Ընտանեկան բռնություններ. երկու հաջող-անհաջող պատմություն

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | September 22, 2012 7:11

Խնդրով զբաղվողներն ասում են` հայ կանայք ամաչում են բարձրաձայնել, որ ընտանիքում իրենց իրավունքները ոտնահարվել են:

 Ասում են՝ «բռնությունը» ժամանակակից տերմին չէ: Դրա արմատները մեր երկրում այնքան խորն են, որ մի քանի սերնդի հիշողության թելը բավարար չէ հիշելու և պատմելու բռնությունների ամենատհաճ, ամենադաժան դրսևորումների մասին:

Վերջերս ամերիկյան հեղինակավոր «Նյու ֆեմիլի սթորի» ընկերության ընտանեկան հոգեբանության տեսաբանները եկան այն եզրակացության, որ ընտանեկան բռնությունները հիմնականում սկսվում են տղամարդու` ընտանիքի հոր անհաջողություններից:

«Անկախը» երկար ժամանակ էր պատրաստում այս նյութը: Զրուցում ու շփվում էինք այն մարդկանց հետ, ովքեր կյանքի բերումով հայտնվել են ծանր կացության մեջ` ենթարկվել են բռնության:

Բռնության զոհ դարձածներն իրենք են խոստովանում, որ ինչ-որ չափով մեղավոր են: Մեղավոր են, որ աղմուկ չեն բարձրացրել, մեղավոր են, որ դիմացել են հալածանքներին, ճնշումներին ու չեն գնահատել սեփական կյանքի գինը:

Մենք ընտրել ենք երկու հերոս: Նրանք երկու մոտ, երկու հեռու «հարևաններ» են:

Բռնություն ամուսնության գիշերը

 Մեր հերոս Մարինեն (անունը փոխված է իր իսկ խնդրանքով,- հեղ.) արցունքներն աչքերին հիշում ու պատմում է իր կյանքում պատահած առաջին բռնության դեպքի մասին.

– Գիտեք, ամուսինս իմ նկատմամբ գործադրեց բռնություն հենց մեր ամուսնական առաջին իսկ գիշերը, որը շարունակվեց մեր համատեղ կյանքի տասնութ տարիների ընթացքում:

Նա հիմա 36 տարեկան է, ունի մեկ դուստր: Ամուսնացել է, երբ ընդամենը 18 տարեկան է եղել:

– Դե սիրահարվել էի, խելքս կերել էր, ծնողներիս մոտ էլ նա նորմալ, կիրթ տպավորություն էր թողել, կարծես թե ամեն ինչ լավ էր լինելու: Բայց իմ ցանկությունները, երազանքներն այդպես էլ մնացին երազանք: Դրանք չիրականացան, հակառակը՝ կյանքը շատ ծանր հարվածներ հասցրեց,- պատմում է Մարինեն:

Նա ասում է, որ ամեն ինչ հարկադրաբար է արել:

– Ամուսինս, իսկի չեմ էլ ուզում այդ բառն ասել, ինձ պարտադրում էր ունենալ ոչ  ավանդական սեռական հարաբերություններ, ինչին չհամաձայնելու դեպքում պատժում էր ամենադաժան ձևերով: Ուզում եմ բերել օրինակներ, չվախենաք: Օրինակ՝ մի անգամ փորձեց գրել «սիրո» խոստովանություն՝ լուցկու հատիկները մեջքիս հանգցնելով,- նշում է Մարինեն:

Բա ծանոթ, հարևան, բարեկամ չկա՞ր, որ հաշտեցնեին ձեզ,- հետևեց մեր հարցը:

– Գիտեք, նա առանց թաքցնելու դավաճանում էր ինձ, և ծեծում էր անգամ այն ժամանակ, երբ հղի էի, դրա հետևանքով վաղաժամ ծննդաբերեցի, ու բժիշկներն այդպես էլ չկարողացան փրկել երեխայիս կյանքը: Չեք պատկերացնի, իսկական բռնատիրություն էր. նա անգամ թույլ չէր տալիս ինձ շփվել հարազատներիս, ընկերներիս հետ, էլ չեմ խոսում հարևանների հետ շփվելու մասին:Չէր թողնում դուրս գալ տնից: Ես մի ամբողջ կյանք ապրել եմ չորս պատերի ներսում, իսկ դրանք կյանքի լավագույն տարիներն էին. երիտասարդություն, որ ինձ տրված չէր վայելելու համար,- տխուր ձայնով պատմում է մեր զրուցակիցը:

Բայց նրա հետ ինչ-որ բան կատարվեց, ասաց, որ էլ ոչինչ չի պատմելու, որ իր կյանքը ուրիշների համար ծիծաղելի կլինի: Մի բաժակ ջուր խմելուց հետո Մարինեն սթափվեց մեր հարցից.

