Չլուծած առաջադրանքի համար դիմորդները ստացան 1 միավոր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2009 17:14

Մաթեմատիկայի թեստերի ժողովածուՄաթեմատիկայի միասնական քննության բողոքարկման հանձնաժողովը միավորների հրապարակումից հետո երեկ որոշում էր կայացրել, որ 4 թեստերի 59, 60, 61, 62 առաջադրանքները սխալ լուծած կամ չլուծած դիմորդների միավորները կհամարվի դրական` հօգուտ դիմորդի գնահատականը բարձրացնելով 1 միավորով:

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանն այսօր Արմավիրի մարզում նշել է, որ այդ առաջադրանքներն ընդգրկված չեն եղել ծրագրում, դրա համար էլ նման որոշում է կայացվել:

Դիմորդների հետ պարապող դասախոսներից մեկը (ով չուզեց հրապարակել անունը) հաստատում է, որ այդ համարի վարժությունները ծրագրից դուրս են եղել ( օրինակ, լոգարիթմի վարժությունը եղել է երրորդ աստիճանի հավասարում, ինչը ծրագրից դուրս է), բայցևայնպես կարծում է, որ «ընդունող հանձնաժողովը չէր գնա այս քայլին, եթե միավորների ընդհանուր պատկերն այսքան ցածր չլիներ»:

Այսկերպ մաթեմատիկայի քննական թեստում 1 միավոր հօգուտ դիմորդի հաշվարկելով՝ անբավարար ստացած շրջանավարտների թիվն էապես նվազում է՝ 27%-ից հասնելով 20-ի։ Միջին միավորի շեմը «մաթեմատիկայից» 10,8 է, առավելագույն` 17.5-20 միավոր ստացել է շրջանավարտների 5.18%-ը։ 9.473 դիմորդից 20 միավոր վաստակել է 2 դիմորդ:

Մասնագետը նշում է, որ «այն դիմորդները, ովքեր կարողացել են լուծել այդ վարժությունները, տուժել են, քանի որ չլուծած և սրանից գլուխ չհանած դիմորդները հիմա նույնպես միավորներ են ստացել: Սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում դիմորդների համար»:

Դասախոսն ասում է, որ թեստերն ընդհանուր առմամբ բարդ են եղել:

Դիտվել է 1952 անգամ:
Print Friendly

Leave a Reply