Ադրբեջանում փոխվել է մթնոլորտը. Իրանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 19, 2012 17:23

Ազգային փոքրամասնությունների խնդիրը զսպող բան է դառնում Ադրբեջանի համար, այսինքն` Ադրբեջանը չի դիմի ռազմական գործողությունների,  որովհետև դրված է ազգային խնդիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով «Վերջին իրադարձությունները և  Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները»  թեմայով, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Բանախոսը նկատեց, որ Ադրբեջանում փոխվել է մթնոլորտը. “Այդ երկրում այսօր փոխվել է բարոյահոգեբանական մթնոլորտը, փոխվել է արեժաքային համակարգի ընկալումը հասարակության կողմից, և, բնականաբար, այն տեղաբնիկ ժողովուրդները (նկատի ունի ազգային փոքրամասնություններին) եղել են այդ տարածքում և իրենց պետականությունն են ունեցել այդտեղ մինչև, այսպես կոչված, Ադրբեջանի հանրապետության ստեղծումը: Հետևաբար, մթնոլորտի փոփոխության իմաստով Ադրբեջանում գոյություն ունեցող տեղաբնիկ ժողովուրդները, իհարկե, անհանգստացած են այս փաստով, քանի որ երկրում ստեղծվել է մի մթնոլորտ, երբ որ մարդասպանը հերոսացվում է: Ցանկացած երկրի համար սա խնդիր է”:

Ոսկանյանը նաև մի կարևոր իրադարձություն նշեց` կապված Ադրբեջանի Հանրապետության տեղաբնիկ ժողովրուրդների հետ. դա Լենքորանում, որը թալիշաբնակ տարածք է Ադրբեջանի հարավային շրջանում, Թուրքիայի պատվո հյուպատոսության ստեղծումն էր:

“Այդ տարածքում, ընդհանրապես, գրեթե թուրքալեզու բնակչություն չկա, և այդտեղ բացվում է Թուրքիայի պատվո հյուպատոսություն: Սա զարմանալի փաստ է, և այս տեսանկյունից, փաստորեն, Թուրքիան ցանկանում է մուտք գործել մի տարածք, որը պատմականորեն համարվում է Իրանի ազդեցության ոլորտ”,- ասաց իրանագետը` նկատելով, որ սա, փաստորեն, փորձ է Իրանին դուրս վտարելու այս տարածքից”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply