«Le Monde». Ադրբեջանի նախագահի անպատեհ այցը Փարիզ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 19, 2012 21:06
NEWS.am-ը որոշ կրճատումներով մեջբերում է միջազգային հարցերով լրագրող Նատալի Նուգերեդի հոդվածը` հրապարակված ֆրանսիական «Le Monde»-ում:
Ադրբեջանական հեռուստատեսությունը, անկասկած, մեծ նշանակություն կհաղորդի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Ֆրանսիա այցին, որին Ելիսեյան պալատում պետք է ընդունի գործընկեր Ֆրանսուա Օլանդը: Փարիզում գտնվելու ընթացքում Ալիեւը պետք է մասնակցի Լուվրի նոր թեւի բացման արարողությանը, որը նվիրված է իսլամի արվեստին: Սակայն քիչ հավանական է, որ Ելիսեյան պալատը ձգտի քարոզել այն առաջնորդի այցը, որի վարչակարգը նմանություններ ունի Թունիսի երբեմնի Բեն Ալիի վարչակարգի հետ
Պատճառը հետեւյալն է. պ-ն Ալիեւը վերջերս «ներում շնորհեց» եւ ազգային հերոսի կոչման արժանացրեց Հունգարիայից արտահանձնված ադրբեջանցի սպային, որտեղ նա 2004թ. ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացներին մասնակցող հայ սպային նողկալի կերպով սպանելու համար դատապարտված էր ցմահ ազատազրկման:
Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով հարձակվել է իր սենյակում քնած հայ սպայի վրա եւ գրեթե գլխատել նրան: Օգոստոսի 31-ին Բաքու վերադառնալով նա իշխանությունների կողմից ընդունվել է իբրեւ հայրենասեր: Այս դրվագը վրդովմունքի ալիք է բարձրացրել Եվրոպայում, եւ Հունգարիա են ուղարկվել բացատրություններ պահանջող նամակներ. կասկածում են, որ Հունգարիան համաձայնել է մարդասպանին արտահանձնել ֆինանսական ծառայությունների դիմաց:
Սկանդալը շատ ինտենսիվ էր Հայաստանում. այդ դրվագն արթնացրեց ղարաբաղյան հակամարտության բոլոր կրքերը: Ադրբեջանում ընդգրկված տարածքը եւ շրջակա շրջանները Հայաստանը «նվաճել էր» արյունահեղ հակամարտության վերջում, որը տեղի էր ունեցել 1988-1994թթ.: Տեղում գործում է հրադադարի փխրուն ռեժիմ, եւ արդեն մեկ տարի է`զինված նոր բախումներ են տեղի ունենում: Տարածքի շուրջ 20%-ի «կորստի» առնչությամբ Բաքվի իշխանությունները փորձում են բորբոքել առանց այդ էլ բորբոքված հասարակական կարծիքը:
Այդ երկրում, որտեղ լրագրողներն ու ընդդիմադիրները իշխանություններին քննադատելու համար բանտ են նստում, դժգոհությունները շոշափելի են: Հատկապես «Փաշաեւների կլանի»` Ալիեւի կնոջ ընտանիքի դեմ, որը վերահսկում է երկրի տնտեսական շատ լծակներ, որտեղ նավթային դոլարներն են հորդում:
Հայաստանի հետ լարված հարաբերությունները հանրության ուշադրությունը շեղելու քաղաքական հարմար պատրվակ են, ինչպես դա ցույց տվեց Սաֆարովի դեպքը: Բացի դա, Ադրբեջանը նավթից ստացած եկամուտների մեծ մասը տրամադրում է ռազմական սպառազինմանը:
Ալիեւը «գիտակցում է, որ մեծ սխալ է թույլ տվել»
Փարիզում դիվանագիտական աղբյուրը վստահեցնում է, որ «Ալիեւը գիտակցում է, որ մեծ սխալ է գործել» Սաֆարովի գործով: Բաքվում անցկացվող PR-ի լայնածավալ աշխատանքը, որի նպատակն է Ալիեւի իմիջի բարձրացումն աշխարհւմ, սպառնալիքի տակ է:
Բռնապետը Փարիզ ժամանեց քաղաքական եւ դիվանագիտական փոթորկի համատեքստում: Ձայն բարձրացրեց Ֆրանսիայի հայ համայնքը, որպեսզի դատապարտի նրա ընդունելությունը: ԱԳՆ-ն «մտահոգություն» հայտնեց Սաֆարովի ներման կապակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
