Հայաստանն ու Արցախը` ընդհանուր տաղավարով

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 20, 2012 13:10

Փարիզում կայացավ «Top Resa» 2012 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը

Տնտեսական ճգնաժամի հետևանքով, թեև համաշխարհային տնտեսության մի շարք ճյուղեր, այդ թվում նաև զբոսաշրջությունը, անկում ապրեցին, սակայն դա այնքան էլ խորը չանդրադարձավ Հայաստանի զբոսաշրջության վրա: Ու չնայած 2009 թ. համաշխարհային զբոսաշրջային այցելությունների անկմանը` մեր երկրում միջազգային զբոսաշրջային ժամանումների անկում չարձանագրվեց: Նշենք, որ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: Վիճակագրական տվյալների համաձայն` 2001-2008 թթ. Հայաստան կատարած միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 25 տոկոս: Եվ որքան էլ զարմանալի է, 2009 թ.  2008-ի համեմատ արձանագրվել է 5,8 տոկոսի աճ: 2010-ին զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15,8 տոկոս:

Այս տարվա հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում հանրապետություն է ժամանել 281034 զբոսաշրջիկ` 2011-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 5.1% աճ: Նշենք նաև, որ յուրաքանչյուր տարի մեր երկիր է ժամանում միջին հաշվով մոտ 750 հազար զբոսաշրջիկ, որոնցից յուրաքանչյուրը երկրի ներսում ծախսում է մոտ 450-1000 դոլար:

Ուշագրավ է, որ վերջերս Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած 2012-2013 տարեկան մրցունակության զեկույցի համաձայն՝ Հայաստանը 10 կետով բարելավել է իր դիրքը` 92-րդ հորիզոնականից  բարձրանալով 82-րդ տեղը: Այս փաստը ևս առիթ է տալիս մտածելու, որ մեր երկրի տնտեսության մրցունակությունն աստիճանաբար մեծանում է` նպաստելով զբոսաշրջային վարկանիշի բարձրացմանը: Իսկ նախորդ տարվա National Geographic Traveler համաշխարհային հայտնի ամսագրի հրատարակած միջազգային քվեարկության արդյունքների համաձայն` Հայաստանը «էքստրեմալ հանգիստ» անվանակարգում ներառվել է առաջատար երեք պետությունների շարքում: Այս հանգամանքը ևս դրական է անդրադառնում մեր երկրի` համաշխարհային շուկայում ազգային ապրանքանիշի ներկայացման և գովազդման վրա` դրսևորելով զբոսաշրջային լավագույն արդյունք:

Զբոսաշրջության ոլորտի այս առաջընթացը պայմանավորված է այն հանգամանքով, որ  Հայաստանը պարբերաբար մասնակցում է համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսներին` ներկայացնելով իր զբոսաշրջային արդյունքը միջազգային հանրությանը: Նման խոշոր ցուցահանդեսներից  մեր երկիրը մասնակցել  է անցյալ տարի նոյեմբեր ամսին, Լոնդոնում կայացած Համաշխարհային զբոսաշրջային շուկաների առաջատար միջազգային տարեկան ցուցահանդեսին, իսկ այս տարվա մարտին ազգային մրցունակության հիմնադրամը հայրենական 8 զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ ներկայացել է Մոսկվայում կայացած «MITT 2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Հայաստանը մասնակցել է նաև Բեռլինում տեղի ունեցած «ITB 2012» միջազգային ցուցահանդեսին: Նման բարձր վարկանիշ ունեցող ցուցահանդեսները  բարձրացնում են մեր երկրի գրավչությունը և վարկանիշը միջազգային շուկայում, ինչը մեծացնում է պոտենցիալ զբոսաշրջիկների թիվն ավելացնելու հնարավորությունը:

Այս օրերին Փարիզում անցկացվում է միջազգային զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդեսներից մեկը` «TopResa 2012»-ը, որտեղ այս անգամ բացառության կարգով Հայաստանը ներկայանալու է աշխարհին ԼՂՀ-ի հետ նույն տաղավարով: Այս կապակցությամբ Ազգային մրցունակության հիմնադրամը երկարատև բանակցություններ է վարել: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, բացի թիրախային նախաձեռնություններից,մտադիր է Հայաստանին զուգահեռ միջազգային շուկաներում նպաստել նաև Արցախի զբոսաշրջային ներուժի ներկայացվածությանը, ինչը վերջին շրջանում մեծ թափ է ստացել և նույնիսկ հարուցել ադրբեջանական կողմի դժգոհությունները: Նախ նշենք, որ Ֆրանսիան զբոսաշրջության ոլորտում Հայաստանի համար խոշորագույն շուկաներից մեկն է: Ինչպես տեղեկացրեց Մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը, որը Ֆրանսիայում ներկայացնում է հայաստանյան տաղավարը, մեր երկիրը ֆրանսիացի զբոսաշրջիկների համար իդեալական և գրավիչ երկիր է:

Փաստենք, որ Արցախը, հաշվի առնելով հայտնի պատճառները, միշտ դժվարություններ է ունեցել նմանատիպ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու հարցում, իսկ այս տարի միջազգային ասպարեզ է դուրս գալիս Հայաստանի հետ միասին, մեկ ընդհանուր քարտեզով, որում ներկայացված է Արցախի քարտեզը իր ազատագրված տարածքներով:

Նշենք նաև, որ վերոնշյալ ցուցահանդեսին մեր երկիրը մասնակցում է վեցերորդ անգամ: Ի դեպ, Վրաստանը այս տարի մասնակցություն կունենա առաջին անգամ, իսկ Ադրբեջանը` երկրորդ: Թե ինչպես կընթանա ցուցահանդեսը և ինչպես կզարգանան դեպքերը, դժվար է կանխատեսել, հատկապես` այն պարագայում, երբ այդ միջոցառումը տեղի է ունենում սաֆարովյան բարդ քաղաքական համատեքստում: Քիչ չեն եղել դեպքերը, երբ ադրբեջանական կողմը փորձել է սադրանքներ հրահրել կամ Արցախը ներկայացնող տաղավարները վնասելու փորձեր անել: Նշենք, որ ցուցահանդեսը տևելու է  սեպտեմբերի 18-21-ը, ուստի մաղթենք խաղաղություն և բարի ընթացք մեր հայրենակիցներին:

 Լ.Ն

Հ.Գ.

Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ստացվեց հետևյալ հաղորդագրությունը:

 Սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք TopResa-2012 զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես` ԼՂՀ պաստառները:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ դեպքի մասին իրազեկվելուն պես Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ՀԱՄՀ պատվիրակության հետ համատեղ դեպքի վայր են հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչ կողմի ղեկավարությանը, և միջադեպն արձանագրվել է:

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից բողոքներ են ստացվել Արցախի մասնակցության վերաբերյալ: Հայկական կողմի պահանջով հատուկ հսկողություն է սահմանվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարի մոտ:

Նշենք, որ հայկական տաղավարի նախկին տեսքն ամբողջովին վերականգնված է, և Արցախի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է: Այս պահին ցուցահանդեսն ընթանում է՝ ըստ սահմանված կարգի, իսկ հայկական տաղավարը մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից:

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply