21-ամյա անկախություն. ի՞նչ է այն մեզ համար

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 21, 2012 6:57

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին «այո» պատասխանեց հայ ժողովրդի ավելի քան 99%-ը: Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն:

Այսօր՝ Անկախության հռչակումից 21 տարի անց, անկախության վերաբերյալ կարծիքներն ու զգացողությունները տարբեր են, անգամ` խիստ հակասական: Սակայն գերիշխողը մեկն է՝ անկախությունն արժեք է, որը չպետք է կորցնել, այլ պետք է վերաիմաստավորել ու դարձնել հասարակության յուրաքանչյուր անդամի սեփականությունը:

Անկախության 21-ամյակի առթիվ «Անկախին» իրենց տեսակետներն են հայտնել քաղաքական գործիչներ, մտավորականներ, երիտասարդներ:

«Հայաստանում կես միլիոն մարդ էլ մնացած չէր լինի, եթե մենք անկախություն չստանայինք». Պարույր Հայրիկյան

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, ազգային-քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը, որը կանգնած է անկախության պայքարի ակունքներում, այս 21 տարիների ընթացքում Հայաստանի ամենահիմնական ձեռբերումը համարում է այն, որ Հայաստանը չի դատարկվել. «Հայաստանում կես միլիոն մարդ էլ մնացած չէր լինի, եթե մենք անկախություն չստանայինք,-համոզված է նա:- Հաջորդ ձեռքբերումն այն է, որ Հայաստանն աջակցեց Արցախին, նաև այն, որ Հայաստանը ենթակա եղավ միջազգային իրավունքին»:

Իսկ այն ամենը, ինչ կարելի էր անել, բայց չարվեց, ըստ Հայրիկյանի, չարվեց այն պատճառով, որ իշխանության եկան «անկախության պայքարի հետ բոլորովին կապ չունեցող մարդիկ». «Իսկ ինչպե՞ս եկան,- հարցնում է Հայրիկյանն ու ինքն էլ պատասխանում,- որովհետև անկախության պայքարի առաջնորդին իրենց պապաներն արտաքսեցին Հայաստանից: Եթե ես արտաքսված չլինեի, Լևոնն  ո՞վ էր, որ դառնար նախագահ…»:

Ինչևէ, Հայրիկյանը կարծում է, որ դեռ ուշ չէ, որպեսզի Հայաստանում լինի կատարյալ ժողովրդավարություն, Հայաստանը դառնա հայերի սեփականությունը, արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ արվեն: Իսկ թե երբ և ինչպես այդ ամենը հնարավոր կլինի, նա պատասխանում է. «Երբ դառնամ նախագահ, կսկսեմ անել, կտեսնեք և կվայելեք»: Խորհդուրդներ չի ուզում տալ ներկայիս իշխանություններին, քանի որ շատ է տվել, բայց «իր կիսագրագետ մրցակիցները յուրացրել են ու փչացրել»:

«Ուղղակի չգիտակցեցինք ողջ պատասխանատվությունը, որ հանգամանքների բերումով ստանձնել էինք»

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ և ներկայումս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը  լավ է հիշում, թե ինչ խանդավառությամբ ընդունվեց անկախությունը, միաժամանակ փաստում է, որ քաղաքական դաշտի պատասխանատուներն իրենց փորձառությամբ, գիտելիքներով, հմտությամբ և որոշումներ կայացնելու ունակությամբ պատրաստ չէին դրան: Նա օբյեկտիվ, անգամ պատմականորեն անխուսափելի է համարում այն վրիպումներն ու սայթաքումները, որոնք եղել են. «Կարևորը, որ չեն եղել  անդառնալի, կործանարար սխալներ,- ասում է նա,- մենք հաղթահարել ենք պատմության քննությունը, և մեծ հաշվով Հայաստանն այսօր վերելք է ապրում»:

Ունեինք, բայց կորցրինք

«1988-90 թվականները մեր ազգային մտածելակերպի, մեր ազգային դիմանկարը վերահաստատելու, հոգևոր-մշակութային և քրիստոնեական արժեքներին վերադառնալու ամենափայլուն շրջանն էր,- խոստովանում է Խոսրով Հարությունյանը,-մենք ազգովի շատ մաքուր էինք, նույնիսկ անաղարտ: Պոռթկումն էր ազնիվ, ջինջ, ոչ մեկին ոչ մի բանում չկասկածող: Դա էլ հենց հանգեցրեց Սեպտեմբերի 21-ին»:

Հիշում է, որ 1991-ի սեպտեմբերի 21-ին` հանրաքվեի օրը, երբ մի խումբ կանադացիների հետ շրջում էին գյուղերում ու քաղաքներում, պարզապես ապշած էին մարդկանց ոգևորությունից. «Մարդիկ ցնծում էին, մարդն իր կովը մատաղ էր անում, նման ոգևորություն ես դեռ չէի տեսել: Ցավոք, հետագա զարգացումներն ավելի շատ եղան հիասթափության տարիներ»:

Այդ հիասթափությունը Խոսրով Հարությունյանը բացատրում է նրանով, որ ժողովուրդը նոր քաղաքական ուժին իդեալականացրել էր, որից փոքր ինչ շեղումն իսկ առաջացնում էր ահռելի ճեղքվածք ակնկալիքի և իրականության միջև: «Այն բարոյական նկարագիրը, որ հանրությունը վստահել և վերագրել էր նորօրյա քաղաքական լիդերներին, չարդարացվեց, քանի որ նրանք բարոյական առումով չդիմացան այդ պատասխանատվությանը»,-նշում է նա:

Այնուամենայնիվ, Խոսրով Հարությունյանը ոչ ոքի չի մեղադրում և կարծում է, որ անցյալը պետք է վերլուծել ու դասեր քաղել: «Մենք` քաղաքական գործիչներիս, այս սերունդը, ուղղակի չգիտակցեցինք ողջ պատասխանատվությունը, որ պարագաների բերումով ստանձնել էինք, և դա հետագայում բերեց համակարգային դեֆորմացիաներ… Ցավոք սրտի, այդ արատները մինչ օրս մեզ ուղեկցում են, դրանք խոցեր են, որոնցից ազատվելը ժամանակի և քաղաքացիների մտածելակերպի փոփոխության հարց է»:

 «Պետք է ստեղծվեն նաև մեր ազգայինը պահպանելու շարժումներ»

«Անկախությամբ մենք նախ և առաջ ձեռք բերեցինք պետականություն, սակայն մի կողմից կորցրինք կրթական, առողջապահական կուռ համակարգերը, արհմիությունների ինստիտուտը և այլն»,- խոսելով անկախության ձեռքբերումների և կորուստների մասին՝ նշում է գրող Կորյուն Առաքելյանը: Միաժամանակ նա համամիտ չէ այն կարծիքին, որ խորհրդային տարիներին ավելի պաշտպանված էին մեր մշակույթն ու ավանդույթները. «Պետք չէ համեմատել, որովհետև երկու դեպքում էլ թերություններ ու առավելություններ կան»:

Նա միայն ցանկանում է, որ այս սերունդը խաղաղ պայմաններում ապրի և տեր կանգնի անկախությանը: «Երիտասարդների մեջ հիմա տարբեր շարժումներ կան՝ կանաչների, բնապահպանության և այլն: Պետք է ստեղծվեն նաև մեր ազգայինը պահպանելու շարժումներ: Մեծերից մեկը մի խոսք է ասել.  «Այն ամենը, ինչ խանգարում է իմ երկրի պետականությանը, դրա դեմ պետք է պայքարել»: Ես ուզում եմ, որ երիտասարդներն այսօր հասկանան պետության ու ազգի առաջնահերթությունները»,- ասում է նա:

«Անկախությունը վերածվել է միֆի…»

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, 28-ամյա Վահրամ Միրաքյանն անկեղծորեն խոստովանում է, որ տոնի զգացողություն չունի. «Գուցե նրանից է, որ երկրի խնդիրներն այնքան շատ են, որ լավատես չեմ մեր ապագայի նկատմամբ, գուցե նրանից, որ անկախություն կոչվածը մեզ բաժին ընկավ այնպիսի ժամանակահատվածում, երբ ազգային պետությունների դերը միջազգային ասպարեզում շատ չնչին է դարձել, իսկ անկախությունը վերածվել է միֆի»:

Ամեն դեպքում երիտասարդ գիտաշխատողը կարծում է, որ անկախության օրվա կարևորությունը նախ և առաջ այն է, որ ևս մեկ առիթ է սթափվելու ու մտածելու, թե ինչպես և ինչ պետք է անենք, որ 150 միլիոնանոց մահմեդականներով երեք կողմից շրջապատված մեր երկիրը գոյատևի, ոչ թե տարվենք ժամանակավոր խաղաղությամբ ու զվարճանքներով:

 «Անկախությունը քո լինելու գրավականն է»

Երիտասարդ դիզայներ Առնո Կուռի համար անկախությունը սոսկ ազատություն չէ, ինչպես շատ երիտասարդներ են ընկալում: «Եթե մեկ բառով, ապա անկախությունը քո լինելու գրավականն է, իսկ մի քանի բառով` ծնողներիդ, ընտանիքիդ, ազգանվանդ, տոհմիդ, ցեղիդ, տեսակիդ` ազգիդ,- թվարկում է նա և ընդգծում,- իսկ այս բոլորը կան, քանի որ կա ամենամեծն ու ամենակարևորը` հայոց լեզուն, հայերեն տառերը, հայերեն մարդիկ, հայերեն երկիրը` իր բոլոր դրսևորումներով` գրականության, ճարտարապետության, գիտության, կերպարվեստի և այլն»:

Ըստ արվեստագետի` անկախության իրավունք ունի միայն այն անհատը, մարդկանց խումբը կամ երկիրը, որը տարբեր է, ունի իր յուրահատկությունը, որով միայն ինքն է բնորոշվում: «Հայերիս ամենակարևոր ու գլխավոր յուրահատկությունը կամ տարբերակիչը մեր լեզուն է,- կարծում է նա,- ուստի ինձ համար անհասկանալի է, որ 21-ամյա Հայաստանը դեռևս դա չի գիտակցել: Փոխարենը ազգային անվտանգության կիզակետում ոչ միայն հայոց լեզուն չէ, այլև դրա պահպանմամբ զբաղվում է Լեզվի տեսչությունը, որի Էլեկտրոնային հասցեն ոչ վաղ անցյալում գրվում էր. «Սաբաչկա մեյլ ռու…»:

Այս կարևոր ու երջանիկ օրվա առթիվ Առնո Կուռը բոլորիս մաղթում է մի հասարակություն, որտեղ ժողովրդին համախմբողը կլինի ոչ միայն ցեղասպանության ցավը, այլև համընդանուր սերը հայոց լեզվի, տառերի նկատմամբ:

«Անկախությունն իմ կրտսեր եղբայրն է. նրա անդաստիարակության հարցում ինձ եմ մեղավոր զգում…»

Երիտասարդ երաժիշտ, բանաստեղծ և լրագրող Արա Ալոյանը նկատել է, որ այս օրերին՝ Հայաստանի անկախության 21-ամյա տարեդարձին ընդառաջ, հասարակությունն ու մեդիան սկսել են տիրաժավորել կարծիքների, խորհրդածությունների ու կարծրատիպերի մի ահռելի խմբաքանակ: «Այստեղ իրավացիորեն կամ հուզականորեն հանդիպում ենք ամենատարբեր բնորոշումների, հարթակներում հայրենասիրական կամ կոսմոպոլիտ խանդավառությամբ կուրծք են ծեծում բազում «հերոսներ… Ոմանք էլ պատմության աղբանոցից հարության նշաններ են ցուցադրում՝ հընթացս հայտ ներկայացնելով քաղաքական, ի մասնավորի՝ նախընտրական բազմաձայն երգչախմբի անդամակցության: Սա` իմիջիայլոց»:

Իրականում, Արա Ալոյանի կարծիքով, անկախության ամբողջ շրջափուլի իսկական հերոսները մնացել են կուլիսներում՝ ինչպես միշտ է լինում ճշմարիտ անհատների պարագայում. «Նրանք «տրաֆարետային» չեն, նրանք զոռբա չեն ու իրենց տեսակը չեն պարտադրում, այլ լռելյայն կրում են հիսուսադավան, քրեստոմատիկ առաքելությունը՝ թումանյանական «գործն է անմահ»-ի ծիրի մեջ»,- ասում է նա: Նրա համար այդ հերոսը մեկը չէ. նա «այս երկրի աղբահավաքն է, հեռախոսավարը, ուսուցիչը, ազատամարտիկը, չարտագաղթածը, արվեստագետը, ներգաղթողն է՝ սիրիահայը, և այլն և այլն…»:

«Հայաստանն, ասում են, Մայր Հայրենիք է: Երևի այդպես է, չգիտեմ, մոր պես հարազատ է ու փխրուն: Սա քնարական զեղման ժանրից է գուցե: Մինչդեռ 21-ամյա Հայաստանն ավելի շուտ երեխա է, որը դեռևս անփորձ է, մկաններ չունի, գորովանքի ու ամենակարևորը՝ խորհրդի կարիք ունի,- մտորում է երիտասարդը,- որովհետև հայրենիքը գթության քույր ու դոնոր չէ, հայրենիքը գործատու և Աբիսողոմ աղա չէ…»:

Արա Ալոյանը անկախությունը համարում է իր կրտսեր եղբայրը, որի անդաստիարակության հարցում իրեն է մեղավոր զգում, ինչպես նաև հպարտանում է նրա նվաճումներով: «Չպետք է անկախ լինել անկախությունից ու հայրենիքից, որովհետև անկախ հայրենիքիցդ հեռու էլ դու, հնարավոր է, ազատություն ու անկախություն ունենաս, բայց, ինչպես կասեր հայտնի արվեստագետներից մեկը, նրա հետ դու կգիտակցես, թե ինչու ես անկախ ու երջանիկ»:

Դիտվել է 1985 անգամ:
Print Friendly

Leave a Reply