Բագրատյանն էն էլ ում մասին է խոսում` Տիգրան Սարգսյանի, որը ժամանակին իրեն հուշում էր ճիշտ քայլերը. Արշակ Սադոյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 19, 2012 1:36

«Իր վարչապետության տարիներին են եղել ամենախայտառակ պրոցեսները, որի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, նրա յուրաքանչյուր մարդ տուժել է, մեծացել է երկրի արտաքին պարտքը»,-ասաց Հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը` HayNews.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հնչեցրած վերջին հայտարարություններին:
Հիշեցնենք`Բագրատյանը նշել էր. «Ի տարբերություն ինձ` Տիգրան Սարգսյանը փող է աշխատել: Տ.Սարգսյանը չի էլ կարող իր դիմումով ազատվել, իրեն չեն ազատի իր դիմումով, դա այս թիմի խաղի կանոնների մեջ չի մտնում: Նույնիսկ ազատման համար հպարտ հեռանալու հնարավորություն նրան չի տրված, նա կհեռանա` որպես ավերիչ»:

Սադոյանը մանրամասնեց. «Ժամանակին ես էդ գանգրահեր ընկերոջ մասին բավական կոպիտ արտահայտություններ էի արել: Ինչ վերաբերում է իր գործունեությանը, ես կարծում եմ, այնպիսի խայտառակ հիմար շոկային թերապիա, որն իրագործվեց Հրանտ Բագրատյանի վարչապետության ժամանակներում, ամենաթունդ խայտառակությունն էր: Զարմանում եմ, երևի մտածում է, որ ժողովրդի հիշողությունը կարճ է և նման բաներ է հայտարարում էն էլ ում մասին` Տիգրան Սարգսյանի, որը ժամանակին իրեն հուշում էր ճիշտ քայլերը, որովհետև իրենք միասին էին աշխատում «Հայոց համազգային շարժման» ժամանակ. Տիգրան Սարգսյանն անընդհատ կարգի էր հրավիրում Հրանտ Բագրատյանին, որն այդ տնտեսագետների խմբի մեջ էր: Հիմա զարմանում եմ` ո՞նց են համարձակվում նման հայտարարություններ անել: Տիգրան Սարգսյանը երևի մեջներից ամենամաքուրն է, ամենաքիչ կոռումպացվածը»:

Արշակ Սադոյանը չմոռացավ նշել. «Բագրատյանի վարչապետության տարիների հետ են կապված խավարի, ցրտի տարիները, այդ տարիների հետ էր կապված այն, որ Հայաստան չհասած 200-250 հազար տոննա մազութը լափեցին»:

«Իրեն Ազգային Ժողովում ասում էի հարգելի պարոն Բագրատյան, էս խեղճուկրակ ժամանակ էդ ո՞րտեղից ես Marlboro ծխում, ինքը պատասխան չուներ»,-հիշեց Սադոյանն, ով Բագրատյանի վարչապետության տարիներին ԱԺ պատգամավոր էր:

HayNews.am

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply