ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հորդորը ոլորտի պատասխանատուներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 18, 2012 22:32

Սեպտեմբերի 18-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին և հրատապ լուծման կարիք ունեցող հիմնահարցերին:

”Ակնկալում եմ բոլորիդ անկեղծ ու անկաշկանդ մասնակցությունը այս խորհրդակցության աշխատանքներին, եկեք չխուսափենք ինքնաքննադատությունից, հակառակ դեպքում մեզ կսկսեն ուրիշները քննադատել”,- ներկաներին հորդորել է նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն նվաճումների սպորտի համակարգի, մարզական հերթափոխի պատրաստման և մանկապատանեկան սպորտի զարգացմանն ուղղված հարցեր:

”Իմ գնահատմամբ բարձրագույն նվաճումների սպորտի համակարգը անկատար է և անհրաժեշտ է կատարել արմատական բարեփոխումներ”,-նշել է նախարարը և փաստել, որ այսօր ոլորտում պատասխանատվությունը բաշխվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և մարզական հասարակական կազմակերպությունների միջև, այնինչ հավաքական թիմերի մասնակցության համար առաջնահերթ պատասխանատվություն պետք է կրեն մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարները և հավաքական թիմերի մարզիչները: ”Այդ պատասխանատվությունը անհրաժեշտ է ամրագրել թե իրավական և թե տնտեսական չափանիշներով”,- ասել է Հ. Ռոստոմյանը:

Կարևորվել է նաև մարզադպրոցների ֆինանսավորման, ինչպես նաև մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վարձատրության և նրանց խրախուսման հարցերը։ ”Այս խնդրի կարգավորման նպատակով արդեն իսկ նախարարության վարչություններին հանձնարավել է մշակել համապատասխան ծրագրեր և նորմատիվ իրավական ակտերի նախագծեր”,- տեղեկացրել է նախարարը:

Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարներին առաջարկվել է կատարելագործել ՀՀ առաջնությունների անցկացման կանոնադրությունները և բարձացնել առաջնությունների անցկացման ու սպասարկման որակը, ինչպես նաև նախարարության հետ համատեղ մշակել մարզիչների նշանակման, հավաքական թիմերի կազմի հաստատման գործընթացը կարգավորող նորմատիվ իրավական ակտեր:

Նշվել է բարձրագույն նվաճումների սպորտում և մարզական հերթափոխի պատրաստման գործում մարզական հասարակական կազմակերպությունների դերի բարձրացման նպատակով նախարարության հետ համատեղ պետական բյուջեի աջակցությամբ նոր ծրագրի մշակման անհրաժեշտությունը:

Քննարկված հարցերի արդյունավետ լուծման նպատակով ձևավորվելու է աշխատանքային խումբ, որի ներկայացրած առաջարկությունների փաթեթը կընդգրկվի ”Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2013-2016 թթ. զարգացման ծրագրում”:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են քաղաքապետարանների և մարզպետարանների սպորտի բաժինների, հանրապետության մարզական կազմակերպությունների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարներ, ներկայացուցիչներ ՀԱՕԿ-ից:

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply