«Դպրոց-կենտրոնների միությունը» ազդարարել է գործունեության մեկնարկը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2012 13:08

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած կլոր սեղան-քննարկմամբ ազդարարվել է “Դպրոց-կենտրոնների միություն” իրավաբանական անձանց միության գործունեության մեկնարկը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
“Կրթական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների բարեհաջող ընթացքն ապահովելու համար նախարարությունը, որպես կրթության ոլորտի քաղաքականությունն իրականացնող մարմին մասնագիտական հանրույթի աջակցության անհրաժեշտություն ունի: Բազմիցս խոստովանել եմ, որ գրեթե չկա որևէ կրթական նորամուծություն, որի կապակցությամբ մասնագիտական հանրույթի կարծիքը չտրոհվի: Հետևաբար, Հայաստանում հանրակրթության ոլորտի մասնագիտական մտքի համախմբումն առաջնային խնդիր է, որի կարիքը մենք ունենք, որպեսզի դյուրին լինի նախարարության համար իր քաղաքականությունը տեղերում կյանքի կոչել”,- մասնավորապես նշել է նախարարը և հավելել, որ նոր միությունը դիտարկվում է որպես գործընկեր, որին նախարարությունը պատրաստ է որոշակի առաքելություն պատվիրակել` հարթակ հանդիսանալու Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները կենտրոնացնելու ու տարածելու համար:
“Այս միությունն իր կարևոր դերակատարությունը կունենա, որպեսզի կարողանանք օբյեկտիվ պատկեր ունենալ տեղի ունեցող գործընթացների մասին, հեշտությամբ կարողանանք տարածել փորձը, նախարարության որոշումները ճիշտ հասնեն հասցեատերերին ու անխափան իրականացվեն: “,- նշել է Ա. Աշոտյանը:
Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարը նշել է, որ գալիք տարվանից դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը կփոփոխվի և ավելի կբարդանա: “Երբ գործընթացը նոր էր մեկնարկում բնականաբար պետք է սահմանավեր նվազագույն շեմ, բայց դա այսօր արդեն բավարար դիտարկել չի կարելի, գնալով նվազագույն պահանջների նշաձողը բարձրացվելու է, ըստ այդմ, տնօրենների քնննությունները բարդացվելու են: Պետք է ուշադրություն դարձնենք համակարգչային հմտութուններին, ինչպես նաև օտար լեզվի իմացության պահանջ է դրվելու”,- նշել է Ա. Աշոտյանը և տեղեկացրել, որ անցալ երկու տարիներին դպրոցների տնօրենների հավաստագրման քննությունների արդյունքում շուրջ 200 գործող տնօրեն հավաստագիր չի ստացել, այսինքն զրկվել է կրկին տնօրեն ընտրվելու հնարավորությունից: ՀՀ ԿԳՆ-ի նման մոտեցումը, ըստ նախարարի, տնօրենների համար սթափեցնող նշանակություն է ունեցել. “Ժամանակին տնօրենի աշխատանքը դիտարկվում էր անձեռնմխելի, առանձին դեպքերում նաև ժառանգաբար փոխանցվող: Նախարարները գալիս-գնում էին, տնօրենները մնում էին: Իհարկե, լավ տնօրենը պետք է երկար աշխատի, բայց պետք է բոլորն էլ հասկանան, որ դպրոցները հանրային ինստիտուտներ են, նրանց գլխավոր առաքելությունը համայնքի կրթական կարիքների սպասարկումն է: Դպրոցների տնօրենները, ուսուցիչները, նաև նախարարության աշխատակիցներն ու նախարարը հանրային ծառայողներ են ու պարտավոր են սպասարկել մարդկանց կրթական կարիքները, այլ ոչ թե ավելացնեն սեփական իրավունքները՝ շահադիտական նպատակներ հետապնդելով”,- շեշետել է կրթության և գիտության նախարարը և հավելել, որ դպրոցն այսօր դեմքով դեպի երեխան շրջվելու հրամայական ունի, իսկ դպրոցի տնօրենը ստիպված է հաշվի նստել և ապահովել կրթական շուկայի նոր պահանջարկը՝ նոր որակի աշխատանքով :
Կլոր- սեղան քննարկմանը ներկա են եղել նաև “Դպրոց-կենտորնների միություն” իրավաբանական անձանց միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԱԺ այլ պատգամավորներ, կրթական հաստատությունների տնօրեններ, փորձագետներ: Նորաստեղծ միությունը նպատակ ունի համակարգել Հայաստանում առկա հանրակրթության ոլորտի առաջավոր փորձը, նպաստել դրա տարածմանը և ապահովել զարգացում՝ կարևորելով միջազգային փորձը: Միության աշխատանքների շրջանակն է` մշակել ուսուցչի էթիկայի նորմեր և դպրոցի զարգացման ծրագիր, կազմակերպել ուսուցիչների մարզային և հանրապետական հավաքներ, սեմինարներ և այլն:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply