Ուշացած ծուղրուղու

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 26, 2012 7:00

Հայաստանի անկախացումից հետո ավանդույթ է դարձել, որ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերից առաջ հայկական նամականիշներ են թողարկվում` նվիրված այդ ստուգատեսներին: Նախատեսված էր «Լոնդոն-2012»-ի օլիմպիական խաղերից առաջ էլ նամականիշ թողարկել: Ահա, ստուգատեսն ավարտվել է, բայց ոչ մի նամականիշ չկա: Ի դեպ, սովորաբար այնպես է արվում, որ նամականիշը տպագրվի և արդեն օլիմպիական խաղերում ներկայացված լինի: Ինչպես հայտնի է, ամառային օլիմպիական խաղերի օրերին օլիմպիական խաղերի մայրաքաղաքում կազմակերպվում են օլիմպիական թեմաներով նամականիշների հավաքածուների ցուցահանդես-մրցույթներ, և արժանավորներին որպես պարգև հանձնվում են օլիմպիական խաղերի մեդալներ: Եվ հավաքածուներ կազմողներին հետաքրքրում են տպագրված նոր նամականիշները: Մասնավորապես, Պեկինում 2008-ին կայացած ցուցահանդես-մրցույթին մասնակցած մեր երկրի ներկայացուցիչ, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության նամականիշների թողարկման հանձնաժողովի անդամ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Կուպալյանն իր հետ տարել էր նաև նոր թողարկված հայկական նամականիշը:

Ինչևէ, փաստն այն է, որ այժմ սպասում են, թե երբ, ի վերջո, կտպագրվի հայկական օլիմպիական նոր նամականիշը: Դա այն դեպքում, երբ խաղերը վաղուց ավարտվել են, պատմություն դարձել: Ստացվում է, որ արվածը կնմանվի ուշացած ծուղրուղուի:

Պարզելու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, դիմեցինք Յուրի Կուպալյանին:

Նա հայտնեց, որ որոշվել էր օլիմպիական խաղերին նվիրված ոչ թե մեկ, ինչպես նախորդ անգամ, այլ երեք նամականիշ թողարկել: Ընդ որում, դրանք խորհրդանշելու էին այն մարզաձևերը, որոնցում Հայաստանի ներկայացուցիչները նախկինում օլիմպիական խաղերում ծանրակշիռ հաջողությունների են հասել` ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ: «Նախկինում միշտ էլ օլիմպիական խաղերին նվիրված երեք նամականիշ էր թողարկվում: Միայն 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերին նվիրված մեկ նամականիշ է թողակվել, և որոշեցինք ավանդույթը վերականգնել: Խաղերի շեմին այդ նամականիշների էսքիզներն արդեն պատրաստ էին, արժանացել էին հանձնաժողովի հավանությանը, բայց առայժմ ոչ մի նամականիշ չի թողարկվել, պատճառի մասին ոչինչ չեմ կարող ասել: Փաստն այն է, որ «Հայփոստը» դրանք վաճառքի չի հանել»,- ասաց փորձառու ֆիլատելիստը:

Սակայն հարցը սրանով չի փակվում: Մինչև օլիմպիական խաղերը պետք է թողարկվեր նաև Հայաստանի օլիմպիական խաղերի չեմպիոնների շարքի վերջին գեղաթերթիկը, որի վրա պետք է լինեին հրաձիգ Հրաչյա Պետիկյանի, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանի, ըմբիշներ Մնացական Իսկանդարյանի և Արմեն Նազարյանի պատկերով նամականիշներ: Պատճառը դարձյալ հայտնի չէ:

Մնում է հուսալ, որ առաջիկայում այդ նամականիշները նույնպես կթողարկվեն:

Ի դեպ, դեռ նախորդ տարվանից չկա մեր երկրի` Հայաստանի շախմատի թիմային առաջնությունում հաղթող դարձած տղամարդկանց հավաքականին նվիրված նամականիշը:

Կուպալյանը տեղեկացրեց, որ նամականիշի էսքիզը շատ գեղեցիկ է: Պատկերված են չեմպիոնների դեմքերը: Էսքիզի քննարկման ժամանակ նախարարության ներկայացուցիչն առարկել է` ասելով, որ նամականիշի վրա կարելի է միայն օլիմպիական խաղերի չեմպիոնների դիմանկարները պատկերել, իսկ աշխարհի չեմպիոններին այդ պատվին չի կարելի արժանացնել: Այդպիսի կարգ է սահմանվել: Գերատեսչության ներկայացուցիչն առաջարկել է դիմել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա որոշի, թե ինչ տեսք պետք է ունենա աշխարհի չեմպիոններին նվիրված նամականիշը: Այդպես էլ հարցը մնացել է բաց: Սակայն սա այն դեպքն է, երբ չէր կարելի հապաղել, և ուրախալի իրադարձության կապակցությամբ անմիջապես պետք էր նամականիշ պատրաստել: Ամեն օր չէ, որ Հայաստանի ներկայացուցիչներն աշխարհի չեմպիոն են ունենում: 2011-ին գործը չի արվել: Նախատեսվել է, որ 2012-ի երկրորդ կիսամյակում բացը կլրացվի, դարձյալ ոչ մի առաջխաղացում:

 

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply