, հարկ չէի տալիս: Ցեխավիկի պես, գրպանումս միշտ փող կար… Մի խոսքով, եկավ մի պահ, երբ հասկացա, որ Մարսելում ես իմ լիմիտին եմ հասել: Ավելին այստեղ անել չեմ կարող։ Ամեն ինչի կենտրոնը մայրաքաղաքն է: Նորից պայուսակս վերցրեցի, մի լավ գումար ձեռքումս՝ հայդա Փարի՛զ: Էնտեղ էլ սկսեցի տարբեր տեղերում նվագել: Հայկական ներկայացում բեմադրեցի, «Քաջ Նազարը», սիրողական խմբի հետ, լավ ստացվեց: Թույլ տվեցին, որ ապրեմ, թղթերս օրինական դարձրեցի, ի վերջո, ֆրանսիական քաղաքացիություն էլ ստացա: Անուշի (տիկնոջ. – Տ.Վ.) հետ ծանոթացա: Կամաց-կամաց պնդացա, սկսեցի թատերական խմբեր բերել Երեւանից (արդեն Գորբաչովի ժամանակներն էր):

-Իսկ ո՞ւմ էիր տանում:

-Դա իմ խումբն Էր «Տրուբադուր» թատրոն ստեղծեցի Եվրոպայում, խաղում էինք մինչեւ 60 ներկայացում, հայ սփյուռքի համար դա չտեսնված ռեկորդ էր: Մինի-ավտոբուս ունեի, պիեսը պատրաստելիս, միշտ հիշում էի մի բան. դեկորացիաներն ու դերասաններս պիտի տեղավորվեն մինի-ավտոբուսում, 5 տեղ է ու վ՛երջ, ուրիշ պիես չեմ կարող գրել: Մենք խաղում էինք, ասենք, հինգշաբթի Լոնդոնում, ուրբաթ՝ Բրյուսելում, շաբաթ օրը` ուրիշ տեղ, կիրակի՝ մեկ այլ, եւ այդպես շարունակ:

-Խմբում հայե՞ր էին:

-Այո, բոլորը: Հայաստանցիներ: Գաղթօջախում պրոֆեսիոնալ դերասաններ չկան: Իսկ եթե կան, ապա գլուխը պահելու համար ստիպված են ֆրանսիական միջավայրում աշխատել: Հայ գաղութը չի կարող արվեստագետ կերակրել:

-Ուստի, ելույթները լինում էին հայերի առջեւ:

-Այո, միայն:

-Ե՞րբ էր առաջին վերադարձը Հայաստան՝ արտասահման տեղափոխվելուց հետո:

-Երկու տարուց:

-Ի՞նչ վիճակ էր:

-Սովե՛տ… Այդ երկիրը մի օրենք ուներ՝ ուզում ես 80 պետության անձնագիր ունեցիր, եթե Սովետից ես, գալիս ես քո սովետական անձնագրով: Ով ծնվել էր Սովետում, գնացել Սովետից, էնտեղ պատռել հին սովետական անձնագիրը եւ ուզում էր կոմունիստների օրոք գալ հայրենիք, պետք է այդ անձնագրից ստանար, որ գար ու տեսներ իր հարազատներին:

-Այսինքն, դա Գորբաչովից առա՞ջ էր:

-Այո՛, շատ առաջ, 1982 թիվն էր: Այն ժամանակ ես տարին մեկ-երկու անգամ գալիս էի:

-Պրոբլեմներ չէ՞ին լինում:

-Չէ, բայց դե սահմանին արդեն դողում էինք: Ուզես -չուզես, Մոսկվայով էինք գալիս: Փարիզ-Երեւան ուղիղ չվերթ չկար: Մեկ-մեկ Բեյրութից Երեւան կային ռեյսեր, բայց Եվրոպայից՝ կամ Կիեւով, կամ Լենինգրադով, կամ Մոսկվայով: Շերեմետեւո հասնելով, Սովետի պետական սահմանն էիր անցնում: Վախը կար, թեպետ ունեի արտասահմանյան անձնագիր, մշտական բնակության իրավունք, միեւնույն է.. Ես Փարիզում դեսպանատան բոլոր միջոցառումներին գնում էի: Բացիկներ էինք ստանում.«Սիրելի հայրենակից, դուք հրավիրված եք Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության տարեդարձի տոնակատարությանը»: Չգնալու տարբերակ չկար:

Դեսպանատանը ցույց էին տալիս «Լենինը հոկտեմբերին» կինոֆիլմը, բայց դե հետո էլ լավ հյուրասիրում էին խավիարով- բանով, իսկ ԿԳԲ-ականներն էլ փորձում էին խոսք քաշել, «վերբովկա» անել: Բոլոր դեպքերում էդ «պտիչկեն» դնում էին, ով գալիս էր, ստորագրում էր, հսկում էին: Դրա համար ամեն ինչ անում էի, որ խնդիր չստեղծեմ, գնում էի դրանց գրքերի խանութը, նույնիսկ խանութ մտնելիս էիր անունդ գրում: «Պրավդա» էի առնում,«Սովետսկայա լիտերատուրա», որ հարց չլինի, որովհետեւ մամաս էլ էստեղ էր (Խորհրդային Հայաստանում. – Տ.Վ.), ամեն ինչ անում էի, որ ոչ իրեն վատ լինի, ոչ էլ իմ ոտը կտրեն երկրից: Այն աստիճանի կարգապահ սովետական մարդ էի, որ նույնիսկ երկու անգամ ֆրանսիական գաղտնի ծառայություններն են ինձնով զբաղվել, փորձելով պարզել՝ կարո՞ղ է էս ռուսը սովետական լրտես է:

Ի դեպ, Սովետի ապուշություններից մեկն էլ՝ մենք կարող էինք Երեւան գալ ՄԻԱՅՆ տուրիստական խմբով, անհատական կարգով՝ ո՛չ: Ուղեւորությունն 8 օր էր, երկու օրը՝ գնալ-գալով կորցնում էիր Մոսկվայում, արանքում հազիվ ժամանակ էր մնում, որ մորս տեսնեմ: Որ իջնում էինք Երեւան, այդ խմբերի ղեկավարներին գիտեի՝ Չեխովից էին, (թիվ 55 դպրոցից. – Տ.Վ.) նոմենկլատուրային բալիկներ։ Ես նրանց ասում էի. «Տղերք, հասկանում եք, չէ՞, որ ես ձեր հյուրանոցում չեմ մնալու (ամեն ինչի՝ այդ թվում նաև հյուրանոցի համար վճարում էի), ես մամայիս տանն եմ մնալու: Ասում էին՝ ինչ ուզում ես արա, բայց որ նախաճաշին անպայման հյուրանոցում լինես »:Այսինքն, ես մինչեւ առավոտյան 5-ը էրեխեքի հետ էի նստում, առավոտյան 7-ին վազում էի (հիմա արդեն իսկապես կրծած) ,Կուկուրուզը, իբրեւ թե այդտեղ էի ապրում… Շրջագայություններ կային, որ պարտավոր էի ամեն անգամ խմբի հետ մեկնել. Սարդարապատ, տարբեր թանգարաններ, այդպես տակից դուրս էի գալիս:
-Այդ տարիներին, երբ դու հյուրախաղերով շրջում էիր Եվրոպայում, ե՞րբ հասկացար, որ նահանջ թատրոնից, այդ մասնագիտությունից այլեւս չկա, որ չես երազում ուրիշ աշխատանքի մասին:

-Գիտես, բանն այն է, որ ես բախտ ունեցա, որ դաշնամուրս լավ էր: Ես միշտ գիտեի, որ արվեստում եմ լինելու, եթե նույնիսկ թատրոնը չհաջողվեր, գիտեի, որ միեւնույն է կմնամ արվեստի մեջ: Չի եղել վիճակ, որ մտածեմ, թե այ եթե չի հաջողվի խաղալ, ապա կգնամ զոդող կաշխատեմ: Գիտեի, որ գոնե երաժշտությունը կա: Դրա համար չեմ կենտրոնացել այն մտքի վրա, թե ի՞նչ եմ անելու:

-Լեզուն շո՞ւտ սովորեցիր։

-Բավական շուտ, եւ ինչո՞ւ, որովհետեւ ես միանգամից հայտնվեցի ֆրանսիական շրջապատում: Մարսելը գիշերային նավահանգստային քաղաք է, այնտեղ առանց լեզուն իմանալու ապրել չես կարող: Ֆրանսիացիները զարմանքով նկատում են, որ հաճախ ֆրանսերեն խոսում եմ թմրադեղ վաճառողի, պոռնիկի, կավատի, հանցագործի կամ ոստիկանի սլենգով: Այնտեղ՝ Մարսելի գիշերային կյանքում, ում ասես չէիր հանդիպի՝ կորսիկացու, իսպանացու, սիցիլացու: Ես այդ խոսքերն իրենցից էի սերտել, լեզուն չգիտեի, նրանց էի լսում: Այսօր էլ, երբ ֆրանսիացիների հետ զրուցելիս, հանկարծ որեւէ արտահայտություն սլենգով եմ ասում, նրանք զարմացած հարցնում են.- «Դուք Մարսելի՞ց եք»: Ես շատ արագ սովորեցի լեզուն, չէի ամաչում, խոսում էի, ճիշտ-սխալ՝ միեւնույն է խոսում էի, դա է օգնել:

-Իսկ երբ լեզուն հաղթահարվեց, ցանկություն չառաջացա՞վ գնալ հենց ֆրանսիական թատրոն, տեսնել, թե նրանք ինչպես են աշխատում, նրանցից էլ մի բան սովորել:

-Թատրոններ շա՛տ էի գնում, ներկայացումներ շատ եմ տեսել, եւ մինչեւ հիմա էլ գնում եմ: Բայց թերեւս զարմանալի մի բան ասեմ, երբեք չեմ ունեցել ֆրանսիական թատրոնում աշխատելու ցանկություն: Ինչո՞ւ, չգիտեմ: Մի ուրիշ բան էլ կա. ես հայերենով լավ դրամ էի վաստակում: Իմ խմբի էրեխեքն էլ: Անվերջանալի հյուրախաղեր էին՝ մի ամիս Արգենտինա, հետո Ուրուգվայ, Կանադա, անընդհատ ճամփորդություններ: Ինձ ինչ-որ իմաստով հաջողվեց իրար կպցնել Հայաստանն ու Ֆրանսիան:

Ինձ բացարձակապես չի հետաքրքրել ՄԻԱՅՆ Ֆրանսիան: Իմ սիրած սինթեզը այն է, ինչ հիմա անում եմ այստեղ, ես իմ ֆրանսիական պասպորտն ունեմ, Ֆրանսիայում իմ տունն ունեմ, այդ իմաստով հանգիստ եմ: Ես կարողացա իրար սինթեզել եվրոպական բարձր մշակույթ-կյանքը եւ մեր հայրենի մշակույթ-կյանքը: Դրա համար էլ երբեւէ չեմ սեւեռվել այն մտքի վրա, որ մտնեմ բուն ֆրանսիական թատրոն: Ինչի՞ համար, որ մեկ տուն ավել ունենա՞մ: Ինձ դա չէր հետաքրքրում:Կինս լավ է վաստակում, ես լավ եմ վաստակում, այո, շատ հարուստ չենք, բայց լավ, նորմալ « միջին բուրժուա » սանդղակի վրա ենք, մեքենաներ ունենք, ամռան ամիսներին շրջագայում ենք, երբեք չեմ ունեցել այդ ձգտումը՝ վաստակել ավելի շա՛տ, էլի՛, էլի՛: Իսկ Հայաստանն ինձնից որ հանես, ես իսկապես կմեռնեմ, սա «ախպարի» խոսք չէ: Երեսուն տարի է էնտեղ եմ ապրում: Հնարավոր է, որ նախադասությանս մեջ ինչ-որ ֆրանսիական երանգ հայտնվի, մեկ ել ,փախցնեմ, հանկարծ ասեմ`«bon ,merci,pardon»: Ինչպես այստեղ ռուսերեն կասենք, օրինակ, «պամիդոր ,վ պրինցիպե, վաբշե-տո ,կստատի»… Բայց ոչ լեզուս, ոչ էլ մտածելակերպս առանձնապես չեն փոխվել:

Կինս երբեմն ասում էր.«Մի բան արա, մտիր ֆրանսիական թատրոն», պատասխանում էի. – «Անո՛ւշ, եթե ես պետք է Մոլիեր բեմադրեմ նրանց համար, դա նրանց պետք չէ, այնքա՛ն Մոլիեր անողներ կան»: Այս ներկայացման՝«C’Est la Vie»-ի օրիգինալը, որը կոչվում է «Dei Merci»,«Աստված, շնորհակալություն», ես վե՛ց ամիս շարունակ խաղացել եմ Ֆրանսիայում: Կա մի թատրոն՝ Theatre Dejazet, որը ըստ ոչ պաշտոնական վիճակագրության, Փարիզում 12-13-րդ տեղում է: Ինչը շատ մեծ ցուցանիշ է Փարիզի համար, քանի որ այդ քաղաքում ԱՄԵՆ ՕՐ միջինը 480 ներկայացում են խաղում: Էդ խեղճ հանդիսատեսն ու՞ր գնա, հետո՞ ինչ, որ 10 միլիոնանոց քաղաք է: Էլի մի 5-6 տոկոսն է թատրոն գնում: Այդ 480 ներկայացումներից 30 տոկոսն ապրում է մի օր: Մյուս օրն արդեն նոր ներկայացումներ են խաղում: Եվ էդ կոնվեյերում, դու պետք է քո գլուխը հանես վերեւ, չնայած այնտեղ աշխարհահռչակ աստղեր են,Ժերար Դեպարդիեն, Ժան-Պոլ Բելմոնդոն, ուրիշները։ Այդ թատրոնում ես իմ ներկայացումը փակ դիտման դրեցի, ֆրանսերենով: Մենեջերը տառացիորեն հաջորդ օրն ասաց՝ «Ես ձեզ վերցնում եմ մեկ ամսով, հետո կտեսնենք»:

-Ի՞նչ սյուժե է:

-Սյուժեն հետեւյալն է, քանի որ ես չէի կարող Պարույր Սեւակի կամ Մարտիրոս Սարյանի մասին պատմել, օդանավով Հայաստան գալու փոխարեն, ես այնտեղ բարում եմ աշխատում, անունս Մելս է, Սովետից եմ եկել, տերն ինձ անընդհատ անվանում է Իվան: Դաշնամուր եմ նվագում եւ ընդմիջման ժամանակ պատմում եմ: Նույն բանն է մոտավորապես. ինչպես եմ գնացել բանակ, սահմանները կտրել անցել եւ այլն: Բայց հերոսը ոչ թե Նարեկ Դուրյանն է, այլ Մելսը, որը դեռ«թուղթ» չունի, «սեւով» է ապրում-աշխատում: Անուշիկի կերպարը, որ «C’Est la Vie»-ում կա, իսկապես կինս է, իսկ «Dei Merci»-ում Մելսն իրենից 15 տարով մեծ կին ունի: Ֆրանսիացիները սրան ասում են՝«ամեն տարիք իր պտուղներն է բերում եւ պիտի իմանաս` ինչպես համտեսես: Դա շատ սիրուն ներկայացում է, այսպիսին է մոտավորապես դրա ստրուկտուրան. այ ես հիմա ամեն ինչ ունեմ՝ կին, էս էլ ունեմ, էն էլ, ձեր ազատությունն էլ տեսա:«Dei Merci»-ում ավելի շատ են համեմատությունները դիկտատուրայի հետ, քանի որ էդ տղան, կարծես, հարցնում է.«Սովետից փախանք, ամեն ինչ արինք, լա, էս ա՞ էդ ազատությունը»:

-Այո, ֆրանսիացիների համար դա հետաքրքիր էր:

-Շա՛տ։ Այնտեղ մի կայք կա (այսօր ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ են գրում թատրոնի մասին, թատերասերներն իրենց կայքն են բացել, որտեղ եւ հրապարակում են տպավորությունները: Աստղանիշով գնահատական են տալիս, ինչպես հյուրանոցների կարգն է սահմանվում՝ 1-ից 5: Երկու բառով կարող են ոչնչացնել՝ սարսափ է, մի՛ գնացեք), ամեն երեկո տանը մտնում էի ինտերնետ եւ դողալով էջն էի բացում: Մոտ հազար արձագանքից երկու-երեքն էին բացասական։ Միշտ տրվել է 4-5 աստղ: Հավատա, այդ ներկայացումը միշտ եղել է լավագույնների ցանկում: Վեց ամիս մնացի բեմի վրա։ Մեկ ամիսը դարձավ երկու, երկուսը` երեք, չորս, հինգ, վեց։ Դա գիտե՞ս ինչ է Փարիզում: Հետո սկսվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ բոլոր թատրոնների համար մեռյալ շրջան, վախեցանք շարունակել: Թատրոնի տերն ասում էր՝ խաղա, բայց ես որոշեցի, որ բավ է։

-«C’Est la Vie»-ում կարոտա՞խտ է Սովետի հանդեպ։

-Ինչ ապրել, զգացել, գրել եմ: Բացարձակ անկեղծ, նույնիսկ կնոջս մասին ինչ ասես պատմում եմ: Հենց էնպես չեմ ասում այս նախադասությունը:Ես Սոլժենիցինի, Զինովեւի, Բուկովսկու գրքերով սրսկված, էսօր կարոտում եմ Սովետը: Կտոր կտոր եմ եղել Սովետում: Հավատացել եմ Արեւմուտքի դեմոկրատիային, երազել եմ գնալ Սովետից։ Ես Փարիզում աշխատում եմ, տուրքեր եմ տալիս, ուրեմն ես իրավունք ունեմ այդ հարցերը տալու: Հեռուստատեսությամբ վիճել եմ ֆրանսիացի դեպուտատի հետ: Նա վերջում ասաց. «Գիտեք, որպես մարդ համաձայն եմ ձեզ հետ, որպես քաղաքական գործիչ՝ ոչ»: Ես էլ պատասխանեցի՝ երկրորդն ինձ հարկավոր չի, ինձ մարդն է պետք: Չեմ դրել նպատակ ինչ-որ բան քարոզելու: Ես իսկապես պատմել եմ այն, ինչ ինձ հետ եղել է: Իսկապես մտածել եմ, որ գուցե պիտի բանտում հայտնվես, որ ազատ մարդ լինելու գինը հասկանաս: Կատեգորիկ դեմ եմ, որ դերասանը ինչ-որ լուծում առաջարկի բեմից: Դու կարող ես պատմել այն, ինչ զգում ես, տեսնում ես: Թող իրենք մտածեն: Այն պահից, երբ դերասանը մեկի շեփորն է դառնում, ինչ-որ լուծում է տալիս, այդպիսի դերասանին դարեր շարունակ անվանել են ծաղրածու, Արքային կցված, որ գահի մոտ նստած սուր բաներ է ասում, որոնք բոլորը հասկանում են, բայց եւ բոլորը գիտեն, որ դա թագավորի ծաղրածուն է: Դա ինձ երբեք չի հետաքրքրել: Նույնիսկ ,Մորաքույրում էլ աշխատում եմ նույն սկզբունքով՝« սփյուռքին էլ`լվամ, մերոնց էլ լվամ»:

-Հայրենիքից օտարանալու վտանգի վախ լինո՞ւմ է:

– Իհարկե: Միայն ինձ մոտ, քեզ մոտ չէ: Սոլժենիցինը որ Սոլժենիցին էր, երբ վերադարձավ Ռուսաստան, չէր կարողանում համակերպվել, փոխվել էր երկիրը: Ցավալի է, որ այստեղ էլ է ծլում-ծաղկում այն, ինչից փախչում են Արեւմուտքից՝ մակդոնալդները, պիցցահաթերը։ Ցավալի է այստեղ էլ տեսնել այդ թխած աստղերին, որ մի վայրկյանում ծախվում են: Դու էդ ամեն ինչը, ավելի վատ կերպով քո երկրում ես տեսնում: Ասենք, օրինակ, եթե Փարիզում տեսնում եմ, որ մի ծեր կին մտնում է ավտոբուս, եւ երիտասարդը տեղից չի վեր կենում, ես այնտեղ դրա վրա ուշադրություն չեմ դարձնում, բայց Երեւանում չեմ կարող դա կուլ տալ: Մարդիկ շատ են փոխվել, որովհետեւ դրամը, կենցաղը, չափանիշները, արժեքները փոխվել են: Օրինակ՝ ես վեց ամիս այստեղ եմ, արդեն «դոզայի» մեջ եմ, արդեն զգում եմ, որ մի երկու ամսով պետք է «այնտեղ» հայտնվել:
-«Մորաքույրի» մեջ հարցադրում կա՝ հիմա էստե՞ղ, թե՞ էնտեղ:

– Շատ բան կա, որ ինձ նեղում է Երեւանում: Սկսած նրանից, որ մեկը մյուսին կպնում է, բայց շուռ չի գալիս ասի՝ ներողություն: Վերելակ եմ մտնում, ասում եմ՝ բարեւ ձեզ: Մարդիկ սովոր չեն բարեւելու: Ես չեմ սիրում, որ տաքսիստին 100 դրամ ավելի եմ տալիս, եւ նա չի ասում մերսի: Էդ դեռ ես եմ ասում մերսի `ավել փողի դիմաց, ինքն էլ պատասխանում է՝ չարժի: Կարմիր լույսի տակ անցնելու, արագությունը չիջեցնելու, էդ ,1111, ,0000 համարների վրա առաջին երկու ամիսն ուշադրություն չէի դարձնում: Բայց վեց ամիս հետո սկսում է ազդել: Ես 30 տարի սովորել եմ, որ երբ հոսանքն անջատում են, դրանից մի երեք օր առաջ գրություն են փակցնում՝ «ներեցեք մեզ, այսինչ կամ այնինչ պատճառով այսքան ժամանակ հոսանք չի լինի։ Այստեղ1500 եվրոյանոց համակարգիչս փչացավ՝ լույսերը գնացին: Հիմա կասեն՝ կենցաղային բաներ է ասում, բայց ես սովոր չեմ այդպիսի բաների: Զայրացնում է: Հիմա իմ երեխաներն այստեղ են, նայում եմ աչքերին, ոնց որ ուրիշ մոլորակից լինեն: Իրենք էլ արեւածաղկի սերմ են չրթում, բայց միեւնույն է` ուրիշ մոլորակից են: Եթե ես գնամ այդ մոլորակ, երեք ամիս հետո ուզելու եմ հետ գալ: Սա է ողբերգությունը: Ես ելք չեմ տեսնում, ես դեռեւս չեմ կարող ՄԻԱՅՆ այստեղ կամ ՄԻԱՅՆ այնտեղ ապրել: Այստեղ պետք է լինեմ, մինչեւ Երեւանը ոտքի կանգնի…

– «Գնալ-գալով» մենք կարող ենք զգալ, որ հասարակարգն է փոխվում, մարդիկ, ուրիշ բարքեր են տիրում: Բայց կան նաեւ լավ բաներ, չէ՞, գեղեցիկ սրճարաններ, լույսը ավելի շատ է, մարդիկ ավելի լավ են հագնվում, փողոցում երեկ տասը մուրացկան էր, այսօր երեքն է: Ինչ-որ դրական միտումներ նկատո՞ւմ ես:

-Իհարկե: Նախ ես միշտ ասում եմ մի բան, որը շատերը չեն ընդունում: Ասում եմ՝ երկրի լավ վիճակի մասին խոսում են… խցանումները: Եթե խցանում է, ուրեմն ավտոները շատ են, եթե շատ են՝ ուրեմն կյանքը լավանում է, չէ՞… Ինձ ասում են՝ էդ հարուստներն են, նրանց ընտանիքներում յուրաքանչյուրը երեք ավտո ունի: Եթե այդքան հարուստ կա քաղաքում ու նրանք իրենց ընտանիքներով կարող են այս խցանումները ստեղծել, ուրեմն սա զիլ երկիր է: Հաստատ: Ես տեսնում եմ, որ մարդիկ վարկերով մեքենաներ, այլ բաներ են առնում։ Ուրիշ բան էլ է զարմացնում: Այսքան աֆիշները, որ շարված են։ Կմաքրվի: Ինձ Երեւանը շատ է հիշեցնում Ֆրանսիայի 50-60-ականները: Երբ Ժան-Պոլ Սարտրը, Էժեն Իոնեսկուն, Սեմուել Բեքեթը գրում էին, նրանց Եվրոպայում սկզբից չէին կարդում: Բայց մաքրվեց, աղբն էլ մեջտեղից դուրս եկավ: Հիմա մենք չունենք Սարտր, գուցե, բայց ուզում եմ հավատալ, որ լավ է լինելու: Մի վախ ունեմ միայն, որ այդ լավը հանկարծ չվերացնի մեր համն ու հոտը, չդառնանք ստանդարտ ամերիկյան պատճենով պետություն, ինչպիսին դառնում է այսօր Ֆրանսիայի պես հզոր արմատ ունեցող երկիրը: Մաքդոնալդները, պիցցահաթերը, «chewing gum»-ները ֆրանսիական հռչակավոր գաստրոնոմիան ոչնչացրին, ջինսը ֆրանսիական հագուստը կերավ, ամերիկյան կինոն ֆրանսիականին խժռեց… Բայց մի բան էլ այստեղ շատ-շատ է ուրախացնում՝ երիտասարդությունը, ֆանտաստիկ էրեխեք են, հավատա՝ ամե՛ն ինչ գիտեն: Սա է ապագան։

Օդանավակայանում տեսա մի զարմանալի գովազդ, բջջային կապի օպերատորներից մեկի ուրախ, ալ գույներով պատկերված լոգոն էր, որից անջատված եւ դեպի Արեւելք էր ուղղված մի սլաք այս գրությամբ՝ «Հայաստան»։ Իսկ Արեւմուտք նայող սլաքի գրությունն էր «Armenia»… Ակամա մտածեցի, որ հեքիաթի հերոսի պես՝ կանգնել ենք երկու սլաքների առաջ, շփոթված, չգիտենք, որ կողմ գնալ։ Գնում ենք «հոն», կարոտը խեղդում է, երազում ենք վերադառնալ«հոս»։ Չենք գնում, խեղդում են «1111»,«0000» -ները, նորահարուստի, իրավապահի, իշխանավորի լկտիությունը, փողոցը կտրող մահկանացուի վրայով անցնելու, նրան լլկելու, ստորացնելու այդ անօրենների անհագ ծարավը։ Հուսահատվում, էլի ուզում ես «հոն», սակայն դրսում երկար չես դիմանում, չես կարողանում «հոս»-ի հաստավիզների հետ մեն-մենակ թողնել այն հրաշք մատղաշ ջահելներին, ովքեր մի օր երկիրն ու քաղաքը անպայման կդարձնեն ՀԱՅԱՍՏԱՆ ու ԵՐԵՎԱՆ, եւ սլաքները տարբեր կողմեր այլեւս չեն ցույց տա։

Դժվար առաքելություն է, ծանր է բեռը, որն իրենց ուսերին են տանում Նարեկ Դուրյանի նման մարդիկ…

Տիգրան Վարդանյան, լրագրող, Երևան-Պրահա

Դիտվել է 2353 անգամ:
Print Friendly

Leave a Reply