Փակուղի՞, թե՞ գործընթացի հերթական հանգրվան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 24, 2010 15:36

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրություններն արդեն 2 շաբաթ է, ինչ ուղարկվել են Հայաստանի խորհրդարան: Սակայն , փետրվարի 22-25-ի քառօրյայում արձանագրությունները չքննարկվեցին և կընդգրկվեն օրակարգ միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունից հետո: Միաժամանակ, անկախ հանձնաժողովի եզրակացությունից, նախագահ Սերժ Սարգսյանը Լոնդոնում` «Չեթըմ Հաուզում» հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանը չի վավերացնի արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի խորհրդարանը համանման որոշում չի կայացնի: Վերլուծաբանների կարծիքով՝ գործընթացն այժմ փակուղի է մտել: Մինչդեռ քաղաքական ուժերի ներկայացուցիչների համար զարգացման հեռանկարներ դեռ նշմարվում են:

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի համոզմամբ՝ գործընթացը փակուղային վիճակում չի կարող լինել, քանի որ գնդակը դեռ թուրքական կողմում է, ու հենց նրանց գործողություններից է կախված է հայկական կողմի պատասխանը: Գործողությունների ձգձգումը հանրապետական պատգամավորը պայմանավորում է Թուրքիայի ներքին խնդիրներով՝ կապված, մասնավորապես, առաջիկա ընտրությունների ու գործընթացի լուծումից ստացվելիք դիվիդենտների հետ:

«Կարծում եմ` թուրքական կողմն այժմ մտածում է՝ ներքաղաքական խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն արձանագրությունների վավերացմա՞ն, թե՞ չվավերացման պարագայում: Քաղաքական դիվիդենտների խնդիր է»,- ասում է Ավագյանը: Միաժամանակ, պատգամավորը նշում է, որ ՌԴ այցից և ԱՄՆ-ի որոշակի պաշտոնյաների հետ շփվելուց հետո Թուրքիայի շեշտադրումները փոխվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու ԼՂ խնդրի փոխկապակցվածության հարցում, որոնք, ըստ Ավագյանի, պարզապես զուգահեռ ընթացող, միմյանց չխաչվող գործընթացներ են: «Մի քանի ամիս առաջ, Էրդողանի հայտարարությունների շեշտադրումներն ուրիշ էին, նա փորձում էր ավելի որոշակի կապ գտնել երկու խնդիրների միջև, մինչդեռ օրերս արած հայտարարությունում այդ ամենը շատ վերացական էր»,- համոզված է Կարեն Ավագյանը:

Արտախորհրդարանական ընդդիմության՝ ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, սակայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այսօր հանգեցրել է լուրջ կորստի: «Թուրքիան հիմա լիարժեք խաղացող է Ղարաբաղի հարցում. համանախագահները զեկուցում են թուրք պաշտոնյաներին առաջընթացի մասին»,- ասում է Կարապետյանը: Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա այն, ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, լիովին ձախողված է, և զարգացման ոչ մի հեռանկար չի կանխատեսվում, քանի որ տվյալ պարագայում Հայաստանը դիտորդի դերում է: Արձանագրությունների խորհրդարան ուղարկվելն էլ ներքին բովանդակություն չունի, այլ միայն՝ արտաքին տպավորություն: «Իրականությունն այն է, որ ՀՀ-ի կողմից արձանագրությունները վավերացնելու պարագայում էլ ոչինչ չի փոխվի, քանի որ սահմանը մենք չենք փակել: Բոլորն իրենց դիրքերում են, ու ես չեմ տեսնում որևէ փոփոխություն, Թուրքիայից բացի որևէ այլ դերակատարի, ով կարող է սահմանը բացել»,- ասում է Կարապետյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ համոզված է, որ ներկա իրավիճակը պայմանավորված է այն իրողությամբ, որ գործընթացը հայկական կողմից մինչև վերջ մշակված, վերլուծված ու կանխատեսված չէր: Իսկ սխալ սկսված գործընթացը, ըստ Մինասյանի, իր բացասական դրսևորումները պիտի ունենար: Արդյունքն էլ այսօր այն է, որ Թուրքիայի ձեռքբերումները շատ ավելին են, քան Հայաստանինը:

«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ, անկախ մեր կամքից, գործընթացը կարող է գնալ ոչ հայանպաստ ճանապարհով», – ասում է դաշնակցական պատգամավորը: Ըստ նրա` Հայաստանը արագընթաց քայլ պիտի անի կարգավորումը դադարեցնելու շրջանակներում. կամ պետք է մերժի արձանագրությունները, կամ շատ հստակ հայտարարություն անի և ԱԺ-ում արձանագրությունները վավերացնի բացառապես վերապահումներով, ընդ որում՝ վերապահումները պիտի վերաբերեն «նախապայմաններ», հասկացությանն իրավական ձևակերպումներ տալուն:

Ինչ վերաբերում է գործընթացից դուրս գալու հետ կապված վտանգներին, ապա Ա. Մինասյանը կարծում է, որ մերժելով արձանագրությունների վավերացումը և հիմնավորելով դա այն փաստով, թե թուրքական կողմն ամեն առիթ օգտագործում է նախապայմաններն առաջ տանելու համար, Հայաստանը միջնորդ երկրներից կարգավորման նոր փաթեթ կստանա: Ինչն արդեն բավական վտանգավոր է, քանի որ, ըստ Արծվիկ Մինասյանի, մեր դիվանագիտական կորպուսն այնքան էլ պրոֆեսիոնալ չէ: «Իսկ եթե մենք արձանագրությունները վավերացնում ենք վերապահումներով, ապա այդ դեպքում հնարավոր բացասական սցենարները գրեթե զրոյացվում են: Ավելին, Հայաստանը ձեռք է բերում առավելություն՝ գործադրելու միջազգային հանրության մեջ Հայաստանի կառուցողական դիրքը: Այս տեսանկյունից ակնհայտ է, որ Հայաստանին ձեռնտու է ոչ թե գործընթացը թողնել սառեցված վիճակում, կամ կախվածության մեջ լինել թուրքական կողմի վարքագծից, այլ՝ առաջնորդվել վերոնշյալ երկու տարբերակներից մեկով: Ընդ որում, իմ գնահատմամբ, վերապահումներով վավերացման տարբերակի դեպքում ռիսկերը գրեթե չեզոքացվում են»,- համոզված է Մինասյանը:

Ո՞ր տարբերակը կընտրի հայաստանյան իշխանությունը, ի՞նչ մոդելներ կառաջարկեն միջնորդ երկրներն, ու ի՞նչ զարգացումներ կնախընտրեն Թուրքիայի` վերջին օրերին բարձրաստիճան գեներալների ձերբակալություններին միտված իշխանությունները՝ ցույց կտա ժամանակը: Իսկ տարվա այս եղանակին ավանդաբար հայ-թուրքական հարաբերությունների զանգը ղողանջում է միայն ապրիլի 24-ի տրամադրությամբ:

Դիտվել է 2810 անգամ:
Print Friendly

Leave a Reply