Հայաստանում հղիությունների 52 տոկոսն ընդհատվում է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2009 17:19

ՀղիությունՀայաստանցի 15-ամյա աղջիկներից յուրաքանչյուր 10-րդի մոտ առկա են վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ. այս մասին այսօր հաղորդեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Ավագյանը. այս պատճառով մեծ է նաև չբերության մակարդակը:

Քանի որ վերարտադրողական առողջության պահպանումը Հայաստանում առաջնային խնդիր է, ԿԳՆ-ն որոշում է ընդունել, որ դպրոցի 8-9-րդ դասարաններում այսուհետ կդասավանդվի առողջ ապրելակերպ առարկան. ամեն ուսումնական տարի` փետրվարի 16-ից մարտի 22-ը, ֆիզկուլտուրա և նախնական զինվորական պատրաստվածություն առարկաների փոխարեն կուսումնասիրեն սեռական հասունացման և վերարտադրողական առողջության, սեռավարակների հետ կապված խնդիրներ: ԿԳՆ ներկայացուցիչ Անահիտ Մուրադյանն ասում է, որ այսպիսով հնարավոր կդառնա բարձրացնել իրազեկվածության մակարդակը երիտասարդների և դեռահասների մոտ և խուսափել վերարտադրական առողջության հետ կապված հնարավոր խնդիրներից:

Առողջապահության նախարարության տվյալներով` հայ կանանց 37 տոկոսը կյանքում ունեցել է գոնե մեկ աբորտ: Հայաստանում հղիությունների 52 տոկոսն ընդհատվում է աբորտի և վիժման հետևանքով և միայն 48 տոկոսն է դրական ելք ունենում: Ըստ Ավագյանի` կանանց 20 տոկոսն է օգտագործում հակաբեղմնավորիչներ, այդ պատճառով էլ բարձր է աբորտների ցուցանիշը:

1990 թվականի համեմատությամբ 2 անգամ կրճատվել է ծնելիության ցուցանիշը, սակայն դեռ գրանցվում է բնակչության դրական աճ: «Դեռևս 1980-ականների սերունդն է ծնելիության բավարար մակարդակ ապահովում, սակայն երբ 1995-ի սերունդը սեռահասուն տարիքի հասնի, ժողովրդագրական լուրջ խնդիրներ կունենանք, եթե մինչ այդ ծնելիության աճը խթանող նոր մեթոդներ չկիրառենք»,-ասում է Ավագյանը:

Դիտվել է 2957 անգամ:
Print Friendly

Leave a Reply