ԴՎԻՆ
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | September 26, 2012 14:00
Դվինը մեր այն եզակի մայրաքաղաքներից է, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն միջնադարում երբեմն հանդես է եկել նաև Ոստան, իսկ արաբական աղբյուրներում` Դաբիլ անվանումներով:
Դվինը նաև համեմատաբար լավ ուսումնասիրված հնավայր է: Դեռևս 1850 թ. առաջին անգամ այստեղ պեղումներ է իրականացրել Կովկասի փոխարքայի դիվանատան պաշտոնյա Տոկարևը, սակայն դրանք սիրողական բնույթի որոնումներ էին: 1899 թ. Դվինի տարածքն ուսումնասիրել է Նիկողայոս Մառը: Դվինում պեղումներ է կատարել նաև հնագետ Խաչիկ Դադյանը, որին հայոց հնագիտությունը պարտական է առաջին հերթին Զվարթնոցի տաճարում կատարած պեղումների համար: Նրանից հետո քաղաքում շատ կառույցների նախագծման և քարտեզագրման աշխատանքներ կատարեց անվանի ճարտարապետ Թորոս Թորոմանյանը: Հետագայում` խորհրդային տարիներին, Դվինի հնավայրն ամբողջովին պեղեցին հայ գիտնականները:
Դվին մայրաքաղաքը հիմնադրվել է IV դարի կեսին հայոց Խոսրով Գ Կոտակ Արշակունի արքայի (330-339) ձեռամբ: Խոսրով Կոտակն իր կարճատև թագավորության ընթացքում երկու հիմնարար գործ կատարեց. Դվին մայրաքաղաքի հիմնադրումը և Խոսրովի հրաշագեղ անտառի տնկումը, որ իրականացվեց Վաչե Մամիկոնյան սպարապետի ձեռքով:
Չնայած հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Դվինի տարածքը բնակեցված է եղել դեռ հազարամյակներ առաջ: Այստեղ հայտնաբերվել են նախաքրիստոնեական տաճարների մնացորդներ, բազում հնագիտական գտածոներ:
Պատմիչները Դվինի հիմնադրումը կապում են այն փաստի հետ, որ Արաքս գետը փոխել էր հունը և մայրաքաղաք Արտաշատի մոտ ճահճուտներ էին առաջացել, որոնք անբարենպաստ միջավայր էին ստեղծել մայրաքաղաքի գոյատևման համար: Եվ հայոց արքան Արտաշատից ոչ հեռու գտնվող բլուրների վրա ձեռնարկում է նոր քաղաքի շինարարությունը:
Խոսրովի անտառները թագավորը տնկում է մայրաքաղաքի կլիման բարեկարգելու նպատակով: Նա այնտեղ նաև արքունական որսատեղիներ է ստեղծում` բուծելով վայրի կենդանիներ:
Կարճ ժամանակում Դվին մայրաքաղաքն արդեն մարդաշատ է դառնում, հիմնականում` Արտաշատից այնտեղ վերաբնակեցվածների հաշվին:
Մարզպանական Հայաստանում Դվինը Արտաշատի հետ դարձավ պարսիկ մարզպանների նստավայրը: Ճիշտ է, Խոսրով Կոտակն իր մայրաքաղաքը տեղափոխեց Դվին, սակայն նրա հաջորդներից Արշակ Երկրորդը (350-368) հայոց արքունիքը տեղափոխեց նախ Արշակավան, ապա` կրկին Արտաշատ: Միայն հայոց իշխան Ներսես Բագրատունին 481 թ. Դվինը վերջնականապես հռչակեց Հայաստանի մայրաքաղաք: VII դարում ոմն Ռուբեն իշխան Դվինը դարձրեց իր նստավայրը, ապա այն դարձավ Հայոց իշխանների նստավայր ու քաղաքամայր:
Արդեն VII դարում Դվինը բազմամարդ քաղաք էր: 640 թ. արաբները, գրավելով քաղաքը, կոտորեցին 12000 և գերեվարեցին 35000 մարդ: 863 թ. Դվինն ավերվեց երկրաշարժից, բայց արագ վերականգնվեց:
Արաբական արշավանքների ժամանակ Դվինը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն էր, այլև դարձավ ավելի ընդարձակ վարչատարածքային միավորման` Արմինիայի կենտրոնը, որտեղ նստում էր Արմինիայի կառավարիչ-ոստիկանը: Արմինիան միավորում էր ոչ միայն Հայաստանը, այլև Վրաստանն ու Աղվանքը:
Միջնադարում Դվինը Մերձավոր Արևելքի նշանավոր քաղաքներից էր: Ամենահամեստ հաշվարկներով` քաղաքում 150000 մարդ էր ապրում, բացարձակ մեծամասնությունը` հայեր: Հայերից զատ միջնադարում Դվինում հաստատվել էին նաև այլազգիներ, հիմնականում` արաբներ, պարսիկներ, ասորիներ, հույներ:
Քաղաքը, գտնվելով միջազգային տարանցիկ առևտրական ուղիների խաչմերուկում, արագ բարգավաճեց, բազմացավ նրա բնակչությունը: Դվինը հայկական, վրացական, արաբական և բյուզանդական աղբյուրներում հիշատակվում է որպես վաճառաշատ քաղաք, որ առևտրական կապեր ուներ Մերձավոր Արևելքի երկրների, Բյուզանդիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ: Քաղաքում զարգացած էին արհեստները: Հատկապես մեծ հռչակ էին վայելում Դվինում արտադրվող ապակին, կավամանները: Քաղաքում զարգացած էր նաև մետաղագործությունը, բրուտագործությունը, մետաքսագործությունը, ոսկերչությունը, խեցեգործությունը: Ի թիվս այլոց, Դվինում մշակվում և արտահանվում էր նշանավոր որդան կարմիրը:
Դվինն աչքի է ընկել նաև դրամահատությամբ: Արմինիայի ոստիկանների` Դվինում հատած դրամները ժամանակին միջազգային շրջանառություն են ունեցել: Դրանցից հայտնաբերվել են անգամ հեռավոր Սկանդինավյան երկրներում: Դվինը նաև ժամանակին մեծ մաքսակետի դերակատարություն է ունեցել միջազգային առևտրական ուղիների խաչմերուկում:
Դվինը աչքի էր ընկնում պաշտպանական ամրակուռ կառույցներով: Քաղաքի երկշերտ պարիսպների բարձրությունը հասնում էր 20 մետրի, իսկ հաստությունը` մինչև 15 մետրի: Պարիսպներն ամրապնդված էին աշտարակներով, արտաքինից` 5-7 մետր խորությամբ և 50-70 մետր լայնությամբ խրամով, որ պաշարումների ժամանակ լցվում էր ջրով: Քաղաքի կենտրոնում` բարձր բլրի վրա, գտնվում էր միջնաբերդը` արքայական պալատով: Պալատի դիմաց մեծ հրապարակ էր, որ հավանաբար նախատեսված էր զորքերի զորահանդեսի կամ տողանի համար: Առհասարակ Դվինը հռչակված էր իր աշխարհիկ ճոխ շինություններով:
Դվինը Հայաստանի մյուս քաղաքների նման բաղկացած էր երեք մասից. միջնաբերդ, բուն քաղաք կամ Շահաստան, արվարձաններ: Շահաստանը քաղաքի ամենամեծ հատվածն էր: Նրա կենտրոնում կաթողիկոսական նստավայր-պալատն էր: Դվինը հայոց կաթողիկոսական նստավայր է եղել 475-914 թթ.: Շահաստանն էլ իր հերթին արտաքինից պաշտպանված էր պարիսպներով: Շահաստանում էր գտնվում նաև քաղաքային շուկան: Շուկայում էին գտնվում իջևանատները, քարավանատները:
Միջնաբերդը քաղաքի վրա իշխող դիրք ուներ: Այն պարսպապատված էր: Միջնաբերդում արքայական երկհարկանի պալատն էր` իր բոլոր հարմարություններով:
Անգամ արվարձաններում հայոց թագավորները շքեղ արքայական պալատներ ու շինություններ ունեին:
Դվինը մայրաքաղաքի կարգավիճակը պահպանեց մինչև X դարի սկիզբը, երբ Բագրատունի արքաներից Սմբատ Առաջինը (890-914), պայքարելով արաբական գերիշխանության դեմ, մայրաքաղաքը Դվինից տեղափոխեց Բագարան:
Սմբատ Ա Բագրատունու գահակալությունը սերտորեն կապված է Դվին մայրաքաղաքի հետ: Դեռևս 893 թ. ահեղ երկրաշարժը ցնցեց քաղաքը և ավերակների կույտի վերածեց այն` խլելով տասնյակ հազարավոր մարդկանց կյանք: Հայոց արքան զբաղված էր ավերված մայրաքաղաքի վերականգնումով, երբ ստիպված էր հետ մղել Ատրպատականի արաբ ամիրաների հարձակումները: Արաբները գրավեցին Դվինը, Հայաստանը և գերելով Սմբատ Առաջինին, քաղաքամիջում խաչին գամեցին նրան և գլխատեցին:
Հետագայում Աշոտ Բ Երկաթը (914-928) վերականգնեց իրերի նախկին վիճակը, Հայաստանն ազատագրեց արաբներից, սակայն Դվինում պահպանվեց արաբական ամիրայությունը, որը, սակայն, ենթակա էր և հարկ էր վճարում հայոց թագավորներին:
Աբաս Բագրատունի թագավորը (928-953) Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխեց Կարս: Սակայն Դվինը մնաց որպես Հայաստանի ամենամեծ քաղաքը մինչև Անիի մայրաքաղաք հռչակվելն ու արագ բարգավաճելը: Այնտեղ հաստատվել էր քրդական ծագումով Շադդադյան դինաստիան, որ հարկ էր վճարում հայոց թագավորությանը: Պետք է նշել, որ Շադդադյանների տիրապետության շրջանում Դվինի մահմեդական տիրակալները սաստիկ հալածել են հայերին, քանի որ Զաքարյանները, ազատագրելով Դվինը, հայ և վրաց պատմիչների հավաստմամբ, այնտեղ պատժիչ գործողություններ են իրականացրել` կոտորելով հազարավոր այլազգիների:
Բագրատունիների թագավորության կործանումից հետո Դվինի երկրորդ բարգավաճումը եղավ Զաքարյանների իշխանապետության տարիներին: 1203 թ. Զաքարյաններն այն ազատագրեցին սելջուկյան տիրապետությունից, և Դվինը դարձավ Իվանե Զաքարյանի նստավայրը:
Դվինի կործանումը կապված է Խորեզմի շահ Ջալալ էդ-Դինի 1225 թ. դեպի Հայաստան և Վրաստան կատարած արշավանքի հետ, իսկ մոնղոլական տիրապետության շրջանում այն մարդաթափվեց և դարձավ սովորական գյուղական բնակավայր:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
