Հայկական իշխանի մեջ աղիքային ցուպիկի վիրուս չկա. Արթուր Աթոյան
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 20, 2012 17:34
Հայաստանից արտահանվող իշխան ձկնատեսակում աղիքային ցուպիկի բակտերիաներ չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: Վերջինս, սակայն, այս հարցում որոշ անհանգստություններ ունի:
«Պետք է անհանգստությամբ նշեմ, որ չկա որևէ կենսաբանական անալիզի տվյալ և որևէ պաշտոնական ուսումնասիրոեւթյուն առայժմ չի կատարվում: Բանն այն է, որ Ռուսաստանը պարզապես ներկայացրել է մեզ գրություն և մեր խոշոր արտահանող 4 տնտեսությունների ցանկը` անհանգստություն հայտնելով ներկրվող ձկների` սննդային անվտանգության չափանիշներին անհամապատասխանելիության վերաբերյալ: Սակայն աղիքային ցուպիկի մասին այդտեղ որևէ բան չի նշվում»,- նշեց բանախոսը:
Ա. Աթոյանը, մասնագիտական տեսնակյունից բացատրելով խնդրի էությունը, տեսականորեն բացառեց նման բակտերիաների առկայությունը ձկան օրգանիզմում. «Աղիքային ցուպիկը ինչպես մարդու համար է վտանգավոր, ավելի շատ վտանգավոր է հատկապես ձկան համար: Ձուկը, մանավանդ իշխանը, շատ մաքրասեր կենդանի է և այդպիսի վիրուսակիր լինել չի կարող, և եթե իր մեջ նման կոմպոնենտ լինի, կդադարի գոյություն ունենալ, ժամեր անց կսատկի»:
Աթոյանն իր խոսքում նշեց նաև, որ յուրաքանչյուր ձկնաբուծական ընկերություն ամիսը մի անգամ սննդի անվտանգության պետական ծառայության և տեղի սննդի անվտանգության ծառայության աշխատակցի` բժշկի կողմից ենթարկվում է ուսումնասիրությունների: Բացի այդ, ամեն մի ապրանքային ձուկ, երբ դուրս է գալիս տնտեսությունից, տվյալ մարզի բժիշկը, որը սննդի անվտանգության պատասխանատուն է, պարտավոր է տալ փաստաթուղթ, որ տվյալ ապրանքատեսակը համապատասխանում է անվտանգության կանոններին:
«Մենք բազմիցս մեր ուժերով ենթարկել ենք լաբորատոր կենսաբանական ուսումնասիրությունների ինքներս մեզ ստուգելու համար, և երբ Ռուսաստանը նման գրություն ներկայասցրեց, մենք, լինելով պատասխանատու անձ, փորձեցինք մեղքը մեր մեջ գտնել և կրկնակի անգամ մենք մեր տնտեսությունները ենթարկեցինք ուսումնասիրությունների և նորից համոզվեցինք, որ մեր տնտեսություններում չկա նման երևույթ, որ սննդի անվտանգության կանոններին հակասի կամ չհամապատասխանի»,- միանգամայն համոզված հայտարարեց Արթուր Աթոյանը:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
