Բուհերի ապագան մնում է անորոշ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 27, 2012 7:00

  Տարիներ առաջ, երբ պետական բուհերի թիվը  խիստ սահմանափակ էր,  որպես այլընտրանք հիմնադրվեցին մասնավոր ուսումնական հաստատություններ, որոնց թիվը տարեցտարի սկսեց աճել: Ստեղծված  բուհերը, որոնք պետական կարգավիճակ չունեին և չէին կարող մրցել պետական հաստատությունների հետ, իրենց առաջարկով ու ընդունելության պայմաններով դիմորդների ոչ փոքր բանակ համալրեցին: Այն դիմորդները, որոնց հավաքած միավորները չէին բավականացնում պետական հաստատությունում բարձրագույն ուսում ստանալու համար, իրենց նախընտրած մասնագիտությամբ ոչ պետական բուհում սովորելու մեծ հնարավորություն ունեցան:

Տարիների ընթացքում մեր կրթական համակարգը բարեփոխումների ենթարկվեց: Պետությունը ձեռնամուխ եղավ բոլոնյան գործընթացին միանալուն, որին հետևել էին արդեն Եվրամիության մի շարք երկրներ: Համակարգին միանալը և կրթական նոր ակադեմիական չափորոշիչներ որդեգրելը մի քանի տարի պահանջեց: Համակարգում կատարված փոփոխություններն ուղղված էին միայն պետական բուհերին, մասնավորները նույն մեխանիզմով շարունակեցին իրենց գործունեությունը` ժամանակի ընթացքում մի կերպ դիմադրելով առկա մրցակցությանը:

Այսօր այդ բուհերից շատերը կանգնած են բարդ խնդրի առջև` շարունակե՞լ, թե՞ դադարեցնել ուսումնական գործունեությունը: Թափուր ֆակուլտետների համալրման  խնդիր կա, որոնք տարեցտարի  նվազ ընդունելության ցուցանիշների պատճառով ենթակա են փակման: Ինչն էլ իր հերթին պատճառ է դառնում դասախոսական անձնակազմի կրճատման և ուսման վարձավճարների թանկացման:

Մի քանի օր առաջ իր գործունեությունը դադարեցրեց Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանական համալսարանը, որն իրականացնում էր նաև հեռակա ուսուցում, ինչպես նաև մագիստրատուրա: Նշենք, որ այն պետական հավատարմագրում ստացած առաջին մասնավոր բուհն է եղել, սկսել է կրթական գործունեություն ծավալել 1991-ից: Պետական կարգավիճակ ունեցող համալսարանը 14 ֆակուլտետ ուներ, և ուսանողներն օգտվում էին պետական բուհերի համար օրենքով սահմանված իրավունքներից և արտոնություններից:

Բուհի  ռեկտոր Արամ Խաչատրյանի պարզաբանմամբ` ուսուցման դադարեցման պատճառը պայմանավորված է անբարենպաստ իրավիճակով, այսինքն` ուսանողների և դիմորդների թվի կրճատմամբ: Այս և նախորդ տարի  բուհը առաջին և երկրորդ կուրսի ուսանողներ չի ունեցել, այսինքն` դիմորդների թվի լուրջ խնդիր է առաջացել:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, բուհի ուսանողները չեն տուժի այս հանգամանքից, և նրանց կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այդ ուսանողներն իրենց կրթությունը շարունակելու համար պետք է դիմեն նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն:

Փաստորեն, երկար տարիներ  բարձր հեղինակություն վայելող Հ.Աճառյանի անվան համալսարանը փակեց իր դռները ուսանողների առջև: Նման խնդրից այսօր ապահովագրված չեն նաև պետական ուսումնական հաստատությունները: Վերջերս, օրինակ, լուրեր էին շրջանառվում, նույնսիկ որոշ ԶԼՄ-ներ էլ տեղեկություններ տարածեցին, որ Գյումրու պետական մանկավարժական համալսարանը ֆինանսական լուրջ խնդիրների առջև է հայտնվել, ինչի հետևանքով դասախոսական անձնակազմի կրճատումներ են տեղի ունենում: Ըստ որոշ լուրերի` այս բուհը ևս  գործունեությունը պահպանելու ջանքեր է գործադրում դիմորդների անբավարար թվի պատճառով: Տվյալ բուհի պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանը, սակայն, շտապեց հերքել այդ լուրը` տեղեկացնելով, որ կրճատումները կապված են կենսաթոշակային տարիքի լրանալու հետ և որևէ այլ միտում չունեն: Իսկ թափուր մնացած ֆակուլտետների առկայությունը պրոռեկտորը վերագրեց ներկայումս տիրող ողջ բուհական համակարգին` նշելով, որ այդ խնդիրն առկա է  գրեթե բոլոր բուհերում: Դիմորդների թիվը հիմնականում նվազել է  բնագիտական առարկաների գծով, և Ս.Ալքեսանյանը համոզված է` պատճառն այն է, որ աշխատաշուկան չի կարողանում ապահովել աշխատատեղերով, մասնագետների թվի ավելցուկ է առաջանում: «ԻՆչու՞ են այսօր առավել մոդայիկ դարձել իրավագիտությունը, մենեջմենթը, բանկային գործը և այլ մասնագիտացումները, որովհետև պետության ամբողջ կառուցվածքը դա է պահանջում»,- նշում  է բուհի պրոռեկտորը:

Որոշ տեղեկությունների համաձայն` դիմորդների թիվը նվազել է նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական և  Ճարտարագիտական համալսարաններում: Փաստ է, որ դրանցից շատերը կանգնած են դիմորդների համալրման խնդրի առջև: Եվ թե ինչ է նրանց սպասում ապագայում, որոնք պիտի շարունակեն ճանապարհը, մնում է անորոշ:

Լ.Ն 

Դիտվել է 1708 անգամ:
Print Friendly

Leave a Reply