«Ազգովի շատ մաքուր էինք, նույնիսկ անաղարտ». Խոսրով Հարությունյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 21, 2012 12:28
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ և ներկայումս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը լավ է հիշում, թե ինչ խանդավառությամբ ընդունվեց անկախությունը, միաժամանակ փաստում է, որ քաղաքական դաշտի պատասխանատուներն իրենց փորձառությամբ, գիտելիքներով, հմտությամբ և որոշումներ կայացնելու ունակությամբ պատրաստ չէին դրան: Նա օբյեկտիվ, անգամ պատմականորեն անխուսափելի է համարում այն վրիպումներն ու սայթաքումները, որոնք եղել են. «Կարևորը, որ չեն եղել անդառնալի, կործանարար սխալներ,- ասում է նա,- մենք հաղթահարել ենք պատմության քննությունը, և մեծ հաշվով Հայաստանն այսօր վերելք է ապրում»:
«Ի՞նչ ունեինք, որ կորցրինք» հարցին Խոսրով Հարությունյանը պատասխանում է. «1988-90 թվականները մեր ազգային մտածելակերպի, մեր ազգային դիմանկարը վերահաստատելու, հոգևոր-մշակութային և քրիստոնեական արժեքներին վերադառնալու ամենափայլուն շրջանն էր Մենք ազգովի շատ մաքուր էինք, նույնիսկ անաղարտ: Պոռթկումն էր ազնիվ, ջինջ, ոչ մեկին ոչ մի բանում չկասկածող: Դա էլ հենց հանգեցրեց Սեպտեմբերի 21-ին»:
Հիշում է, որ 1991-ի սեպտեմբերի 21-ին` հանրաքվեի օրը, երբ մի խումբ կանադացիների հետ շրջում էին գյուղերում ու քաղաքներում, պարզապես ապշած էին մարդկանց ոգևորությունից. «Մարդիկ ցնծում էին, մարդն իր կովը մատաղ էր անում, նման ոգևորություն ես դեռ չէի տեսել: Ցավոք, հետագա զարգացումներն ավելի շատ եղան հիասթափության տարիներ»:
Այդ հիասթափությունը Խոսրով Հարությունյանը բացատրում է նրանով, որ ժողովուրդը նոր քաղաքական ուժին իդեալականացրել էր, որից փոքր ինչ շեղումն իսկ առաջացնում էր ահռելի ճեղքվածք ակնկալիքի և իրականության միջև: «Այն բարոյական նկարագիրը, որ հանրությունը վստահել և վերագրել էր նորօրյա քաղաքական լիդերներին, չարդարացվեց, քանի որ նրանք բարոյական առումով չդիմացան այդ պատասխանատվությանը»,-նշում է նա:
Այնուամենայնիվ, Խոսրով Հարությունյանը ոչ ոքի չի մեղադրում և կարծում է, որ անցյալը պետք է վերլուծել ու դասեր քաղել: «Մենք` քաղաքական գործիչներիս, այս սերունդը, ուղղակի չգիտակցեցինք ողջ պատասխանատվությունը, որ պարագաների բերումով ստանձնել էինք, և դա հետագայում բերեց համակարգային դեֆորմացիաներ… Ցավոք սրտի, այդ արատները մինչ օրս մեզ ուղեկցում են, դրանք խոցեր են, որոնցից ազատվելը ժամանակի և քաղաքացիների մտածելակերպի փոփոխության հարց է»:






Facebook
Tweet This
Email This Post
