ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է տարածել Սումգայիթի և Բաքվի ջարդերի տարելիցի կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 24, 2010 16:25

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սումգայիթի և Բաքվի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության դեմ իրագործած ջարդերի տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը:

Նամակում, հղում կատարելով միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար տարածվող էժանագին քարոզչությանն ու ստահոդ փաստերին, նշվում է. «Ադրբեջանը շարունակում է իրեն ներկայացնել այսպես կոչված «հայկական ագրեսիայի» զոհ` այդ նպատակով աղավաղելով ոչ միայն աշխարհին քաջ հայտնի ողբերգական դեպքերը, այլեւ` ժամանակին ադրբեջանական աղբյուրների վկայակոչումները»:

Նամակում ընդգծված է, որ միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործված անթիվ վայրագությունները: «Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման իր իրավունքը կիրառելու խաղաղ եւ սահմանադրական պահանջին, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որը 1988թ. ջարդ իրականացրեց Սումգայիթ քաղաքում բնակվող հայերի նկատմամբ: Այս ջարդը Խորհրդային Միության տարածքում զանգվածային սպանությունների առաջին դեպքն էր, որը համապատասխանաբար արձանագրվել է դատավարության գործերում: Ադրբեջանն իր անկախության հռչակումից անմիջապես հետո ազատեց դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեց ազային հերոսներ»:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply