Հասարակական նախաձեռնությունը պահանջում է պատժել Վարդան Այվազյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 19, 2012 16:23

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջին օրերին հատուկ խումբ է ստեղծվել` «Վարդան Այվազյանը պետք է պատասխան տա» պահանջով: Խմբին միացած ավելի քան երկու հարյուր անդամներ նշում են, որ Նյու Յորքի դատարանի վճիռը, որով պետք է Վարդան Այվազյանից բռնագանձվի 37.5 միլիոն դոլար հօգուտ «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերության, ապացուցում է Այվազյանի կոռումպացված գործունեությունը, ինչը տարիներ շարունակ հովանավորել են Հայաստանի իշխանությունները:

Հաշվի առնելով նաեւ Նյու Յորքի դատարանի վերջին աղմկահարույց վճիռը` խմբի անդամները գլխավոր դատախազությունից պահանջում են նյութեր նախապատրաստել եւ քրեական հետապնդում սկսել Այվազյանի դեմ: Խմբի անդամները դիմում են նաեւ Ազգային ժողովին` պահանջելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով Այվազյանի կողմից բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած չարաշահումները ուսումնասիրելու համար:

Հիշեցնենք՝ «Հետք» պարբերականը անցյալ շաբաթ գրել էր, որ ըստ նյույորքյան դատարանի վճռում եղած նյութերի՝ 2006 թվականին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը հայաստանյան Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել է կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Արդյունքում ընկերությունը կորցրել էր հանքավայրի նկատմամբ հսկողությունը: Այվազյանը օրերս հայտարարել է, որ որպես բնապահպանության նախարար որոշում է կայացրել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը արտոնագրից զրկելու մասին, քանի որ ընկերությունը չի կատարել օրենքով սահմանված եւ իր իսկ ստանձնած պարտավորությունները:

«Թրանսփերենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը, ով նույնպես միացել է այս խմբին, նշում է, որ իրենց կազմակերպությունը դեռեւս տարիներ առաջ դիմել էր դատախազություն` հորդորելով քրեական գործ հարուցել Վարդան Այվազյանի դեմ` հաշվի առնելով մամուլում առկա հրապարակումները առ այն, թե ինչպես է նա իր բարեկամներին և հարազատներին հանքավայրերի լիցենզիաներ բաշխում: Սակայն դատախազությունը որեւէ հանցակազմ այդտեղ չէր տեսել: Այնուհետեւ, Այվազյանի խոսքով, ի հայտ եկավ «Գլոբալ գոլդ մայնինգի» գործը, որտեղ նշվում էր, թե Այվազյանը մի քանի միլիոն դոլարի կաշառք է պահանջել ընկերությունից, սակայն այդ փաստին եւս դատախազությունը ուշադրություն չի դարձրել:

«Հիմա արդեն այս նախաձեռնությունը, որը բավական շատ մարդկանց է ներգրավվում, եւ վստահ եմ, որ այդ մարդկանց քանակը կաճի, նրանք եւս մեկ անգամ պահանջում են, որ այս գործով, որտեղ միջազգային ատյանները լուրջ հիմքեր ունեն Վարդան Այվազյանի կոռումպացվածությունը վկայելու, այս կապակցությամբ նրանք հիմք ունեն քրեական գործ հարուցել եւ գործը առաջ տանել եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նրան մեղադրել եւ դատապարտել», – ասաց Այվազյանը:

Ռուզաննա Ստեփանյան

azatutyun.am

Դիտվել է 574 անգամ:
Print Friendly

Leave a Reply