«ԳԳՄ». Այվազյանի հայտարարությունները չեն համապատասխանում հայտնի փաստերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 20, 2012 10:06
Մամուլում հրապարակվել է «Գլոբալ Գոլդ մայնինգ» ՍՊԸ պարզաբանումը վերջին օրերին «Հայելի» ակումբում, «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» և «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարերի շրջանակում ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի հայտարարությունների վերաբերյալ։
«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն Այվազյանի հայտարարությունները որակել է որպես իրականությանը և հայտնի փաստերին չհամապատասխանող, ինչպես նաև՝ ամբողջովին անհիմն:
Խոսքը մասնավորապես, և ներառյալ, Այվազյանի հայտարարության մասին է, «թե իբր Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի (Դատարան) կողմից իր դեմ կայացրած որոշումը վերաբերում է իր՝ որպես ՀՀ նախարարի կողմից իրականացրած, օրենքով սահմանված գործողությունների դեմ, քանզի նա՝ որպես նախարար, դադարեցրել է Ընկերության՝ Հանքավանի հանքավայրի նկատմամբ ունեցած իրավունքները Ընկերության կողմից իբր «պարտավորությունները չկատարելու» հիմքով, և որ Դատարանն իբր կայացրել է որոշումը 2008թ-ին, սակայն Կատարողական թերթն, իբր, տրվել է 2012թ-ի սեպտեմբերին, ինչն, իբր կապված է նախընտրական գործընթացների, Այվազյանի՝ բնապահպանությանն ուղղված օրինաստեղծ գործառույթների հետ, և թե իբր որոշումն ունի քաղաքական ենթատեքստ։ Այվազյանը նաև հայտարարել է, թե իբր չի ծանուցվել դատական գործընթացների վերաբերյալ, և Դատարանի որոշման մասին իմացել է համացանցից, և պնդել է այլոց (ներառյալ լրագրողների) շահագրգռվածությունը Դատարանի որոշման հետ կապված»։
Ուստի, ընկերությունը ստիպված է բացահայտել հետևյալը.
1. Դատարանը Այվազյանի նկատմամբ Վճիռը կայացրել է 2003թ-ին ՍՀԱ ՍՊԸ (ՍՀԱ) բաժնեմասի գնման պայմանագրի («Պայմանագիր») դրույթների համաձայն։ ՍՀԱ-ն հանդիսացել է Հանքավանի հանքավայրի լիցենզառուն։ Պայմանագրով սահմանվել է, որ Պայմանագրի նկատմամբ պետք է կիրառվի Նյու Յորքի օրենքը, և որ Պայմանագիրն ընդդատյա է Նյու Յորքի հարավային շրջանի դատարանին («Պայմանագրային Ընդդատություն»)։
2. Դատարանը Այվազյանի նկատմամբ Վճիռը կայացրել է Այվազյանի անձնական ունակությամբ (ոչ որպես նախարարի, այլ Այվազյան անձի նկատմամբ), կիրառելի օրենքով Այվազյանին ճանաչելով որպես ՍՀԱ-ի բաժնետերերին ուղղորդող, նրանց որոշումները ղեկավարող ծպտյալ բաժնետեր (պրինցիպալ)։ Վճիռը կայացվել է 2012թ. հուլիսի 10-ին, ուժի մեջ է մտել 2012թ. օգոստոսին, իսկ Վճռի հիման վրա կատարողական թերթը տրվել է 2012թ. սեպտեմբերի 6-ին։
3. Ընկերությունը, շարունակաբար, Այվազյանին պատշաճ կերպով ծանուցել է դատական բոլոր փաստաթղթերի, ներառյալ Դատարանում ընթացող դատական գործընթացի, հայցի, գործով ապացույցների, Դատարան ներկայանալու պահանջների, ինչպես նաև վճռի վերաբերյալ։ Ընկերությունը Այվազյանին ծանուցումներն ուղարկել է գրանցված փոստային առաքումներով՝ 2012թ. հունվարի 25-ին, փետրվարի 28-ին, մարտի 14-ին, ապրիլի 27-ին, հունիսի 7-ին և օգոստոսի 15-ին, Այվազյանի՝ Երևան, Ալեք Մանուկյան 10, բն. 16 և Չարենցավան, 6-րդ թաղամաս, 22 շենք, բն. 13 հասցեներով, և ստացել է նշված հասցեներում ծանուցումների ստացումը հաստատող անդորրագրերը։ Դատական գործով միայն 2012թ. ընթացքում Այվազյանը ստացել է 6 (վեց) ծանուցում։
4. ՍՀԱ-ի բաժնեմասը Ընկերության կողմից ձեռք բերելու ժամանակ ՍՀԱ-ի՝ Հանքավանի հանքավայրում ուսումնասիրության աշխատանքների կատարման պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է ընդամենը 500,000 ՀՀ դրամ։ ՍՀԱ-ի բաժնեմասը ձեռք բերելուց հետո աշխատանքների գումարը Ընկերության կողմից բարձրացվել է մինչև $50,000 ԱՄՆ դոլար։ Այս պարտավորությունների պարագայում Ընկերության կողմից Հանքավանի հանքավայրում կատարված ուսումնասիրության աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է $2,847,755.50 ԱՄՆ դոլար (երկու միլիոն ութ հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր հիսունհինգ դոլար և հիսուն ցենտ), այսինքն՝ 50 անգամ ավել, քան պահանջվել է պարտավորությամբ։
5. Ուսումնասիրության աշխատանքների արդյունքների հաշվետվությունները (բազմաթիվ հատորներ տեքստով և քարտեզներով) ուղարկվել են բնապահպանության նախարարությանը՝ Այվազյանի նախարար լինելու ժամանակ, իսկ հազարավոր նմուշները՝ կրկնօրինակներով, պահվում են Ընկերության պահեստներում մինչ օրս։ Այս պայմաններում, ՍՀԱ-ի լիցենզիան դադարեցվել է, այնուհետև այն փոխանցվել է Այվազյանի վերահսկողության տակ գտնվող այլ ընկերության, այնուհետև վաճառվել երրորդ ընկերության։
Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանում դատական գործընթացի բոլոր փաստաթղթերը հանրորեն մատչելի են, իսկ վճիռը՝ հրապարակային։
«ՓԱՍՏԻՆՖՈ»






Facebook
Tweet This
Email This Post
