ԿԳ նախարար. «Չկա որևէ խնդիր կրթական համակարգում, որից նախարարությունը տեղյակ չլինի, բայց…»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 19, 2012 15:03

2010-ին մեկնարկած կրթական ոլորտի 2-ամյա հակակոռուպցիոն ծրագիրն արդեն 75 տոկոսով իրականացված է, ծրագիրը կամփոփվի 3 ամսից. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Սոցիոլոգիական ուսումնասիրությունները պարզել են, որ  կոռուպցիոն ռիսկերը նվազում են, բայց շատ դանդաղ տեմպերով: Նախարարությունը պատրաստվում է  2013-14  թվերի համար նոր հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիր առաջարկել, որն  ավելի կտրուկ և գործնական միջոցառումներ կենթադրի:

Նախարարն ասում է, որ դեռևս ընթացքի մեջ գտնվող հակակոռոպւպցիոն ծրագրի  շրջանակներում նախնական մասնագիտական կրթության հաստատություններում վերացվել են  ընդունելության քննությունները.   «Երկու տարիների ընթացքում քոլեջների և ուսումնարանների ընդունելության գործընթացում քննությունների վերացումը բերել  է նրան, որ առավել մեծ թվով երիտասարդներ են նախընտրում մասնագիտական կրթության նման տարբերակը, նվազել են կոռուպցիոն ռիսկերը»:  Ըդնունելության քննությունները, սակայն, ամբողջությամբ չեն վերացվել. առողջապահության , մշակույթի ոլորտի ուսումնական հաստատություններում ընդունելությունը հարցզարույցով է կատարվում, մնացած բոլոր դեպքերում դիմորդը ատեստատի միջին գնահատականով մասնակցում է մրցույթին և ընդունվում առանց որևէ լրացուցիչ քննության:

Աշոտյանը հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում արդյունավետ գործողությունների շարքին է դասում և բուհական ընդունելության քննությունների  համակարգի շարունակական փոփոխությունները:

«Քննությունների շտեմարանային եղանակը բերեց նրան, որ քննությունները դարձան կանխատեսելի, սոցիալական հավասարության մի մեծ պաշար կուտակվեց այնտեղ, նվազեց կրկնուսույցների դերակատարությունը և պահանջարկը, միաժամանակ ծնողներն ավելի հանգիստ էին քննական գործընթացին մոտենում: Ընդունելության քննությունների այս տարվա անցկացումը ցույց տվեց, որ մենք ունակ ենք  այս ուղղությամբ արձանագրել  շոշափելի ու տեսանելի փոփոխություններ այս ուղղությամբ,- ասաց Աշոտյանը:- Այս փորձը հաշվի առնելով մյուս տարվա ընդունելության բոլոր քննությունները կկազմակերպվեն շտեմարանային եղանակով: Եվ մենք միտված ենք ամրապնդելու այս տարվա հաջողությունները` ընդունելության քննությունները դարձնելով սովորական երևույթ մեր կյանքում, ցույց տալով, որ դրանք կարող են անցնել օբյեկտիվ, արդար և նվազագույն կոռուպցիոն ռիսկերով»:

Փոփոխություններ են կատարվել նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պետական ավարտական քննությունների ընթացակարգը փոխելու շնորհիվ  հաջողվլ է կտրուկ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը պետական ավարտական քննությունների ժամանակ. Ուսանողներին ավարտական քննությունների արդյունքները բողոքարկելու հնարավորություն է տրվել, բացի այդ, քննությունները ձայնագրվել, որոշ դեպքերում էլ անգամ տեսագրվել են:

«Շոշափելի փոփոխություններ ունենք, սակայն չի նշանակում, թե բոլորովին վերացրել ենք կոռուպցիոն ռիսկերը տվյալ պրոցեսներում»,- նշում է նախարարը:

Պարզեցվել են նաև ուսանողների` բուհից բուհ տեղափոխվելու և վերակնգնման կարգերը: Վերանայվել են նաև շուրջ 100 իրավական ակտեր, որոնց նպատակն է հակակոռուպցիոն  փորձաքննության ենթարկել գործող օրենսդրությունը և ենթաօրենսդրական ակտերը:

Բուհերում կոռուպցիոն ռիսկերը նվազում են  ավելի դանդաղ, քան դպրոցներում: Ապտճառն, ըստ Աշոտյանի այն, է, որ  դեռևս  գոյություն ունի  ուսանողության մի հատված բարձրագույն ուսումնական հաստատություններում, որը շահագրգիռ է կոռուպցիոն մեխանիզմների առկայության մեջ. « Քանի դեռ ողջ ուսանողությունը չկանգնի մեր կողքին և չպայքարի որակյալ կրթություն ստանալու իր իրավունքի համար, նախարարությանը միանձնյա դժվար կլինի արմատախիլ անել բուհերում առկա  կոռուպցիոն այս կամ այն դրսևորումները:  Կոռուպցիայի դեմ պայքարը միայն նախարարության խնդիրը չէ»:

Անդրադառնալով դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը` Աշոտյանն ասում է, որ ըստ սոցիոլոգիական ուսումնասիրությունների,  դպրոցներում որպես կոռուպցիոն դրսևորումներ դիտվում են դպրոցների ծնողական խորհուրդների միջոցով կազմակերպվող դրամահավաքները, որոնց 90 տոկոսն ուղղված է դպրոցի տնտեսական կարիքների լուծմանը: Դպրոցների ծնողական կոմիտեների նպատակային դրամահավաքները օրենքով էլ արգելված չեն:

«Դրամահավաքները նախկինում կազմակերպվում էին տնօրենների կամ դասղեկների դրդմամբ, հիմա իրականացվում են ծնողական կոմիտեների որոշմամբ, բայց էլի տնօրենների և դասղեկների դրդմամբ:  Ծնողական կոմիտեների որոշումները չեն կարող պարտադիր լինել բոլոր ծնողների համար: Եվ թիվ մեկ խնդիրն այն է, որ ծնողական կոմիտեն չի ներկայացնում բոլոր ծնողների կարծիքները: Մյուս կողմից, դրանք տնօրինությունից  ոչ անկախ մարմիններ են:  Կոռուպցիայի կամ դրամահավաքի դեմ պայքարում կարևոր է քաղաքացիական գիտակցության բարձրացումը ծնողների մոտ և տնօրինությունից առավել անկախ գործունեության որդեգրումը»,- ասում է ԿԳ նախարարը:

Դպրոցական համակարգում առկա մյուս խնդիրը ուսուցիչների աշխատանքի տեղավորմանն է վերաբերում:

Նախարարն ասում է, որ ուսուցիչների աշխատանքի ընդունման մրցութային կարգը գործում է արդեն 1,5 տարի և այդ գործունեության ընթացքում կարգը բախվել է նաև հին մտածելակերպով մարդկանց դիմադրությանը. «Որոշ դեպքերում մրցույթներն անցնում են ֆորմալ առումով անթերի, իսկ իրականացման փուլում ուղղորդված և շահագրգիռ ընտրություն է կատարվում»:

Աշոտյանն ասում է, որ  նախարարությունը հանրային ընկալման մեջ դիտվում է որպես կրթության ոլորտի միակ պատասխանատու, բայց փաստացի իրավիճակը չի համապատասխանում հանրային ընկալումներին: ԿԳՆ-ն այսօրվա օրենսդրությամբ պատասխանատու է համահանրապետական մակարդակով կրթական քաղաքականության մշակման համար: Հանրակրթական  դպրոցների շուրջ 94 տոկոսը գերատեսչական ենթակայության մեխանիզմներով կապված են  ոչ թե կրթության նախարարության, այլ մարզպետարանների հետ:

«Հաճախ ստացվում է այնպես, որ ապակենտրոնացված կառավարման տվյալ մոդելը խանգարում է համակարգում լայնածավալ, միատեսակ և արդյունավետ փոփոխություններ կատարելուն, որովհետև յուրաքանչյուր  կարգ, փաստաթուղթ, որ ընդունում է կառավարությունը կամ նախարարությունը, շատ հաճախ տեղերում չի գործում կամ գործում է աղավաղված կերպով: Կարծում եմ, առաջիկա տարիներին  կրթության ոլորտի բարեփոխումների մեջ շատ կտրուկ պետք է դրվի կենտրոնացված կառավարման համակարգի ներդրումը կրթության համակարգում, որով նախարարությունը կճանաչվի միակ պատասխանատուն և լիազոր մարմինը»:

Ըստ Աշոտյանի, որոշ  մարզեր  վերջին տարիների ընթացքում հաջողել են իրենց աշխատանքները սինխոնիզացնել նախարարության հետ, սակայն կան մարզեր, որտեղից անընդհատ բողոքներ և ահազանգեր են ստանում. «Հաճախ խնդիրներ ենք ունենում Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում»:

Խոսելով ֆինանսավորումից, ԿԳ նախարարն ասում է, որ կարիք կա վերանայելու դպրոցների և բուհերի ֆինանսավորման մեխանիզմները. առաջիկա 1-2 տարիներին բուհական ֆինանսավորուման մեխանիզմները ավելի զանազան կդառնան, նաև արդյունքների վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներ են ներդրվելու, ինչպես նաև կրթության մրցակցային հիմնադրամն է գործարկվելու:

«Չկա որևէ խնդիր կրթական համակարգում, որից նախարարությունը տեղյակ չլինի, բայց բոլոր խնդիրները միանգամից լուծել հնարավոր չէ»,- ասում է ԿԳ նախարարը:

Անդրադառնալով սիրիահայ երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանը, Աշոտյանը նշեց, որ դպրոցներին հանձնարարվել է նրանց համար կազմակերպել արևելահայերենի լրացուցիչ, անվճար դասընթացներ  և ստեղծել բարենպաստ պայմաններ սոցիալիզայիայի համար:

Սփյուռքի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակների զգալի մասը բաժին է հասել սիրահայ ուսանողներին: Վճարովի համակարգում սովորող ուսանողներին  հնարավորություն է տրվել վճարել տեղացի ուսանողների նման: Տեղափոխվող ուսանողների դեպքում, եթե կան առարկայական տարբերություններ, առաջարկվում է նույն կուրսից կրթությունը շարունակել` հանձնելով տարբերությունները, կամ մի կուրս ցածր նստել` լրացնելու առկա բացը:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply