Կենսաթոշակային բարեփոխումներ. ի՞նչ է սպասում թոշակառուներին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 24, 2010 18:12

Արա Նռանյան. «Ես վստահ եմ, որ այս օրինագիծը կառավարությունն ընդունում է, որպեսզի կուտակված գումարները դուրս հանի երկրից»

Կառավարությունն ԱԺ օրակարգ է ներկայացրել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթ, ըստ որի` աշխատողներն իրենց կենսաթոշակային վճարումների մի մասը կատարելու են 3 տիպի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներում: Դրանք իրաից կտարբերվեն ռիսկայնության աստիճաններով:

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանի կարծիքով` կառավարությունը, օգտվելով քաղաքացիների ծանր սոցիալական վիճակից և ցածր կենսաթոշակների առկայությունից, ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների մի փաթեթ, որը փորձ է խաղալ քաղաքացիների նյարդերի վրա. «Կառավարությունն ասում է.  մենք կիրառում ենք արդարության սկզբունք, որը հնարավորություն է տալիս տարբերակված մոտեցում ցուցաբերել տարբեր չափով կամ տարբեր ծավալներով կենսաթոշակային վճարումներ կատարած քաղաքացիների կենսաթոշակները վճարելիս, այնինչ բերելով այս հիմնավորումները` կառավարությունը գնում է կենսաթոշակային հիմնադրամի փաստացի մասնավորեցման ճանապարհով»:

Եթե գործող կենսաթոշակային համակարգում թոշակները բաշխելիս հաշվի է առնվում միայն թոշակառուի ստաժը, ապա նոր համակարգով հաշվի է առնվում նաև աշխատավարձի չափը:

Նռանյանն ասում է, որ առկա խնդիրները լուծելու համար, այն է` հասարակության ծերացումը, ավելի բարձր կենսաթոշակներ վճարելու անհրաժեշտությունը, արդարության հիման վրա կենսաթոշակային չափի որոշումը, կառավարությունը գնում է ծայրահեղ նեոլիբերալ ճանապարհով.«Համակարգը կարելի է կարգավորել կենսաթոշակային այլ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով: Շատ զարգացած երկրներում, օրինակ` ԱՄՆ-ում, գործում է պայմանական կուտակային համակարգ: Ըստ այդմ` կենսաթոշակը հաշվարկվում է բարդ բանաձևի հիման վրա, որում առկա է երկու գործոն, մեկը ստաժն է, մյուսը տարիների ընթացքում կատարված կենսաթոշակայն վճարի չափը: Այս դեպքում ռեալ գումարներ չեն կուտակվում, որևէ հիմնադրամ այս գումարները չի տնօրինում, տարբեր բանկերում կամ բաժնետոմսերում չի ներդնում, որպեսզի հետո այդ շահույթից վճարումներ կատարի»:

Նռանյանն ասում է, որ իրենք կողմնակից են պայմանական կուտակային համակարգի, որի սկզբունքն այն է, որ կուտակային համակարգի գաղափարը ներդրվում է քաղաքացիների անհատական հաշիվների վրա, և քաղաքացիներն այդ հաշիվների հիման վրա էլ հետագայում կենսաթոշակ կստանան. «Քաղաքացին շահագրգռված է ավելի մեծ կենսաթոշակային վճար կատարելու համար, որպեսզի միևնույն ստաժ ունենալու դեպքում ստանա ավելի շատ կենսաթոշակ»:

Մինչդեռ տնտեսական վերլուծաբան Հարություն Խաչատրյանը անվերապահորեն դրական է գնահատում կառավարության ձեռնարկած կենսաթոշակային բարեփոխումները. «Դա շատ մեծ, հաջող ու հեղաշրջող քայլ է, ամբողջ աշխարհում էլ գործում է մասնավոր կուտակային կենսաթոշակային համակարգերի սկզբունքը»:

Փաթեթով նախատեսված է, որ նախկին 10 տոկոս եկամտահարկի փոխարեն աշխատավարձից գանձվի 26 տոկոս, ընդ որում, եթե այժմ նվազագույն աշխատավարձից եկամտահարկ չի գանձվում, ապա նորով 26 տոկոս կպահվի նաև նվազագույնից: Բացի այս 26 տոկոսից, մինչև 40 տարեկան քաղաքացիները պարտադիր 5 տոկոս եկամտահարկ են վճարելու մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին, որի համար պետությունը ևս 5 տոկոս վճարելու է բյուջեից:

Հարություն Խաչատրյանն ասում է, որ կուտակված կենսաթոշակային վճարները «երկար» փողեր են, որոնք կարելի է ներդնել տնտեսությունում

«Ես վստահ եմ, որ այս օրինագիծը կառավարությունն ընդունում է, որպեսզի կուտակված գումարները դուրս հանի երկրից,- ասում է Նռանյանը,- մեր տնտեսությունն ի վիճակի չէ կլանել այդքան գումարներ: 2009 թ. ընթացում կառավարությունը1.5 մլրդ դոլարի չափ վարկային միջոցներ ներգրավեց, դրանց մի մասը իրականում տեղադրված է պահուստներում և հիմնականում` արտաքին հաշիվների վրա: Ինչու՞, որովհետև մեր տնտեսությունն ի վիճակի չէ այդ գումարները կլանելու, և դա ակնառու երևաց ճգնաժամի ժամանակ»:

Սակայն Խաչատրյանն ասում է, որ համակարգի ներդրման արդյուքնում կառաջանա փողերի ավելցուկ, որը կարելի է ներդնել ցանկացած ոլորտում. «Այն ոլորտում, որտեղ նպատակահարմար ու շահավետ կհամարի ներդնողը: Ընդ որում, կարևոր չէ, թե որտեղ կներդրվեն այդ փողերը, դրսո՞ւմ, թե՞ ներսում: Դրանք քնած ու «երկար» փողեր են, որոնց կարիքը տնտեսությունը միշտ էլ ունի»:

Նռանյանն ասում է, որ չարժե ժողովրդին խաբել, թե քաղաքացու վճարած 5 տոկոսի դիմաց 5 տոկոս էլ բյուջեից է վճարում. «Այդ բյուջեն հավաքվում է նույն քաղաքացիների վճարած հարկերից, իսկ պետությունը դա օտարում է մասնավորին: Ու դա անում է այն հիմնավորմամբ, թե քաղաքացու համար նվազագույն կենսաթոշակ է ապահովում»:

«Սա մեկ, որ քաղաքացու վրա հարկային բեռը ավելացավ,- ասում է Նռանյանը,-  ու, եթե դու ուզում ես ավելի բարձր աշխատավարձ ստանալ, գործատուն պետք է ավելի շատ գրի, որ քո ուզած գումարը ստացվի: Մյուս կողմից, եթե պետությունն իր կողմից 5 տոկոս է դնում. դա բյուջեի վրա բեռի ավելացում է»:

Դաշնակցական պատգամավորն առաջարկում է կիրառել մի շարք եվրոպական երկրներում, օրինակ` Գերմանիայում կիրառվող կենսաթոշակային բարեփոխումների համակարգը, որով քաղաքացու հաշվին գրվում է, թե ինչքան կենսաթոշակային վճարներ է կատարել  նա տարիների ընթացքում: «Եթե քո աշխատավարձը ավելի բարձր է, ու դու վճարել ես ավելի բարձր հարկեր, կամ դու ստվեր չես ունեցել. թափանցիկ ես եղել, քո կենսաթոշակը ավելի բարձր է լինում, քան այն քաղաքացունը, որը ավելի քիչ վճարումներ է կատարել»,- ասում է Նռանյանը:
Տնտեսագետ Խաչատրյանն ասում է, որ բարեփոխումների արդյունքները կերևան միայն 10 տարի հետո. «Եվ միայն այստեղ եմ վտանգ տեսնում, թե այդ 10 տարվա ընթացքում պետությունը կունենա ՞ արդյոք բավարար եկամուտ` վճարելու թոշակառուների կենսաթոշակները, քանի որ նախագծի ընդունման դեպքում սոցվճարումները վերանում են»:

Եվ եթե Նռանյանի կարծիքով գումարների կուտակումը ռիսկային է, որովհետև տարիների ընթացքում տարբեր ճգնաժամերի հետևանքով դրանք կարող են ենթարկվել դեֆոլտի կամ արժեզրկվել, ապա Հարությունյանն ասում է, որ, իհարկե, դա ռիսկային է. «բայց ռիսկ ամեն տեղ էլ կա, և ոչ ոք էլ ռիսկից 100 տոկոսով ապահովագրված չէ»:

Դիտվել է 2979 անգամ:
Print Friendly

Leave a Reply