Ինչպե՞ս էր Գարրի Կասպարովը Ստամբուլում խանգարում Հայաստանի հավաքականի շախմատիստներին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 23, 2012 7:14

Ստամբուլում կազմակերպված Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը փառահեղ հանդես եկավ և արժանիորեն  երրորդ անգամ դարձավ  հեղինակավոր այդ ստուգատեսի չեմպիոն: Օլիմպիադայի մասին դեռ երկար կխոսվի: «Անկախի» հարցերին  պատասխանեց օլիմպիադայի տեխնիկական ադմինիստրատիվ պանելի (TAP) ղեկավար, միջազգային ճանաչված մրցավար Աշոտ Վարդապետյանը: Այս կառույցը պատասխանատվություն էր կրում մրցաշարի համակարգչային աշխատանքների համար. վիճակահանություն, թիմերի կազմերի հստակեցում, մրցափուլերից առաջ խաղացողների ցուցակների ճշտում, արդյունքների ամփոփում, խաղացողների շախմատային տարբեր նորմաների լրացում, կոչումների շնորհում և այլն: 

Ահազանգեր շատ կային, որ ստամբուլյան օլիմպիադայում լուրջ բացթողումներ են եղել: Այդ մասին Թուրքիա այցելելուց հետո բացահայտ նշել է նաև շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Ինչպիսի՞  թերություններ էին դրանք:

– Չի կարելի ասել, թե ստամբուլյան օլիմպիադայում  մեծ թերություններ են եղել, այդուհանդերձ, այն  իդեալական չէր կազմակերպված, որոշ խնդիրներ կային: Հյուրանոցային համարները թանկ էին և չարժեին այնքան, ինչքան վճարն էր: Մասնակիցների 70 տոկոսն  իջևանել էր մրցավայրին մոտ, օդանավակայանից ոչ հեռու  գտնվող «WOW» հյուրանոցում: Հյուրանոցը և սնունդը նորմալ էր, պարզապես այդ ամենը չէր համապատասխանում սահմանված ֆինանսական պահանջներին: Իսկ մրցավայրը հյուրանոցից 1,5 կմ հեռու էր:  Մասնակիցների տեղափոխությունն ավտոբուսներով էր իրականացվում, սակայն ովքեր ցանկանում էին ոտքով տեղ հասնել, ստիպված էին անցնել անհրապույր արդյունաբերական տարածքով` քարուքանդ տաղավարների միջով, որոնցում ցուցահանդեսներ են կազմակերպվում:

 Կազմակերպիչներն ի՞նչ ծախսեր էին հոգում:

– Ամեն թիմի տրամադրվում էր մեկ մեկտեղանոց համար, մյուսները երկտեղանոց համարներ էին: Եթե երկտեղանոց համարի փոխարեն օլիմպիադայի մասնակիցը ցանկանում էր մեկտեղանոց  համար զբաղեցնել, ապա լրացուցիչ օրական 100 դոլար էր վճարում: Իսկ մեկ օրվա վարձը 250 դոլար էր: Հայաստանի տղամարդկանց հավաքականի բոլոր խաղացողները մեկտեղանոց համարներում էին: Բայց քանի որ պատվիրակությունների կազմերում այլ մարդիկ էլ կային, ստացվում էր, որ պետք է  խոշոր գումարներ վճարել: Խաղասրահը լավն էր, բայց  խնդիրներ էին առաջանում տղամարդկանց զուգարանից օգտվել ցանկացողների համար: Լրացուցիչ զուգարաններ էին սարքավորվել շինությունից դուրս, իսկ դա շախմատիստների համար անհարմարություններ էր ստեղծում:

 Իսկ սննդի ապահովման  հարցում ի՞նչ դժգոհություններ կային:

– Սնունդը միօրինակ էր. ճաշին և ընթրիքին գրեթե նույն տեսականին էր հրամցվում: Իսկ երբ մրցաշարը երկար է, դա հոգնեցնող է:

 Օլիմպիադայում թույլ մրցակիցներ չկային, սակայն մեր շախմատիստների համար ամեն ինչ շատ լավ դասավորվեց: Կարելի՞ է ասել, որ պատահականությունն է օգնել:

– Կարծում եմ, որ հաջողությունը մերոնց ուղեկից է եղել, հատկապես` վերջին մրցափուլում: Այդուհանդերձ, մերոնց հաղթանակն օրինաչափ է: Ի դեպ, երբ վիճակահանության ժամանակ Ռուսաստանի, Ադրբեջանի հավաքականներին բաժին էին հասնում թույլ մրցակիցներ, մեր շախմատիստների կողմից ինչ-որ չափով դժգոհություններ էին հնչում, թե ինչու է այդպես ստացվում, ես բացատրում էի, որ ի վերջո դա կարող է այդ թիմերին վնաս հասցնել: Եվ այդպես էլ եղավ, Ռուսաստանի հավաքականը նույն ցուցանիշով առաջին տեղը զիջեց մեր թիմին միայն այն պատճառով, որ ավելի թույլ թիմերի հետ էր մրցել:

 Ադրբեջանի ներկայացուցիչների հետ շփումներ եղա՞ն:

– Դրանք չէին կարղ բացառվել, քանի որ մրցաշարի ընթացքում տարբեր հարցեր էին առաջանում: Բացի այդ, շատերին երկար ժամանակ է` ճանաչում եմ: Այդուհանդերձ,  սահմանակից երկրի ներկայացուցիչներն այս անգամ էլ որոշ տարածություն պահպանում էին: Բացի այդ, 2016-ի օլիմպիադան Բաքվում կազմակերպելու խնդիր կար, ուստի նրանց համար ցանկալի չէր, որ որևէ լարվածություն առաջանա: Համենայն դեպս, շախմատային հարցում որևէ խնդիր նրանց հետ չի եղել: Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Ֆայիկ Հասանովը մեր շախմատիստների հաղթանակի կապակցությամբ անձամբ շնորհավորեց ինձ:

 Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հրապարակավ հայտարարել է, որ տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին, որ առաջարկելու է 2016-ի օլիմպիադան  Բաքվում անցկացնել, և վերջինս որևէ առարկություն չի հայտնել: Եղե՞լ է այդպիսի բան:

– Ստամբուլում կազմակերպված Շախմատի միջազգային ֆեդերացիայի համաժողովի ընթացքում, որին  մասնակցում էի, Իլյումժինովն այդպիսի բան չի ասել, սակայն  հասկացրեց, որ այդ թեմայով խոսել է Սերժ Սարգսյանի հետ, և վերջինս իրեն հստակ պատասխան չի տվել: Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ 1996-ից սկսած, երբ Երևանը հյուընկալել էր  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին, մեր երկրում բազմաթիվ շախմատային խոշորամասշտաբ ստուգատեսներ են կազմակերպվել` աշխարհի թիմային, պատանեկան  առաջնություններ, 2014-ին էլ Եվրոպայի առաջնությունն է կայանալու, մինչդեռ այդ ընթացքում Ադրբեջանում շախմատային խոշոր պաշտոնական միջազգային մրցաշարեր չեն անցկացվել: Դեր խաղաց  նաև այն հանգամանքը, որ այլընտրանք չկար: Բանն այն է, որ խնդիր էր դրվել` օլիմպիադան անցկացնող երկիրը նաև պետք է կազմակերպի 2015-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: Ադրբեջանի ներկայացուցիչները պատրաստ էին դրան: Բաքվի հետ մրցում էին Տալլինը և Ալբենան: Վերջինս Բաքվի հիմնական մրցակիցն էր և կարող էր լավ անցկացնել օլիմպիադան, սակայն հրաժարվեց հյուրընկալել աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներին: Փաստորեն, բուլղարական քաղաքը մեխանիկորեն դուրս մնաց մրցապայքարից: Մինչդեռ ադրբեջանցիները նախատեսել են մեծ փողեր ծախսել, և ՖԻԴԵ-ի ներկայացուցիչները պարզապես հնարավորություն չունեին մերժելու, որ աշխարհի գավաթի խաղարկությունը, օլիմպիադան չկայանան Բաքվում:

 Գարրի Կասպարովը հաշտվել է ՖԻԴԵի ղեկավարության հետ, պայմանավորվել է համագործակցել: Ի՞նչն է դրա շարժառիթը:

– Անհասկանալի է, շատ բան պարզ չէ: Հայտնում են, որ ՖԻԴԵ-ի ղեկավար կազմի արդար ընտրությունների անցկացման համար Կասպարովի և նրա համախոհների կողմից մի շարք բարեփոխումների առաջարկներ են եղել, և որոշել են համատեղ աշխատել:

 Կասպարովը  ՀայաստանՌուսաստան մրցամարտի ժամանակ թիմերի խաղացողների թիկունքին էր կանգնած: Նա առհասարակ խոսե՞ց:

– Այդ մասին շատ բան չէի ցանկանա ասել, բայց նա անընդհատ բարձրաձայն բացականչություններ էր անում, և դրանք լսելի էին խաղացողներին, նաև` մարզիչներին: Կասպարովն անթաքույց ցավում էր Ռուսաստանի հավաքականի համար և մրցամարտի մասին ոգևորությամբ խոսում այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանի հետ:

 Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նախկինում Թուրին և Դրեզդեն է այցելել, երբ մերոնք դարձել էին օլիմպիադայի հաղթող: Ինչո՞ւ այս անգամ նա  Ստամբուլ չեկավ:

– Վերջին  երկու տուրերից առաջ անկանխատեսելի իրավիճակ էր, և պարզ չէր` մերոնք կհաղթե՞ն, թե՞ ոչ: Եվ ցանկալի չէր, որ նախագահը գար և ոչ նպաստավոր վիճակում հայտնվեր: Բայց  նախագահը և մենք միշտ հավտացել ենք, որ մերոնք հաղթելու են:

Դիտվել է 1804 անգամ:
Print Friendly

Leave a Reply