Բա ինչո՞ւ չփախաք տնից...

– Մի քանի անգամ հեռացել եմ նրանից, բայց ապարդյուն: Հիշում եմ՝ դեռ տարիներ առաջ մի անգամ դիմեցի ոստիկանություն, երբ նա ինձ դաժանաբար ծեծել էր ու գազի բալոնով հարվածել գլխիս, սակայն լսելով հարևաններիս ու ծանոթներիս՝ ստիպված էի հետ վերցնել դիմում-բողոքը: Վերադարձա տուն: Հասկացա, որ ինձ նոր կյանք է պետք, մի փոքրիկ տնակ, որտեղ կկարողանամ նորմալ ապրել:

Դիմեցի քրոջս: Դժվարությամբ, բայց երևի ստիպված ինձ օգնեց, նա ապահովված է: Տուն վարձեց ու ասաց. «Եթե վերադառնաս մարդուդ մոտ, էլ ինձ չդիմես, չեմ օգնելու»:

Որոշ ժամանակ անց քույրը նրան ծանոթացնում է իր ամուսնու ընկերներից մեկի հետ: Նրանք սիրահարվում են:

– Երևի վեց-յոթ ամիս շփվելուց հետո որոշեցինք ամուսնանալ: Ես բոլոր մանրամասներով պատմեցի անցած կյանքս: Հիմա (արդեն ժպտում է) ունեմ հրաշալի աղջիկ, որը մանկապարտեզ է գնում, երեքուկես տարեկան է, երջանիկ ապրում ենք:

 Երբ ծնվում է Մարինեի երեխան, իմանում են, որ նախկին ամուսինը մահացել է:

– Ճապոնական մի ասացվածք հիշեցի՝ եթե ուզում ես թշնամուդ հաղթել, սպասիր ծովի ափին ու կտեսնես, թե ինչպես են տեղափոխում նրա դիակը: Մեռած մարդու հետևից բան չես ասի՝ բայց նա լավ մարդ չէր,- եզրափակեց Մարինեն:

Արհամարհված սեփական ընտանիքում

 Մեր մյուս հերոսը` Քրիստինեն (անունը դարձյալ փոխված է) ավելի երիտասարդ է, ընդամենը` 21 տարեկան: Երբ խոսում է, կարծես մի քանի անգամ ամուսնացած լինի: Կյանքի մասին իր պատկերացումներն ավելի քան բացասական են: Կյանքի առաջին ապտակը դպրոցական տարիներին էին:

– Կհավատա՞ք, որ իմ կյանքում չեմ տեսել հայրական ջերմություն և խնամք: Հայրս տարիներ շարունակ արհամարհում ու նսեմացնում էր ինձ, նույնիսկ չէր ցանկանում բավարարել կենցաղային տարրական պահանջներս: Գրեթե ամեն օր հարբած գալիս էր տուն, նվաստացնում ու ծեծում ինձ ու մորս: Նա չէր աշխատում, թմրամիջոցներ էր օգտագործում ու խոշոր պարտքեր կուտակում: Երբ դարձա 16 տարեկան, մորս ասացի, որ պետք է բաժանվի: Իմ արտահայտությունից մայրս հանկարծակիի եկավ: Բայց մայրս ախր ամուսնության 22 տարիների ընթացքում հանդուրժել էր ծեծը, հայհոյանքը, անտարբերությունն ու արհամարհանքը, բազմաթիվ ու բազմաբնույթ դավաճանությունները, քանի որ փորձում էր պահպանել մեր ընտանիքը՝ հույս ունենալով, որ մի օր կարժանանա ամուսնու սիրուն, ջերմ և ուշադիր վերաբերմունքին: Բայց այդ ամենը միայն ու միայն երազանք էր:

Քրիստինեն, տեսնելով հոր` բռնություն գործելու հարուստ երևակայությունը և իրեն ու մորը նվաստացնելու բուռն ցանկությունը, որոշում է դիմել ոստիկանություն: Մայրը դա ծանր է տանում, ասում է` ամեն դեպքում ավելի արդար է նրան լքելը, քան ոստիկաններին հանձնելը: Կինը երևի համատեղ ապրած 22 տարիները մի վայրկյանում չէր ուզում ջուրը գցել:

– Մի օր էլ հայրս եկավ տուն, ու ասաց. «Տունը ծախում եմ, եթե չծախեմ ու փողերը չտամ` ինձ կսպանեն»: Մայրս էլ պատասխանեց՝ թող սպանեն: Նրանք նորից վիճեցին: Հիշում եմ` դանակը ձեռքիս մոտեցա հորս ու ասացի՝ եթե մի անգամ էլ ձեռք բարձրացնի մորս ու ինձ վրա, կխփեմ ու չեմ զղջա: Նա մի քիչ հանդարտվեց…

Վերջապես հայրը հասնում է իր ուզածին, վաճառում է բնակարանը: Կնոջն ու երեխային թողնելով անտուն՝ հեռանում է անհայտ ուղղությամբ:

– Բարեկամ ունեինք, որն անշարժ գույքի գործ է անում: Խնդրեցինք մի քանի ամսով ապաստան տալ, չմերժեց: Անցավ երևի մի ամիս, մեր բարեկամը՝ Գեղամը, եկավ ու ասաց, որ գործ է ճարել մեզ համար: Մորս բաժին հասավ գործավարուհու հաստիքը, ինձ՝ մատուցողուհու: Աշխատում ենք մինչև հիմա ու գոնե խիղճներս հանգիստ ապրում ենք,- ասաց Քրիստինեն:

Եվ մեր այն հարցին, թե չի՞ ցանկանում ընտանիք կազմել, ասաց.

– Արդեն ընկեր ունեմ, մաման տեղյակ է, սիրում ենք միմյանց: Եթե ամեն ինչ լավ լինի, գուցեև ամուսնանանք, բայց ընկերոջս ասել եմ՝ զոքանչդ մեր տանն է ապրելու, նա էլ դեռ որ համաձայն է:

Ի դեպ, ևս մի դեպք, որ օրերս հրապարակեց news.am կայքը: 29-ամյա Անժելայի ամուսինը ոչ միայն ծեծել ու նվաստացրել է նրան, այլև փորձել է կնոջը «պատիվ տալ» այլ տղամարդկանց: Այս մասին հենց կայքի թղթակցի հետ զրույցում պատմել է Անժելա Ստեփանյանը (անուն-ազգանունը փոխված է):

Նրա խոսքով, ինքը ընտրության հնարավորություն չի ունեցել, քանի որ ամուսինը փախցրել է իրեն: Իսկ ամուսնական կյանքի ընթացքում միշտ իրեն անօգնական ու միայնակ է զգացել: Երեխաների դաստիարակությամբ ու խնամքով ևս միայն ինքն է զբաղվել:

– Ամուսինս չարաշահում էր ալկոհոլը, նորմալ չէր աշխատում, ծեծում էր ինձ, խանդի տեսարաններ սարքում, վիրավորում, նվաստացնում, հայհոյում, իսկ մեր բնակարանը տվեց խաղատան պարտքի դիմաց: Վերջին շրջանում ամուսինս ինձ մշտապես բռնաբարում էր: Բայց ամենասոսկալին այն էր, երբ ասաց, որ ինձ «պատիվ է տալու» այլ տղամարդկանց, ես չէի կարող այլևս մնալ այդ տանը և փախա գյուղ` մորաքրոջս տուն:

– «Մի անգամ փորձեց գրել «սիրո» խոստովանություն՝ լուցկու հատիկները մեջքիս հանգցնելով»

– «Կհավատա՞ք` իմ կյանքում ես չեմ տեսել հայրական ջերմություն և խնամք: Հայրս տարիներ շարունակ արհամարհում ու նսեմացնում էր ինձ, նույնիսկ չէր ցանկանում բավարարել կենցաղային տարրական պահանջներս»:

– Տուն վարձեց ու ասաց. «Եթե վերադառնաս մարդուդ մոտ, էլ ինչ չդիմես, չեմ օգնելու»:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 3036 անգամ:
Print Friendly

Leave a Reply