Մարտունիում համայնքապետ են ընտրում. միջադեպեր դեռևս չեն գրանցվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2012 11:47

Այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում համայնքապետ և ավագանի են ընտրում:

Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` գործող քաղաքապետ  Բագրատ Հարությունյանը  ՀՀԿ-ից , ինքնառաջադրված թեկնածու Թաթուլ Ավետիսյանը և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ռադիկ Հարությունյանը:

Ավագանու 11 տեղերի համար էլ պայքարում են 18 թեկնածուներ:

Ընտրատեղամասերը ժամը 8-ին բացվել են: Մարդկանց հոսքը, սակայն, դեռևս մեծ չէ:

24/05 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ ԳնելԿարապետյանի կարծիքով, ընտրողների պասիվության պատճառը  կիրակնօրյա տոնավաճառն է. մարդիկ ընտրության կգան ժամը 14-ից հետո, երբ շուկայից վերադառնան:

24/05 ընտրատեղամասում ժամը 11-ի դրույթամբ 2076 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 176 մարդ: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` սա միջին ակտիվություն է:

Ընտրողները համեմատաբար ավելի ակտիվ են 24/01 ընտրատեղամասում:

24/01 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հակոբ Մնացականյանն ասում է, որ ժամը 11-ի դրությամբ որևէ խախտում այստեղ չի արձանագրվել, ընտրողներն էլ ակտիվ են. 1976-ից արդեն իսկ քվեարկել են 280-ը:

Մկրտչյան Վարդազարի վստահված անձ Բարսեղ Դարբինյանը ևս ընտրությունների ընթացքը նորմալ է գնահատում. “Ոչ մի խախտում չի գրանցվել, ամեն ինչ ընթանում է օրենքի շրջանակներում”:

Ընտրողներից  Ալվարդ Խաչատրյանն ասում է, որ ընտրության է եկել մեծ ակնկալիքներով. քվեարկել է հանուն բարեկարգված ու գեղեցիկ քաղաքի:

Ընտրողների հետ զրույցում բոլորն էլ նշում են, որ քարոզարշավի ընթացքում իրենց ընտրակաշառք որևէ թեկնածու չի առաջարկել, ընտրության էլ եկել են` քաղաքի ցանկալի ապագան ապահովելու հույսով:

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply