Որո՞նք են դատախազության լիազորությունները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | September 28, 2012 7:00

ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով`

1) հարուցում է քրեական հետապնդում,

2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ,

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը,

4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,

5)  բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,

6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

ՀՀ դատախազության լիազորություններն ավելի մանրամասն կարգավորվում են «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես` 24-29-րդ հոդվածներով:

Այսպես, քրեական հետապնդման հարուցման կարգն ու հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ գլխով: Քրեական հետապնդման հարուցումը դատախազի բացառիկ լիազորությունն է:

Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով քրեական հետապնդում հարուցած դատախազը, բացառություն է, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Եթե քրեական հետապնդումը հարուցել է վերադաս դատախազը, ապա նա կարող է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի: Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացման համար վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների: Մեղադրանքը պաշտպանող դատախազի մասնակցությունը պարտադիր է գործի քննությանը առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում, այդ թվում` նախնական լսումներին:

Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է, եթե՝

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնել, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ կառավարությունը լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որն իր կարծիքով հիմնավոր չէ կամ ապօրինի է: Դատարանների քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած մեղադրող դատախազը կամ վերադաս դատախազը: Դատարանների քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:

Դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ: Այդ լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի`

1) ցանկացած ժամանակ անարգել այցելելու այն բոլոր վայրերը, որտեղ պահվում են ազատությունից զրկված անձինք,

2) ծանոթանալու այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների,

3) ստուգելու պատիժները և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժները և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն հրամանների, կարգադրությունների և որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ դատախազի կարծիքով հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու,

4) հարցման ենթարկելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց,

5) անհապաղ ազատելու ազատությունից զրկելու վայրերում, ինչպես նաև այդ վայրերի տուգանային և կարգապահական մեկուսարաններում ապօրինի պահվող անձանց, իսկ եթե անձը ազատությունից զրկվել է ազատությունից զրկելու վայրի վարչակազմի իրավական ակտի հիման վրա, ապա դատախազի կարգադրությամբ ակտը կայացրած անձը պարտավոր է անհապաղ վերացնել իր ակտը,

6) պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց իրավունքների և ազատությունների խախտման կասկածի դեպքում պաշտոնատար անձանցից պահանջելու բացատրություններ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply