Առաջնահերթությունների խառնաշփոթ կամ գնա մեռիր, արի` սիրեմ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 24, 2012 7:00

Ինչո՞ւ գիտաշխատողները կառավարության «Սոցիալական փաթեթ» ծրագրի շահառուներ չեն, և ե՞րբ կընդգրկվեն ծրագրում: Տարեսկզբից ԳԱԱ միացյալ արհկոմը փորձում է ստանալ այս հարցերի պատասխանները, բայց ապարդյուն:

«Մենք խնդրել ենք հստակ պատասխանել, բայց  հստակ պատասխանի փոխարեն Իզերգիլ տատիկի հեքիաթն են պատմում` ինչ է եղել, ինչ չի եղել: Մեզ դա չի հետաքրքրում: Ուզում ենք իմանալ հստակ` երբ են տալու: Պատասխան չկա, ինչը նշանակում է, որ չեն տալու,- ասում է Միացյալ արհկոմի նախագահ Կիմա Միքայելյանը:- Ոչ մի ակնկալիք չունենք, քանի որ պատասխանում ոչինչ չի գրված»:

Ապրիլին արհկոմի` վարչապետին ուղղված նամակը ուղարկվել է ֆինանսների նախարարություն, որին հաջորդել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի պատասխանը. «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» 1917-Ն որոշման մեջ հստակ սահմանված են այն պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների և նրանց աշխատողների ցանկերը, որոնք հանդիսանում են «Սոցիալական փաթեթի» շահառու: Այդ որոշման համաձայն`  սոցիալական փաթեթի շահառու են հանդիսանում միայն կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ: Ցավոք, 2012 թ. «Սոցիալական փաթեթի» ծրագրի շրջանակներում գիտության ոլորտը ներառված չէ: Սակայն դա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը չի կարևորում գիտության ոլորտի դերը Հայաստանի Հանրապետության համար»:

Ապա ֆինանսերի նախարարը, կարծես արդարացնելու համար գիտաշխատողներին ծրագրում չընդգրկելը, նշում է, որ օրինակ` բուհերը, մանկապարտեզները ևս չեն ընդգրկվել «Սոցիալական փաթեթի» շահառուների ցանկում: Ապա հավելում է, որ «կառավարությունը կարող է այլ ոլորտների աշխատակիցներին «Սոցիալական փաթեթի» ծրագրում ընդգրկելու իր ռազմավարությունն իրականացնել միայն աստիճանաբար` տարիների ընթացքում»:

Միքայելյանը նշում է, որ այս պատասխանը բավարար չէ. հարցրել են մի բան, ստացել մեկ այլ հարցի պատասխան. «Պետական մարմինների պատասխանը բավարարող կլիներ այն դեպքում, եթե մեզ ասեին` այս ժամանակ դուք էլ կստանաք: Վերացական մի պատասխան են գրել»:

Միացյալ արհկոմի նախագահի տեղակալ Ազատ Սարգսյանն էլ նշում է, որ կառավարության հիմնավորումը, թե կրթության ոլորտի ոչ բոլոր կազմակերպություններին են ընդգրկել «Սոցիալական փաթեթի» ցուցակում, ընդունելի չէ. «Մենք չենք ասում` ինչու եք մի մասին ընդգրկել, մյուս մասին ոչ: Մենք հարցնում ենք` մեզ ինչո՞ւ չեք ընդգրկել և ե՞րբ ենք ընդգրկվելու ծրագրում»:

«Անկախի»` «Արդյոք 2013-ին գիտաշխատողները կընդգրկվե՞ն «Սոցիալական փաթեթի» ծրագրում» հարցի պատասխանը ստանալու փորձերն էլ ապարդյուն անցան: Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Իրինա Այվազյանն «Անկախին» տեղեկացրեց, որ հարցը դեռևս քննարկման փուլում է, և որոշված չէ, թե որ ոլորտի ներկայացուցիչներն այս տարի կընդգրկվեն ծրագրում. «Որոշ ժամանակ անց` երկու շաբաթից գուցե ավելի պարզ լինի»:

Միքայելյանն ասում է, որ սոցիալական փաթեթի ծրագրում ընդգրկված լինելը ոչ միայն ուշադրություն կլիներ գիտաշխատողի նկատմամբ, այլև` կոնկրետ սոցիալական օգնություն. «Փաթեթը գիտաշխատողի համար մեծ նշանակություն ունի. Դրա  տված հնարավորություններով գիտաշխատողը կկարողանա շատ հարցեր լուծել: Շատերի երեխաները սովորում են բուհերում, և պետք է մուծեն ուսման վարձ, գումարի մի մասը դրա համար կարող են օգտագործել: Ոմանք կարող են դա օգտագործել բուժման համար: Մեր աշխատողները բուժման գնալու որևէ հնարավորություն չունեն: Տարեկան անվճար բուժում սահմանափակ թվով  աշխատողների համար կարողանում ենք ապահովել, բայց դա շատ  քիչ է»:

Սարգսյանն էլ գիտաշխատողների` «Սոցիալական փաթեթի» շահառուների ցանկում չընդգրկվելը բացատրում է որպես  ընդհանուր վերաբերմունքի մասնակի դրսևորում:  «Այս բոլորը գիտությունների ակադեմիայի, գիտության նկատմամբ մեր հարգարժան իշխանությունների արհամարհական վերաբերմունքի  շղթայի առանձին օղակներ են: 2005-ին կառավարությունը գիտության ոլորտի բարեփոխման հայեցակարգ էր մշակել,  որում նախատեսվում էր, որ 2010-ին գիտությանը պետք է հատկացվի ՀՆԱ-ի 1 տոկոսը: 2010-ի նոր հայեցակարգում գրված է, որ 2020-ին գիտության ֆինանսավորումը պետք է հասցնել ՀՆԱ-ի 1-1,5 տոկոսի,- ասում է Սարգսյանը:- 2020-ին գիտությամբ զբաղվող մարդիկ թոշակի անցած կլինեն, երիտասարդությունն էլ գիտության ոլորտ չի գա, քանի որ աշխատավարձը չի բավարարում: Այսինքն` գիտությունը Հայաստանում վերացնելու ավելի կարճ ճանապարհ չկա: Այդ վերաբերմունքն է, որ դրված է նրանց գործունեության հիմքում»:

Նշենք,որ կառավարությունը սոցիալական փաթեթի հաստատման կարգը սահմանել է 2011-ի դեկտեմբերի 29-ին: Ըստ այդմ` «Սոցիալական փաթեթ» հատկացվում է ՀՀ պետական մարմինների, կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների աշխատակիցներին:

Կառավարությունը  «Սոցիալական փաթեթի»  հատկացման հիմնական նպատակներից է համարում աշխատողների սոցիալական կարիքների բավարարումը, աշխատողների մոտիվացումը և աշխատանքի արդյունավետության բարձրացումը, պետական մարմիններում աշխատանքի գրավչության բարձրացումը, պետական մարմիններից դեպի մասնավոր  հատված կադրերի հոսունության կրճատումը:

Սոցիալական փաթեթում ընդգրկված  կազմակերպությունների ցանկը նայելիս, սակայն, տարակուսանք է առաջանում, թե ինչ առաջնահերթությամբ է ընտրությունը կատարվել. օրինակ` մի՞թե կինեմատոգրաֆիան, համերգային  կազմակերպություններն ավելի կարևոր են, քան գիտությունը, մի՞թե, օրինակ,  Հայաստանի ազգային կինոկենտրոնի վաստակն ավելին է, քան ԳԱԱ-ինը:

Բայց առնվազն տարօրինակ է, որ օրինակ`  կինեմատոգրաֆիայի ոլորտի կադրերի արտահոսքը մտահոգում է գիտելիքահենք տնտեսության ջատագով պետական այրերին, իսկ գիտնականներինը` ոչ: Ավելին, առիթի դեպքում հայտարարում են, թե ուղեղներ արտահանող երկիր լինելը նորմալ է գլոբալացված աշխարհում:

Դիտվել է 3155 անգամ:
Print Friendly

Leave a Reply