Այս տարի 286 գիտաշխատողի շնորհվել է գիտական աստիճան. ԲՈՀ-ի նախագահ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2012 15:32

Այս տարի` 2012թ. հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետությունում գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագրեր են ստացել 386 գիտաշխատող, որոնցիւց 37-ը արտասահմանյան քաղաքացիներ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արտուշ Ղուկասյանը:

Նախորդ տարվա համեմատ այս տարի ցուցանիշները նվազել են, քանզի 2011-ին գիտական աստիճան ստացողների թիվը կազմել է  517: Սա նշանակում է, որ գիտական աստիճան ստացողների քանակը վերջին տասնամյակում գրանցված ընդհանուր աճի պատկերում այս 2 տարիների ընթացքում նվազել է:

Ղուկասյանը, սակայն, ուրախությամբ նշեց, որ ավելացել են արտասահմանյան քաղաքացիների թիվը, ովքեր Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճաններ են ստացել:

Ինչ վերաբերում է արտասահմանում Հայաստանի քաղաքացիների կողմից գիտական աստիճան ստանալուն, ապա բանախոսը տեղեկացրեց, որ արտերկրում այս տարի Հայաստանի Հանրապետության 18 քաղաքացիներ արդեն իսկ ստացել են գիտական աստիճաններ, որոնցից 16-ը ստացել են գիտությունների թեկնածուի, իսկ 2-ը` գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ:

Իսկ այն հարցին, թե արդյոք բարդացե՞լ է գիտական աստիճաններ շնորհելու կարգը և դա ինչպե՞ս է ազդել ընդհանուր պատկերի վրա քանակական և որակական առումով, Արտուշ Ղուկասյանն ասաց, որ թեև գիտական աստիճաններ շնորհելու չափանիշները դեռ չեն փոփոխվել ու շատ բաներ փոփոխման կարիք ունեն, բայց չափանիշները դարձել են ավելի հրապարակային, 2010-ից փոխվել է ատենախոսությունների թեմաների հաստատման կարգը: Այս պահին տարվում են տարբեր գործընթացներ, որոնք ժամանակի ընթացքում կբերեն այդ չափանիշների փոփոխմանը”:

Նա նաև նշեց, որ որակն ապահովելու համար հիմա ավելի խիստ են մոտենում գիտական աշխատանքներին, և որոնք չեն համապատասխանում չափանիշներին, ուղարկվում են կրկնակի քննության: Նախորդ տարվա ընթացքում, օրինակ, 42 գիտական աշխատանք ուղարկվել է կրկնակի քննության:

Ղուկասյանը նաև որոշ տվյալներ հրապարակեց` կապված գիտական կոչումների շնորհման հետ: Ըստ դրա` այս տարվա ընթացքում շնորհվել է 204 գիտական կոչում, որոնցից 153-ը` դոցենտի, 51-ը` պրոֆեսորի: Նախորդ տարի այդ թիվը կազմել է 309:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply