Ֆրանսիայի հայերը դուրս են եկել ցույցի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2012 22:38

Երեւանի ժամանակով 20:00-ին այսօր` սեպտեմբերի 18-ին, Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջեւ սկսվեց ֆրանսահայերի բողոքի ցույցը` ուղղված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը:

Նրա խոսքով` հենց այս պահին էլ բողոքի ակցիան շարունակվում է: Ցույցին մասնակցում է ավելի քան 2000 հազար մարդ, ինչպես նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակողմյան ու ձախակողմյան պատգամավորներ: «Ցույցը ընթանում է բավականին աշխույժ մթնոլորտում` չդադարող վանկարկումներով: Ադրբեջանի դեսպանատան փակ լինելու պատճառով հակառակ կողմից արձագանք դեռեւս չկա»,- ասաց Վարժապետյանը, նշելով, որ առայժմ չկա նաեւ Ադրբեջանի դրոշի եւ Ռամիլ Սաֆարովի նկարները այրելու դեպքեր:

Անդրադառնալով Հայաստանի դեսպանատան առջեւ միաժամանակ մեկնարկած ադրբեջանցիների կազմակերպած ցույցին`Վարժապետյանը հայտնեց, որ մասնակիցները ընդհամենը 150 են ու զավեշտալին այն է ,որ ցուցարարները ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուրքական դրոշներ են պարզել, իսկ Հոլանդիայից սպասվող ադրբեջանցիները այդպես էլ չեն եկել:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply