«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծառայողական քննություն կանցկացվի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 19, 2012 17:27

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին:
ՀՀ արդարադատության նախարարի նույն հրամանով ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները: Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոենակատար է նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը:
Նախարարի հրամանով ծառայողական քննության կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը դրվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի վրա:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նույնպես ծառայողական քննություն կանցկացվի

ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղիազարյանի՝ իրեն ամրացված չհրկիզվող պահարանում «ԻԺ-78-8» մակնիշի գազային ատրճանակ է հայտնաբերվել, կազմվել է արձանագրություն: Հիմք ընդունելով ուսումնասիրությունների վերաբերյալ տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակվելու մասին:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply