Կենսաթոշակների գործով 7 անձ կալանավորվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2012 14:49

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, յուրացման և խարդախության եղանակով կենսաթոշակի տարբեր չափերի գումարներ հափշտակելու համար 2012 թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 24 անձանց, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

«Փաստինֆո» գործակալության տեղեկություններով՝ կալանավորվածների թվում է նաև սոցիալական ապահովության պետական ծառայության կենտրոնական ապարատի պաշտոնյա:

Նախաքննության ընթացքում 24 մեղադրյալների կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 72.204.048 մլն ՀՀ դրամի վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 36.305.936 մլն ՀՀ դրամը:

Հիշեցնենք, որ 2009-2010թթ. կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

18.09.12թ. դրությամբ՝ քրեական գործից անջատվել և դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր՝ 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ՝ դատապարտվելով մինչև 7 տարվա ազատազրկման: Դատարան ուղարկված քրեական գործերով պետության պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 14 մլն դրամ, որից վերականգնվել է ավելի քան 12 մլն դրամը:

Դիտվել է 655 անգամ:
Print Friendly

Leave a Reply