Վաղը ԵՊՀ-ում կմեկնարկի «Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը» թեմայով գիտաժողովը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2012 11:47

Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը Գերմանախոս երկրների նախկին շրջանավարտների միավորման (DAAD Alumni) հետ համատեղ սեպտեմբերի 25-27 կազմակերպում է միջազգային գիտաժողով «Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը» թեմայով աշխարհահռչակ սոցիոլոգ Թոմաս Լուկմանի մասնակցությամբ:
Միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 9:00-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում (ԵՊՀ գլխավոր մասնաշենք, 4-րդ հարկ):
Ֆենոմենոլոգիական սոցիոլոգիայի դասական, սոցիալական կառուցակցման տեսության հիմնադիր, կրկնակի դոկտոր, պրոֆեսոր Թոմաս Լուկմանը «Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը» միջազգային գիտաժողովին հանդես կգա հատուկ ելույթով:
Միջազգային գիտաժողովին մասնակցելու են շուրջ 74 գիտնականներ ու հետազոտողներ 12 երկրների առաջատար համալսարաններից` Մյունխենի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Հանս-Բերնդ Բրոզիուսը, Պոտսդամի և Բեռլինի ազատ համալսարանի դոկտոր պրոֆեսոր, Վոլֆգանգ Լաութերբախը, Հռոմի “La apienza” համալսարանի պրոֆեսորներ Էնրիկո Պուգլիեսեն և Մարիա Մակիոտին, Էդինբուրգի Napier համալսարանի դոկտոր Մարինա Շապիրան, Կոնստանցի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Յոխեն Դրեհերը և այլք:

Կոնֆերանսի բացմանը ելույթ կունենան`
• ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը,
• ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը,
• Երևանում DAAD (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերը,
• «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի ավագ վերլուծաբան, ս. գ. թ. Սամվել Մանուկյանը:

«Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը» գիտաժողովի աջակիցներն են Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) և «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը:
«Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից սահմանված ամենամյա «Այ Փի Էս Սի մրցանակ»-ն այս տարի կշնորհվի պրոֆեսոր Թոմաս Լուկմանին` Հայաստանում սոցիոլոգիայի զարգացման գործում նշանակալի ավանդ ունենալու համար:

Դիտվել է 1722 անգամ:
Print Friendly

Leave a Reply