Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 19, 2012 14:10

Վարդենիսի հոգեբուժարանի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը հոգեկան հիվանդներին տարել է բարձրադիր Ներքին Շորժա գյուղ եւ ստիպում է անասուն պահել: Անասունների մի մասը հոգեբուժարանինն է, մյուսը մասը` տնօրենինը եւ նրա բարեկամներինը: Հոգեկան հիվանդներն այստեղ կովեր եւ ոչխարներ են պահում, խնամում նրանց, կթում:

Նախ` ներողություն ենք խնդրում այս հիվանդների հարազատներից, որ ստիպված ենք հրապարակել նրանց անուն-ազգանունները եւ նշել նրանց հիվանդության մասին:

Այրք գյուղից Ներքին Շորժա հասանք այլ մեքենայով, որովհետեւ ճանապարհը դժվարանցանելի է: Գյուղ հասնելուց հետո քայլեցինք դեպի դիմացի սարը, որտեղ երեւում էին արածող անասունները:

Սարալանջին առաջինը հանդիպեցինք Հունանին: Ոչխարներն էր արածեցնում: Նրա հետ զրույցի մեծ մասն անհասկանալի է: Հարցից հետո ընդամենը մի նախադասություն էր կարողանում կենտրոնացած ասել, հետո սկսում էր խոսել տարբեր բաներից:

Հունան Նավոյանի պատմելով՝ ինքը 45 տարեկան է, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղից է: Նա տառապում է շիզոֆրենիայով: Հունանի կցկտուր պատասխաններից ըմբռնելի էր, որ նրան «զաստավիտով» են բերել: «Սաղին էլ զաստավիտով են բերել, ոչ մեկը չի ուզում գալ»,- ասաց Հունանը:

Քիչ ներքև կովերն էր արածեցնում Մուշեղ Բազոյանը: Նա էպիլեպսիկ է: Հոգեբուժարանի խնդիրներով մենք զբաղվել ենք 1997 թվականից: Եվ Վարդենիսի հոգեբուժարանի հիվանդների մեծ մասին անուններով գիտեինք: Հոդվածներից եւ հոգեբուժարանի մասին ֆիլմից հետո էլ պարբերաբար այցելում էինք նրանց: Մուշեղի հետ հին ծանոթներ ենք: Գրկախառնվելուց հետո նա սկսում է պատմել, թե ինչպես է հայտնվել այստեղ:

Մուշեղն անընդհատ խնդրում էր՝ միջնորդել ղեկավարությանը, որպեսզի իրեն կրկին հոգեբուժարան տեղափոխեն, որովհետև այդտեղ շատ վատ է: Մուշեղի խոսքով՝ իրենց ոչ միայն ստիպում են անասուն պահել, այլև ծեծում են. «Աշխատող-մաշխատող տվել են սաղ ատամ-մատամ ջարդել են»:

49-ամյա հոկտեմբերյանցի Մուշեղը հարազատներ ունի, սակայն ասում է, թե ոչ ոք չգիտի, որ ինքը հիմա անասուն է պահում Ներքին Շորժայում:

Հիվանդներին աշխատեցնելուց բացի, կեսօրին նրանց չեն կերակրում: Հունանն էլ, Մուշեղն էլ ասացին, որ միայն առավոտյան և երեկոյան են հաց տալիս:

Երրորդ հիվանդը` Ստեփանը, գոմում էր աշխատում: Նա տառապում է շիզոֆրենիայով: Մի քանի օր առաջ այստեղից հոգեբուժարան են տարել Թերեզա Մինասյանին: Նա նույնպես տառապում է շիզոֆրենիայով: Ներքին Շորժայում Թերեզան կով էր կթում: Այժմ նա ծանր վիճակում է, հաստ աղին բորբոքվել է: Այստեղ ցուրտ է, աշխատանքը` ծանր, եւ հիվանդները թաղված են կեղտի մեջ: Թերեզային պետք է վիրահատեն: Հոգեբուժարանը պիտի հոգա վիրահատության ծախսերը: Սակայն առ այսօր քայլեր չի ձեռնարկել:

Հոգեբուժության մեջ աշխատանքային թերապիա հասկացություն կա: Այն Վարդենիսի հոգեբուժարանում էլ էր կիրառվում տարիներ շարունակ: Բայց դա տեւում էր 1-2 ժամ, բժշկի հսկողության ներքո:

Վարդենիսի հոգեբուժարանը նյարդահոգեբանական հատուկ տիպի տուն-ինտերնատ է: Այլ հոգուժարաններից այստեղ են տեղափոխվում բոլոր այն հիվանդները, որոնք բուժման ենթակա չեն: Նրանք այստեղ խնամվում են եւ ստանում դեղեր: Իսկ ահա Ներքին Շորժայում գտնվողները հսկողությունից դուրս են, նրանց հետեւում են տնօրենի բարեկամները:

ՀՀ վերահսկիչ պալատն այս օրերին ստուգումներ էր իրականացնում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում: Այդ օրերին, երբ հիվանդներին «ներկա-բացակա» են արել, Ներքին Շորժայից նրանց տեղափոխել են, հետո կրկին տարել գյուղ: Տուն-ինտերնատը ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության ենթակայությամբ գործող կենտրոններից է, որտեղ նախարարությունը նույնպես ստուգումներ է իրականացնում, իսկ այդ ժամանակ «ներկա» ապահովելու համար հիվանդների փոխարեն անձնակազմի որոշ անդամներ են «շարք կանգնում»: Նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչ խախտումներ է հայտնաբերվել հոգեբուժարանում վերջին ստուգումից հետո: Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն ասաց, որ ստուգումները նոր են ավարտվել, և չեն կարող հայտնել արդյունքների մասին, քանի որ արդյունքները այս օրերին են ամփոփվում և նախարարին դեռ չեն ներկայացրել: Նախարարն էլ տեղում չէ, վերադառնալու է աշխատանքային շաբաթվա վերջին:

Տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ժխտեց, որ հոգեբուժարանի հիվանդները Ներքին Շորժայում անասուն են պահում: Տնօրեն Նվեր Հովհաննիսյանի հետ զրույցը ներկայացնում ենք բառացի.

-Պրն Հովհաննիսյան, սոցապ նախարարությունը ձեզ մոտ ստուգումներ էր իրականացնում, որևէ խախտումհայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ:

-Ամեն ինչ նորմալ ա մեզ մոտ, չգիտեմ ուրիշ տեղ, մեր մոտ ամեն ինչ նորմալ է: Ես նոր տնօրեն եմ, իմ աշխատած ժամանակահատվածը լրիվ օրինական, նորմալ ա եղել:

-Պրն Հովհաննիսյան, մենք մի քանի օր առաջ Ներքին Շորժայում էինք, ձեր որոշ հիվանդների այնտեղ տեսանք: Ի՞նչ են անում Ներքին Շորժայում ձեր հիվանդները:

-Դա բժշկական թերապիա ա:

-Ի՞նչ է դա ենթադրում:

-Գնում են իրանք ընդեղ օդափոխվում են, ման են գալի, հետ են գալի:

-Ման գալու՞ են գնում Շորժա:

-Բոլոր տեղեր, մենակ Շորժա չէ: Բժշկական թերապիա է:

-Մենք նրանց տեսանք ոչ թե ման գալիս, այլ ձեր անասունները արածեցնելիս:

-Չէ, չէ, տենց բան չկա, սուտ ինֆորմացիա ա ձեզ հասել:

-Մենք տեսել ենք, ոչ թե ինֆորմացիա է հասել:

-Լավ, էլի, ուղղակի խնդրում եմ ձեզ:

-Պրն Հովհաննիսյան, Ներքին Շորժայում հոգեբուժարանը անասուններ ունի՞:

-Ոչ:

-Իսկ Դուք Ձեր անձնական անասուններն ունե՞ք այնտեղ:

-Չէ, ոչ էլ մենք ունենք:

-Էդ դեպքում ձեր հիվանդներն ի՞նչ էին անում այնտեղ:

-Մեր հիվանդները չեն եղել, ո՞վ ա ձեզ էդ ինֆորմացիան տվել:

-Մուշեղ Բազոյանը, Հունան Նավոյանը, Ստեփանը և Թերեզան ձեր հիվանդնե՞րն են:

-Բոլորը իրանք հիմա մեր մոտ են, մենակ էդտեղ չեն եղել:

-Բայց ձե՞ր հիվանդներն են:

-Չեմ կարող հիմա էս պահին ասել, որովհետև տենց չեմ հիշում:

-Իսկ Թերեզայի առողջական վիճակն ինչպե՞ս է:

-Լավ ա, շատ լավ ա, միշտ էլ լավ ա եղել:

Այն, որ «հոգեբուժարանի գժերը» Ներքին Շորժայում անասուն են պահում, Վարդենիսում և Ներքին Շորժայի շրջակա գյուղերում շատերը գիտեն, նույնիսկ հարևան Այրքի երեխաներն են պատմում այդ մասին, տեղյակ են նաև հենց Ներքին Շորժայում անասունները ամռանը սար բերող բնակիչները: Սակայն որևէ մեկին այս փաստը չի մտահոգել:

Քրիստինե Աղալարյան

Էդիկ Բաղդասարյան

Մարինե Մադաթյան

Սարո Բաղդասարյան

Hetq.am

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply