Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Մոսկվայում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 24, 2012 14:39

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների եւ Մոսկվայում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ռուսաստանյան քաղաքական, հասարակական ու մշակույթի ոլորտի հայտնի գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ:

Պաշտոնական հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: Անդրադառնալով ՀՀ անկախության տարիների առանցքային նվաճումներին` ՀՀ դեսպանը նշեց, որ, Հայաստանն այսօր արագընթաց տեմպերով շարժվում է առաջ եւ հանդիսանում է միջազգային հանրության վստահելի անդամ: Դեսպան Եսայանն ընդգծեց նաեւ, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի 15-ամյակը` ավելացնելով, որ վերջիններս նշանակալի իրադարձություններ են երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող բազմաշերտ հարաբերությունների շրջանակներում:

Ելույթով հանդես եկավ նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մարգուլովը: Իր խոսքում անդրադառնալով հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների առանցքային կետերին՝ նա ընդգծեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը նախորդ 21 տարիների ընթացքում անցել են փոխգործակցության փայլուն օրինակներով հարուստ ճանապարհ: Պրն. Մարգուլովը բարձր գնահատեց հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ կարեւորելով երկու պետությունների սերտ համագործակցությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Պաշտոնական ընդունելությունը շարունակվեց համերգային ծրագրով: Ընդունելությանը զուգահեռ կազմակերպվեց նաեւ հայ ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդես:

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply