«Ռումեա»-ի անհանգիստ «զոհերը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 25, 2012 15:00

«Մենք անընդհատ զանգում էինք, նրանք պատասխանում էին` սպասե’ք: Երբ, վերջապես, զանգահարեցինք Ռուբիկ Գրիգորյանի բջջային հեռախոսին, նա մեզ խոստացավ, որ անպայման կգնանք Ջերմուկ»:

Սա հատված է այն նամակից, որը հղել էին «Անկախին» բնապահպանության նախարարության մի շարք աշխատակիցներ` իրենց բողոքն ու դժգոհությունն արտահայտելով «Ռումեա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ՍՊԸ-ի  և դրա տնօրեն Ռուբեն Գրիգորյանի նկատմամբ: Բանն այն է, որ ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1917-Ն որոշմամբ` այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած «Սոցիալական փաթեթի» շրջանակներում շատ պետական աշխատողներ այս տարի որոշեցին իրենց հասանելիք 80.000 դրամին համարժեք ծառայություններից օգտվել` ամռան տապին ընտրելով Հայաստանի առողջարանային վայրերում հանգստանալու տաբերակը: Նման տարբերակ էին նախընտրել նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները, որոնք էլ հանդիսանում են մեզ ուղարկված նամակի հեղինակները:

«Սոցիալական փաթեթ» ծրագիրը նորություն էր մեր երկրում և անմիջապես հետաքրքրություն առաջացրեց դրանից օգտվողների շրջանում: Այդ փաթեթից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունները: Տրամադրվող սոցիալական փաթեթների սահմանաչափը մեկ անձի կամ մեկ դրույքի համար կազմում է 132000 դրամ: Այս գումարի 52.հազար դրամը պետք է պարտադիր տրամադրվի բժշկական ապահովագրությանը, իսկ մնացած 80.000-ը` 3 ուղղություններով ըստ ցանկության`  հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքում:

Հանգստի կազմակերպման հարցում, որպես միջնորդ մարմիններ, կառավարության որոշմամբ, մեր քաղաքացիներին պետք է փորձեն օգտակար լինել մի շարք զբոսաշրջային գործակալություններ, որոնք ներառված են «Սոցիալական փաթեթի» հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների ցանկում: Այդ օպերատորներից մեկն էլ վերը նշված «Ռումեա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ՍՊԸ-ն է, որի տնօրենն է Ռուբեն Գրիգորյանը: Վերջինս այս ընթացքում մի քանի անգամ մամլո ասուլիսների է մասնակցել` ինչպես հարկն է գովելով իր ընկերությունը: Սակայն պարզվում է` գովեստի այդ խոսքերն այնքան էլ արդարացված չեն, քանզի  այդ օպերատորի մատուցած ոչ բարեխիղճ աշխատանքն ու այդպես էլ համապատասխան ծառայություն չտրամադրելը ամռան տապին և հանգստի պիկ շրջանում հարուցել է մի շարք պետական ծառայողների դժգոհությունը, զայրույթն ու վիրավորանքը:

Ահա սա էր պատճառը, որ այս մասին իրենց դժգոհությունները որոշեցին «Անկախի» միջոցով բարձրաձայնել բնապահպանության նախարարության` հանգստից կիսով չափ զրկված և մեկ ամիս շարունակ նյարդային ապրումներ ունեցած մի քանի աշխատակիցներ, որոնք դիմել էին «Ռումեա»-ին իրենց Ջերմուկ քաղաքում առողջարանային հանգստի փաթեթ տրամադրելու համար:

Բնապահպանության նախարարության հաշվապահության բաժնի աշխատակից Վ. Մելքոնյանն ու իր գործընկերները մեզ տրամադրեցին մի նամակ, որում, մասնավորապես, ներկայացվում է հետևյալը.

«2011 թ. դեկտեմբերի 29-ի ՀՀ կառավարության «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1917 և 1923 որոշումների հիման վրա մենք` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներ Վ. Մելքոնյանը, Գ. Մինասյանը և Մ. Զաքարյանը, որոշեցինք օգտվել մեզ հասանելիք հանգստի համար տրամադրվող սոցիալական փաթեթի ծառայություններից: Այդ նպատակով հուլիսի 9-ին այցելեցինք «Ռումեա» տուրիստական գործակալություն, որը տուրիզմով զբաղվող այն գործակալություններից մեկն է, որոնք ընդգրկված էին սոցնախարարության հետ այս հարցում համագործակցող գործակալությունների ցանկում: Երբ մտանք «Ռումեա» գործակալություն, այնտեղ տիրում էր կատարյալ քաոս. դժգոհ մարդկանց դեմքեր, նյարդայնացած վիճակ և բավականին տհաճ մթնոլորտ: Դիմեցինք Ալլա անունով աշխատակցուհուն, նա շատ ալարկոտ հայացքով նայեց մեզ և խորհուրդ տվեց սպասել:

Երկար սպասելուց հետո մտանք գործակալության տնօրեն Ռուբիկ Գրիգորյանի մոտ: Նա մեզ խոստացավ շուտափույթ կազմակերպել մեր հանգիստը: Համապատասխան փաստաթղթերը հանձնելուց հետո մեզ ասացին. «Դուք գնացեք, ձեզ կզանգենք, կգաք պայմանագիր կնքելու»: Դարձյալ զուր սպասումներ, նյարդային վիճակ և անորոշություն: Հուլիսի վերջին դարձյալ այցելեցինք պարոն Գրիգորյանին, նա մեզ ասաց. «Ինչու՞ եք անհանգստանում, ես ասել եմ` կգնաք, ուրեմն` կգնաք»: Երբ պահանջեցինք պայմանագիր կնքել և տալ հաշիվ ապրանքագիրը` գումարը փոխանցելու համար, նա ասաց. «Դուք խնդիր չունեք, համարեք, որ արդեն Ջերմուկում եք: Այդպիսով մենք, ձևակերպելով մեր արձակուրդը, փաստորեն, մնացինք խաբված: Շուրջ մեկ ամիս Ռ. Գրիգորյանը մեզ տանել-բերելով, զուր հույսեր տալով, թե անպայման կգնանք, այդպես էլ ոչինչ չարեց, և մենք ճարահատյալ մեր արդեն իսկ ձևակերպված արձակուրդի վերջին օրերին դիմեցինք մեկ այլ օպերատորի, որը, ջանք չխնայելով մեզ համար, կազմակերպեց 6-օրյա հանգիստ Ջերմուկի առողջարաններից մեկում, այն նույն առողջարանում, որը խոստացել էր «Ռումեան»:

Նամակից դուրս նախարարության աշխատակիցները հայտնեցին նաև, որ իրենք դիմել են նաև Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչություն, որպեսզի այս գործակալության հարցը քննարկվի և վերանայվի այն որոշումը, թե ում հետ են համագործակցում, և ինչ իրավունքով է «Ռումեան» արհամարհում կառավարության որոշումները:

«Անկախը» զրուցեց նաև  «Ռումեա»-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանի հետ: Նա, բնականաբար, հերքեց իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները` պնդելով, որ ինքն ամեն ինչ արել է իր բոլոր հաճախորդներին, այդ թվում` վերոնշյալ կանանց իրենց ցանկացած առողջարանում հանգիստը կազմակերպելու համար: Փորձեց ներկայացնել օրենքի որոշ կետեր, աշխատանքային կարգն ու քայլերի հերթականությունը: «Անկախի» ներկայությամբ Ռ. Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցավ Վ. Մելքոնյանի հետ: Վերջինս կրկնեց այն, ինչ ասվել էր մեզ հետ զրույցում, սակայն պարոն Գրիգորյանը, չընդունելով իր մեղքը, այնուամենայնիվ, այդպես էլ ներողություն չխնդրեց տիկին Մելքոնյանից և նրա գործընկերներից, միայն հասկացավ,  որ նախարարության աշխատակիցները դժգոհ են իրենից: Ու վերջ:

 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 4375 անգամ:
Print Friendly

Leave a Reply