«Իշխանությունը միտումնավոր պառակտում է հասարակությունը». Լարիսա Ալավերդյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 25, 2012 7:00

ՀՀ առաջին օմբուդսման, չորրորդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար և պարզապես ակտիվ հասարակական գործիչ Լարիսա Ալավերդյանն անցել է նորանկախ Հայաստանի բոլոր պատմական շրջադարձերը և կարող է գնահատել, թե արդյոք Հայաստանն այսօր պատրա՞ստ է հեղափոխության:

Վահե Ավետյանի մահը ոտքի հանեց մի շարք կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակության որոշակի զանգվածի: Ըստ Ձեզ` Հայաստանի քաղաքացին այսօր պատրա՞ստ է հեղափոխության:

– Ես չէի շտապի այդ հարցին դրական պատասխան տալ: Մենք տեսել ենք հեղափոխություն 1988 թվականին: Այսօր դեռևս մեր մեջ «հեղափոխություն» բառը ավելի շատ կապված է մակերեսային դրսևորումների, քան խորքային գործընթացների հետ: Ինչո՞ւ էր 88-ին տեղի ունեցածը հեղափոխություն, որովհետև ոչ միայն փլուզվեց տոտալիտար համակարգը, այլև հռչակվեց և որոշակի քայլեր կատարվեցին դեպի տնտեսական և իրավական համակարգի փոփոխություն:

Իսկ ի՞նչ է այսօր մեր ուզածը: Մենք ձգտում ենք իրականացնել Սահմանադրության 1-ին հոդվածը, որում հստակ ամրագրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Այսինքն` մենք ուզում ենք համապատասխանեցնել իրականությունը Սահմանադրությանը:

Արդյոք այսօր մեր երկրում կա՞ն արմատական փոփոխությունների նախապայմաններ:

– Ավելի շուտ` երևում են այդ փոփոխությունների նախադրյալները: Դիտարկելով հասարակության մեջ որոշ անհանգստացնող երևույթներ` կարծում եմ` պայքարի ճանապարհն ավելի երկար է լինելու, քան այսօր պատկերացնում են պայքարի ելած ոգևորված խմբերը: 1988 թվականին պայքարի ելածներս չէինք մտածում, որ 25 տարի հետո կունենանք այն պետությունը, որն այսօր ունենք: Այսօրվա շարժումը պետք է հաշվի առնի 88-ի փորձը` պարզելու, թե հատկապես ի՞նչն է խանգարել այդ ապշեցուցիչ շարժմանը իրականացնելու իր առջև դրած վեհ գաղափարները:

Պետք է հասկանալ` ի՞նչն էր պատճառը, որ հենց սկզբից մեր իսկ կողմից ընտրված իշխանությունը բռնեց անիրավական պետության կայացման ճանապարհը, և 5 տարի անց` 1995-ին, իրականացրեց իշխանության բռնազավթումը:

Դրանից ի վեր մենք ապրում ենք զավթած իշխանության ներքո:

Հստակեցնենք հետևյալը` այսօր հասարակությունն ավելի պառակտված է, քան Ղարաբաղյան շարժման նախօրեին: Նորանկախ պետության ստեղծումից մինչ այսօր երկիրը կառավարող բոլոր բարձրաստիճան իշխանավորները նպատակասլաց ներդնում են հասարակությունը պառակտող և ազգը քայքայող արժեհամակարգ: Անգամ «Վահե Ավետյան» շարժումը, Մաշտոցի պուրակի, Թեղուտի, Թռչկանի համար պայքարը և պայքարողներն արժանանում են ամենատարբեր բացասական գնահատականների, ինչը հենց խոսում է բարոյական արժեհամակարգի աղճատման մասին: Այսօր իշխանությունների կողմից ուղղորդվող կամ արդեն իսկ այլափոխված բարոյական արժեքներ կրողների կողմից փորձ է արվում, այսպես ասած` պայքարի ալիք բարձրացնել «Վահե Ավետյան» շարժման դեմ, անկախ այն բանից` արհեստածի՞ն է դա, թե՞ ոչ, բայց ռեալ իրականացնողները մեր հասարակության անդամներն են: Հասարակությունը մասնատված է, արժեհամակարգը` աղճատված, ինչն էլ ներկայիս ակտիվ խմբերի առջև դնում է նոր խնդիրներ:

Գործող փոքր կամ կուռ խմբերը պետք է շարունակական, հետևողական և գրագետ այնպիսի քայլեր ձեռնարկեն, որոնք կապահովեն հուժկու ալիքի բարձրացումը: Այդ խմբերը պետք է ավելանան և դուրս մղեն պառակտող խմբերին:

Երեք նախագահներն էլ չկարողացան կամ չկամեցան օգտվել Հայաստանը իրավական պետություն դարձնելու պատմական բացառիկ հնարավորությունից: Ինչո՞ւ:

– Կարելի է միայն ենթադրել` կրթության, նվիրվածության կամ ազնվության պակասը, ագահությունը, ցածր ճաշակը կամ անձնական այլ բացասական հատկանիշներն են նպաստել, որ վեհ գաղափարի շուրջը միավորված ժողովրդական շարժումը տապալեն, ժողովրդին աղքատացնեն` նախ` նյութապես, ապա` բարոյապես, և, ի վերջո, այնպիսի անիրավական հարաբերություններ հաստատեն, որոնք թույլ են տալիս անպատիժ բռնություններ և սպանություններ իրականացնել հասարակության տարբեր խավերի, այդ թվում` հայկական բանակի ներկայացուցիչների նկատմամբ:

Առաջին նախագահի օրոք ստեղծվեց խմբապետություն, որը ղեկավարվում էր մի քանի անձանցից բաղկացած նեղ շրջանակով: Երկրորդ նախագահն արմատավորեց արդեն ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգը, իսկ երրորդ նախագահի ժամանակ ուժեղանում և գնալով ավելի բացահայտորեն է հակադրվում ժողովրդին: Ի հետևանս` առաջացել է խզում պատմականորեն ձևավորված անկախ պետության մասին պատկերացման և իրականության միջև: Սա նոր երևույթ է, որովհետև խորհրդային տարիներին և դրանից առաջ միշտ ունեինք դժվար իրավիճակների պատճառների մասին հարցերին պատասխան. սա այդպես է, որովհետև մեր ազգային պետությունը չէ, որովհետև մենք օտարի լծի տակ ենք: Իսկ այսօր պատմության մեջ առաջին անգամ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ Հայաստանի քաղաքացու հոգու մեջ հիասթափություն է տիրում ազգային պետություն ունենալու գաղափարի և իրողության շուրջ: Առաջին նախագահի թողտվությամբ և համաձայնությամբ ամբողջովին քայքայվեցին երկրի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և այլ կարևորագույն ոլորտները` ծայրահեղ աղքատության հասցնելով ժողովրդի գերակշիռ մասին և միաժամանակ հարստացնելով մի քանի անձանց, դրվեցին բարոյական արժեհամակարգի այլափոխման հիմքեր: Երկրորդ նախագահը չարդարացրեց գոնե իրեն ընտրողների հույսերը, որ կպատժվեն մինչ այդ անպատիժ մնացած հանցագործները, և ավելի խորացրեց անիրավական մեթոդներով քրեաօլիգարխիկ համակարգի արմատավորումը, որոշ խավերին հնարավորություն տվեց փող աշխատել ցանկացած ճանապարհով` հիմնականում անօրինական միջոցներով, անձամբ, ընտանյոք և մերձավորներով հանդերձ կուտակելով աննախադեպ հարստություն: Եվ վերջապես երրորդ նախագահական  հերթական ընտրությունների արդյունքում դրականորեն չփոխվեց իրավիճակը:

Այդ բոլորի պատճառներից մեկը, եթե ոչ գլխավորը, իրեն քաղաքական էլիտա համարող խմբերի ցինիզմն է օրենքի և իրավունքի նկատմամբ` քաղաքացիական հասարակության չկայացվածության պայմաններում:

Իրար փոխարինող խմբերի կողմից ընտրակեղծիքներով և ժողովրդի դեմ բռնություններով իշխանության յուրացումը սկսած 1995 թվականից, ըստ Սահմանադրության, հանցագործություն է: Այն, որ հասարակությունը ակամա հանդուրժում է ստեղծված իրավիճակը, որ հասարակությունը այդպես էլ չի արձանագրել շոշափելի նվաճումներ, վկայում է, որ այն դեռևս բավականաչափ հմուտ չէ իրավական պետության կայացման գործում: Բայց սա թող բնավ չուրախացնի օլիգարխներին, որովհետև հստակ է, որ այսուհետ օլիգարխները հանգիստ չեն ունենալու:

Եվ ո՞րն է լինելու օլիգարխների գլխավոր անհանգստությունը:

– Նախևառաջ այս համակարգը վերջնականորեն արմատախիլ անելու ամենագործուն միջոցը հենց քաղաքացիական շարժումներն են: Մենք պետք է հստակ գործողություններով վեր հանենք այլ հանցագործությունները, այդ թվում` տնտեսական, ֆինանսական, հասնենք պատժելիության և պատասխանատվության ենթարկելու սկզբունքների, երկրում իրավունքի գերիշխանության: Այս ընթացքում ամենակարևորն այն է, որ որևէ քայլի ժամանակավոր ձախողումը չհիասթափեցնի: Նշանակություն ունի նաև, թե ո՛վ է գալիս իշխանության, այլապես կարող ենք ավելի վատ վիճակում հայտնվել, որովհետև եկող իշխանությունը պետք է բարոյական արժեքների կրող լինի, իսկ եթե այդպես չէ, ապա նման իշխանափոխությանը չի կարող լավ բան հաջորդել:

Տիկի՛ն Ալավերդյան, խոսում եք նվաճումների մասին, մի՞թե Մաշտոցի պուրակի պայքարը հենց այդ նվաճումներից չէ:

– Իհարկե նվաճում է: Այն, ինչ տվեց Մաշտոցի պուրակը, հզոր խթան է և ազդակ: Մաշտոցի պուրակի համար պայքարողները կտրականապես մերժեցին քաղաքական ուժերի միջամտությունը: Սա շատ հետաքրքիր ազդակ էր. կա մի խավ, հիմնականում` միջին և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր այլևս չեն վստահում որևէ քաղաքական ուժի:

Երկրորդ առանձնահատկությունը` այդ խումբը հստակեցրեց ցանցային համակարգով միավորված անձանց ուժը: Եթե քաղաքական կամ հասարակական կազմակերպությունները ստեղծվում էին իրար նախապես ճանաչող կամ ճանաչված մարդկանց շուրջը, ապա ցանցայինի դեպքում մասնակից են անսահմանափակ թվով մարդիկ, ովքեր ունեն տարբեր աշխարհայացք, մտածելակերպ: Դրանով ապահովվում է բազմակարծությունը այլ հարցերում ու միավորումը որևէ կոնկրետ նպատակի շուրջ: Եվ այսպես շրջանցվում է նեղ կուսակցականացման վտանգը: Առաջին հայացքից սա թուլություն է թվում, բայց իրականում սա պայքարի յուրահատուկ ձևերից է, որը, ինչպես ցույց է տվել փորձը, ավելի արդյունավետ է, քան հստակ հաստատություններով գործելը:

Եվ, վերջապես, եկել է կենսաբանական առումով նոր սերունդ, որը չի տեսել սովետական տոտալիտար մեքենայի գործողությունը, տեսել է միայն այսօրվա խմբավարությունը, որը, նրա գնահատականով, թույլ է և վախվորած (թե չէ ինչի՞ համար են այդքան թիկնապահները): Այսօրվա երիտասարդը տեսել է, որ այս իշխանավորները համախմբվում և պառակտվում են միայն նյութականի շուրջ և չունեն որևէ այլ հենարան: Այսօր այլ երկրներում կրթություն ստացած երիտասարդը ծանոթանում է իրավական պետության դրսևորումներին և հասկանում, որ մարդը կարող է ապրել արժանապատիվ կյանքով, իսկ գալով հայրենիք` տեսնում է, որ իր բոլոր իրավունքները, ազատությունները և հնարավորությունները կա՛մ անօրինական ձևով սահմանափակված են, կա՛մ լիովին զավթված: Ու երիտասարդը մտածում է. եթե Հայաստանը կարողացել է ազատվել սովետական բիրտ համակարգից, եթե ժողովուրդը կարողացել է ազատագրել Արցախը, ինչո՞ւ չպիտի կարողանանք մեր երկրում կայացնել ինքնիշխան, իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն: Այս բոլոր ազդակները պուրակում պայքարողները հաղորդել են հասարակությանը: Ի հեճուկս ՀՀ բոլոր նախագահների` մեր միակ նվաճումը կարծիքների բազմազանությունն է և դրանք արտահայտելու ունակությունը: Պուրակի համար պայքարողները միավորվել էին ինքնաբուխ և ինքնակամ, ինչը ևս այդ երևույթի առանձնահատկություններից մեկն է և շատ կարևոր է, քանի որ մարդ պետք է թե՛ բնազդով և թե՛ գիտակցաբար ատի կեղտը, կեղծիքը, զզվի ճորտությունից, խորշի բռնապետությունից և անսահման կամայականությունից:

Գուրգեն Մարգարյանի սպանությունը մարտահրավեր է ոչ միայն հայ հասարակությանը, այլև` պետականությանը: Ձեր կարծիքով` պետական մակարդակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:

– Ռամիլ Սաֆարովը հրեշավոր հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո Ադրբեջանում հռչակվեց ազգային հերոս, որովհետև սպանել էր հայ սպայի: Սաֆարովը Ադրբեջանի համար ոչ թե հանցագործ է, այլ դրոշ է իրենց ազգային մարդատյաց, հետո միայն` հայատյաց քաղաքականության համար: Այդ հերոսացումը լուրջ մարտահրավեր է հայ հասարակությանը և հատկապես հայոց պետականությանը: Կարծում եմ` մենք պետք է պաշտոնապես դիմենք Հունգարիայի և Ադրբեջանի իշխանություններին` պարզելու, թե արդյոք երկու երկրների միջև սկսվե՞լ է Սաֆարովին հանձնելու գործընթացը: Մենք պետք է դիմադրենք Ադրբեջանի կողմից իրականացվող ռասիզմի քաղաքականությանը: Այս փուլում անհրաժեշտ եմ համարում նաև բողոքի ակցիաների կազմակերպումը, որոնք զգոնացնող ազդակ կլինեն Ադրբեջանի և Հունգարիայի համար: Մյուս կողմից` սխալ եմ համարում այն տարածված տեսակետը, թե Հունգարիան իրավական հիմքեր ուներ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու, որովհետև կոնվենցիաներից հոդվածներ մեջբերելը ընդամենը անհատական մոտեցում է:

 

Լիլիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply