Հայաստանում նոր iPhone 5 կհայտնվի մինչև տարեվերջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 20, 2012 11:17

Հայաստանում նոր iPhone 5 սմարթֆոն ներմուծելու շուրջ ընթանում են բանակցություններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Orange» բջջային օպերատորի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

«Մենք այս պահին բանակցում ենք Apple-ի հետ, որպեսզի Հայաստանում iPhone 5-ը կարողանանք ներկայացնել մինչև տարեվերջ»,- նշեց Մարտիրոսյանը: iPhone-ի մանրածախ գինը կներկայացվի վաճառքի մեկնարկի օրը: Չնայած Հայաստանում iPhone 5-ի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությանը` Մարտիրոսյանը նշեց, որ բնակչության կողմից iPhone 5 ձեռք բերելու նախնական հայտեր դեռ չեն ստացվել: «Չի բացառվում սմարթֆոնի գնման նախնական հայտերի հնարավորության ընձեռնումը՝ Apple-ի հետ վաճառքի մեկնարկի ժամկետները համաձայնեցնելուց հետո»,- ասաց Մարտիրոսյանը:

Apple ընկերությունը սեպտեմբերի 12-ին ներկայացրել էր  iPhone 5 սմարթֆոնը: iPhone 5-ի պահանջարկն արդեն կրկնակի գերազանցել է սկզբնական նախատեսված թիվը՝ կազմելով շուրջ երկու միլիոն: Նոր սմարթֆոնը նախորդներից տարբերվում է իր թեթև քաշով, այն կշռում է ընդամենը 112 գրամ, լայնությունը 7,6 միլիմետր է: iPhone 5-ի իրանն ամբողջությամբ ապակուց և ալյումինից է պատրաստված: iPhone 5-ի վաճառքն ԱՄՆ-ում և ևս 8 երկրներում մեկնարկում է սեպտեմբերի 21-ից: Դրա գինը տատանվում է 199-399 դոլարի սահմաններում՝ կախված հիշողության չափից:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply