Հայերից հեշտ կառավարվող ազգ չկա. Լևոն Շիրինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 19, 2012 17:01
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի հավատում հունգարաադրբեջանական 3 միլիարդանոց գործարքի մասին տեսությանը` համարելով այն կեղծ: Շիրինյանը այդ ամենի հետևում այլ ուժերի է տեսնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը` խոսելով եվրոպական տերությունների` Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության ու մեր ծառայություների մասին մոռացկոտության մասին:
“Ես 100 տոկոսով համոզված եմ, որ ջինը բաց է թողնվել շշից նույն այն պահին, երբ որևէ հետախուզության պետք է եղել: Ես վստահ եմ, որ դա կառավարվում է: Ես էդ հունգարացի վարչապետի իբրև թե միամիտ քայլին կամ կատարված գործարքին չեմ հավատում”,- ասաց Շիրինյանը` հավելելով, որ եթե իսկապես 3 մլրդ դոլարի գործարք է եղել, ուրեմն թող այդ կտրոնը ցույց տան:
Բանախոսը նշեց, որ սա աշխարհաքաղաքաան և տարածաշրջանային վերադասավորում է, և մենք պետք է շատ ուշադիր նայենք, ստուգենք ու մեր գործն անենք սառը իրականության մեջ և առաջին ռեակցիաները չտանք, քանզի առաջին ռեակցիան առաջացնում է շղթայական ռեակցիա:
Քաղաքագետը աշխարհաքաղաքական այսպիսի իրադարձություններում պատահական ոչինչ չի տեսնում և համարում է ամեն ինչ ծրագրված և փոխկապակցված, և այս իրադրության մեջ Հայաստանի խելամիտ քաղաքականությունն ու ձախողումները, եթե լինում են, տեսնում է պետական կազմակերպվածության մեջ. “Վախենալու բան չկա, պարզապես պետք է աշխատել պետական կազմակերպվածության մակարդակով. մեր վախը պետական կազմակերպվածության և մեր ժողովրդի բնավորության մեջ է”:
Խոսելով եվրոպական տերությունների վարած քաղաքականության և մեր մատուցած պատմական ծառայությունների մասին Եվրոպայի մոռացկության թեմայով` Լևոն Շիրինյանն ասաց. “Ֆրանսիացինե’ր, ձեր Փարիզը մեր արյան գնով է փրկվել”:
Շիրինյանը նաև նշեց, որ փոքր տերությունները պատմականորեն միշտ էլ հեշտ կառավարելի են եղել մեծ տերությունների կողմից, և դա բնական է, սակայն ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ քաղաքագետի` հայերից հեշտ կառավարվող ազգ չկա: Բանախոսը նշեց, որ մեզ խանգարել է մեր զգացմունքայնությունը, և եթե մենք անգլիացիների նման մի փոքր սառնասիրտ լինեինք, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
