Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 18, 2012 16:51

Սեպտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ
Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնին:
Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանն ասաց. «Այս տարի մենք նշում ենք
Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական
հարաբերությունները քսանամյակը և կարող ենք փաստել, որ կողմերի միջև
համագործակցությունը կայուն հիմքերի վրա է»:
Նախարար Լիդինգտոնը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝
ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես
երկարաժամկետ և արժեքավոր գործընկեր ու իր այցելության նպատակը և
ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:
Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկեցին քաղաքական,
առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում
համագործակցության խորացման ուղիները։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ
նախարար Լիդինգտոնի պատվիրակության կազմում ներգրավված են նաև
գործարարներ, ինչը հնարավորություն կընձեռի նոր լիցք հաղորդել տնտեսական
փոխգործակցությանը: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը տեղեկացրեց, որ
մոտ ապագայում ծրագրվում է բրիտանացի գործարարների խոշոր պատվիրակության
այցելություն կազմակերպել Հայաստան:
Զրուցակիցները կարևորեցին Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի
զարգացմանը, ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների աջակցմանն
ուղղված ծրագրերի իրականացումը, Բրիտանական խորհրդի կրթամշակութային
գործունեությունը:
Քննարկման գլխավոր թեմաներից էր Հայաստան-Եվրամիության
համագործակցությունը և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը և
ընթացող բանակցությունները, այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած
առաջընթացը:
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն և Լիդինգտոնը անդրադարձան մի
շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, մասնավորապես՝
մերձավորարևելյան զարգացումներին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ
ստեղծված իրավիճակին։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առկա իրավիճակը: Անդրադարձ կատարվեց
հունգարաադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովի ազատ
արձակման պատճառով տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը հասցված
հարվածին: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը նշեց, որ ՄԹ սատարում է
հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների
կողմից գործադրվող ջանքերին: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը նշեց,
որ Սաֆարովի ազատ արձակման առնչությամբ իր երկիրը լիովին կիսում է
Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի
հայտարարությունների դրույթները:
Հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս:

Դիտվել է 668 անգամ:
Print Friendly

Leave a Reply