Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Օտտավայում

Պաշտոնական, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2012 14:26

Սեպտեմբերի 21-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքապետարանի դիմաց Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկեցին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում:
Նույն օրը երեկոյան Կանադայում ՀՀ դեսպանությունը Օտտավայի համալսարանի «Տաբարե» դահլիճում կազմակերպել էր տոնական համերգ:
Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Իր ուղերձում ՀՀ դեսպանը խոսեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից, ներկայացրեց հայոց պետականության կայացման փուլերը: ՀՀ դեսպանը կարևորեց հայ-կանադական հարաբերությունները` նշելով, որ Կանադայի պես բարեկամական պետությունների զորակցությունը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար: Դեսպան Եգանյանը նաեւ ընդգծեց սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետության համար` մատնանշելով Կանադայի հայ համայնքի ներգրավվածությունը հայրենիքի զարգացման և բարգավաճման գործում:
Կանադայում ՀՀ անկախության 21-րդ տարեդարձը նշվեց ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եռյակի (Շելլ) և սոպրանո Իրինա Զաքյանի կատարումներով: Համերգին ներկա դիվանագետներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, համայնքային կառույցների ներկայացուցիչներին մատուցվեցին հայ և այլազգի անվանի երգահանների ստեղծագործությունները:
Երաժիշտները, ում կատարումները մեծ խանդավառությամբ ընդունվեցին ներկաների կողմից, ՀՀ անկախության օրվա առթիվ համերգներ կունենան նաև Մոնրեալում և Տորոնտոյում:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply