20-րդ դարի մեծագույն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է. «… կտակում եմ տիրապետել հայոց լեզվին»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 18, 2012 10:57

«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզվին: Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը». Վիկտոր Համբարձումյանի կտակը (29. 08․ 1994 թ):

1908 թվականի այս օրը ծնվել է 20-րդ դարի մեծագույն գիտնական, հայ հայտնի աստղաֆիզիկոս, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության,աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։

Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է, որի անփոփոխ տնօրենն է եղել մինչև 1988 թ։ 1961 – 1964 թթ Վ. Համբարձումյանը եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ։ Երկու անգամ (1968 – 1970 և 1970 – 1972 թթ) ընտրվել է Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։ Վ. Հ. Համբարձումյանի անվամբ է կոչված թիվ 1905 փոքր մոլորակը (Ambartsumian), որ հայտնաբերել է Տ. Մ. Սմիռնովան` Ղրիմի աստղադիտարանում 1972 թ. մայիսի 14-ին։
Վ. Համբարձումյանը ծավալել է գիտա-կազմակերպչական, հասարակական-քաղաքական, մանկավարժական գործունեություն:
Վ. Համբարձումյանը մահացել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Նա թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։

Panorama.am

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply