Խոլեստերին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 22, 2012 14:50

Ինչպե՞ս նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ ժողովրդական միջոցներով: Այս խնդիրն առաջնահերթ է շատ-շատերի համար: Սակայն պետք է նախ իմանալ, թե ինչի համար է  խոլեստերինն օրգանիզմում: Հասկանալի է, որ ոչ ինքնանպատակ ու անիմաստ, կնշանակի` ինչ-որ բանի համար:

Ուրեմն ի՞նչ է խոլեստերինն ու ինչի համար է

Խոլեստերինն ու խոլեստերոլը հոմանիշներ են: Խոլեստերինը հարկավոր է օրգանիզմին D վիտամինի մշակման, ավելի ճիշտ` կորտիզոլի, կորտիզոնի, էստրոգեն ու պրոգեստերոն կանացի և արական տեստոստերոն հորմոնների մշակման համար, ինչպես նաև մասնակցում է  նյարդային բջիջիների աշխատանքին:

Ֆինլանդիայում 90-ականներին ակտիվորեն քարոզում էին խոլեստերինը նվազեցնող մթերքները: Խանութներում հայտնվեց 0% յուղայնությամբ կաթնամթերք: Դրանից հետո Ալցհեյմերի հիվանդության աճ նկատվեց: Ուստի սահմանափակումներում ծայրահեղություններ  պետք չեն:

Հայտնի է, որ խոլեստերոլը լինում է բարձր ու ցածր : Առաջինն անհրաժեշտ է վերը թվարկված բոլոր օգտակար գործերի համար, իսկ երկրորդի դեպքում գոյանում են խոլեստերինային թերթիկները: Դրա համար էլ արյան  վերլուծության ժամանակ հաշվի է առնվում նաև այդ 2 տեսակների հարաբերակցությունը` աթերոգեն գործակիցը:

Ինչպե՞ս է զարգանում աթերոսկլերոզը: Սկզբում զարկերակի պատին միկրոբորբոքում է առաջանում  ազատ ռադիկալների կամ էլ վարակների պատճառած վնասվածքներից: Իսկ հետո օրգանիզմը բջջային պատերն ամրացնում է խոլեստերինային շերտավորմամբ, որոնք արյունից հավաքում են ավելի ու ավելի շատ նյութեր այնքան, մինչև դառնում են թերթիկներ: Իսկ այն անոթը, որի վրա շատ են նմանատիպ թերթիկները,  կորցնում է առաձգականությունը, ու բնականաբար նեղանում է արյան հոսքի լուսանցքը: Աթերոսկլերոզի հետևանքով օրգանիզմի ընդհանուր ծերացում է առաջանում, քանի որ օրգանիզմը թերսնվում է:

Սակայն ավելի բարդ են սուր հետևանքները, ստենոկարդիան, արյան բարձր ճնշման հիվանդությունները, միոկարդի ինֆարկտը, առկայծող առիթմիան, կաթվածը: Իսկ շաքարային դիաբետի ու խոլեստերինի միահյուսման հետևանքով հիվանդի մոտ առաջանում է կուրություն, լրջորեն վնասվում են ոտքերի զարկերակները, ինչը ի վերջո հանգեցնում է  անդամահատման անխուսափելիության:

Խոլեստերինային հավասարակշռության ավելի մեղմ խախտում է  լեղաքարային հիվանդությունը: Թանձր լեղու դեպքումառաջանում են քարեր, որոնք, ի դեպ, հիվանդության սկզբում դեռևս հնարավոր է լուծել ու դուրս բերել օրգանիզմից:

Ինչպե՞ս կարելի է  արյան մեջ նվազեցնել խոլեստերինը ժողովրդական միջոցներով:

Նախ` հարկ է նշել, որ ոչ բնական միջոցներից արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնում է ստատինը: Սա քիմիական միջոց է, որն արդյունավետ է լուծում այդ խնդիրը, ու , ի դեպ, աշխարհում վաճառքի իմաստով ամենագնայուն դեղորայքներից է: Սակայն կա մի խնդիր. այն, ինչը արագ է ազդում, որպես կանոն, ունենում է նաև հետևանքներ: Ստատինի դեպքում ստացվում է հետևյալ գծապատկերը. խմում ենք ստատին, նվազեցնում ենք արյան մեջ խոլեստերինի մակարդակը, սակայն, մեծանում է սրտանոթային անբավարարության հիվանդությունների ռիսկը: Ավելին, նման բուժումից հետո մեծանում է թրոմբի, միոկարդի, ինսուլտի հավանականությունը, սակայն  խոսքը դեղատնային, սինթեզված ստատինի մասին է:

Մինչդեռ ստատին գոյություն ունի նաև բնության մեջ: Օրինակ` լրիվ անվտանգ է համարվում  ֆիտոստատինը` կարմիր ֆերմենտացված բրնձի մեջ: Հաջորդ մթերքը վուշի ձեթն է: Սակայն այս դեպքում հարկավոր է ուշադիր լինել, քանի որ այն կարելի է կիրառել միայն որպես լրացում  կենդանական ծագման օմեգա 3 թթուներին: Ուստի այն ևս լավ միջոց է  խոլեստերինը կարգավորելու գործում, սակայն` չափավոր:

Ձկան յուղ. սա թերևս ամենապարզ ու մատչելի տարբերակն է, խոլեստերինի նվազեցման լավագույն միջոցը: Այն վաղուց է արտադրվում պատիճներով, և հեշտ է կուլ տալը:

Խոլեստերինի 20%-ն այնուամենայնիվ օրգանիզմ է մտնում սննդի հետ: Յուղալի սննդակարգ` գումարած ձու, և աթերոսկլերոզը երաշխավորված է: Իսկ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը նվազեցնող սնունդը հիմնականում բջջանք պարունակող  բանջարեղենն է: Եվ պետք է հիշել, որ ֆիզիկական մեծ ակտիվության հետ ավելի շատ խոլեստերոլ է ծախսվում հորմոնների սինթեզի  ու նյութափոխանակության համար: Ուրեմն, համապատասխանաբար էլ  ճարպոտ սնունդ կարելի է օգտագործել, իսկ սակավաշարժության դեպքում օրական 100 գ ճարպը չափից շատ է:

Ո՞ր տարիքից է հարկավոր հսկել խոլեստերինի մակարդակը

Ցավոք, աթերոսկլերոզը (խոլեստերինային նստվածքն արյունատար անոթներում) սկսվում է երիտասարդ տարիքից: Առաջին ուսումնասիրությունները կատարել են ամերիկացիները` հերձելով  Կորեայում զոհված երիտասարդ զինվորներին:

Եթե խախտում եք սննդակարգը, սակավաշարժ եք, ապա արյան բարձր ճնշման հիվանդություններ կարող են առաջանալ 40-ում  կամ էլ 50-ում` ստենոկարդիա: Այսօր սրտամկանի ինֆարկտն ու կաթվածը երիտասարդացել են: Շատերը արդեն 40 տարեկանում  ստիպված են օրական մի քանի դեղ խմել ճնշումն իջեցնելու համար, իսկ դրա փոխարեն ավելի դյուրին է լյարդի մաքրումը, որտեղ էլ, ի դեպ, ծնվում է ճիշտ և սխալ խոլեստերինը:

Իսկ խոլեստերինի բարձր մակարդակն ու աթերոսկլերոզն անուշադրության մատնել ոչ մի կերպ չի կարելի: Այն, ի վերջո, անպայման կհանգեցնի լուրջ հետևանքների:

Խոլեստերինի մակարդակը նվազեցնելու մի քանի միջոց

Եթե ասում են, որ ձեր արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, ապա դա նշանակում է, որ արյան մեջ փափուկ, դեղնավուն գոյացությունները շատ են: Իսկ եթե այդ գոյացությունները կուտակվում են զարկերակների պատերին, ապա  հնարավոր է, որ դրանք խցանեն անոթները` հանգեցնելով արյան հոսքի կրճատման, ինչը հղի է  սրտի նոպայով, ինֆարկտով կամ էլ ստենոկարդիայով:

Բանն այն է, որ օրգանիզմն ինքն է խոլեստերին արտադրում բնական կերպով, սակայն, խնդիր է ծագում այն ժամանակ, երբ ավելցուկ է առաջանում:

Իսկ լավ կամ վատ խոլեստերինը տարբերակելու համար հարակավոր է իմանալ, որ  սննդային խոլեստերինն այն է, որը սնունդն է պարունակում (հիմնականում` կենդանական ծագում ունեցող). օրինակ` 1 ձվի մեջ 275 մգ խոլեստերին կա, իսկ խնձորի մեջ` ամենևին: Ամերիկացի մասնագետներն ասում են, որ հարկավոր է խոլեստերինի ընդունվող քանակը հասցնել  օրական 300 մգ-ի կամ, ավելի լավ է`200 մգ-ի:

Հարկավոր է հետևել քաշին. որքան «լիքն եք», այնքան շատ խոլեստերին է ձեր օրգանիզմն արտադրում: Քաշի ավելացումն ուղիղ համեմատական է օրգանիզմում խոլեստերինի ավելացմանը: Յուրաքանչյուր 0,5 կգ քաշը խոլեստերինի մակարդակը 2 նիշով ավելացնում է:

Կրճատեք ճարպերի քանակը, այլ կերպ` միսը, կարագը, պանիրը: Հնարավորության դեպքում դրանք փոխարինեք  ձկնեղենով, թռչնամսով,  ցածր յուղայնությամբ մթերքներով ու եգիպտացորենի, արևածաղկի կամ էլ սոյայի ձեթով:

Եթե հնարավորություն ունեք, անցեք զեյթունի ձեթին:

Ձու շատ ուտել չի կարելի, սակայն դա չի նշանակում, որ այն լրիվ պետք է սննդակարգից հանել:

Ճիշտ կլինի  լոբազգիներ օգտագործել. այս  սննդարար ու ոչ այնքան թանկ սննդատեսակը պարունակում է պեկտին անունով ջրում լուծելի բջիջներ, որոնք պատում են խոլեստերինն ու օրգանիզմից դուրս բերում  ավելի շուտ , քան այն կհասցնի վնասել: Ի դեպ, խոլեստերինը նվազեցնող հատկություն ունեն բոլոր լոբազգիները:

Մրգերը նույնպես պեկտինի պարունակության շնորհիվ նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Վարսակի թեփը նույնպես լոբազգիների  նման ազդեցություն ունի:

Դիտվել է 7981 անգամ:
Print Friendly

Leave a Reply