Ոսկու շուկայի առևտրականները բողոքում են

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 23, 2010 14:18

Ոսկու շուկայի առևտրականները արդեն մեկ շաբաթ է, որ ցույցի են դուրս եկել կառավարության շենքի մոտ

Արդեն մեկ շաբաթ է, որ կառավարության շենքի մոտ շարունակվում է «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի (Խորենացու փողոցի , այսպես կոչված, Բաղնիքի ոսկու շուկա) 200-250 աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիան:

Նրանք կառավարությունից պահանջում են վերադառնալ հաստատագրված վճարային համակարգին, երբ վճարում էին ամսական 14000-18000 դրամ: Կենսաթոշակային և այլ վճարումների հետ միասին նրանց ամսական վճարումները կազմում էին մոտ 65 000 դրամ:

Այժմ այդ հաստատագրված վճարը վերանում է, դրա փոխարեն վաճառականները պետք է իրենց շրջանառությունից 2-10 տոկոս շահութահարկ վճարեն: Դա նշանակում է, որ վաճառականները պետք է առևտուրն ամբողջությամբ անեն ՀԴՄ կտրոններով և, շրջանառությունը հիմնավորեն հաշիվ -ապրանքագրերով (շչյոտ- ֆակտուրա), այդ դեպքում կվճարեն 2 տոկոս: Իսկ եթե վաճառված ապրանքի համար հաշիվ-ապրանքագիր չունենան` կվճարեն 10 տոկոս:

Այս տարվա հունվարի 1-ից ոսկու շուկայի առևտրականներն անցել են սովորական հարկման դաշտ, որն ուժի մեջ էր մտել 2009 թ. հունվարի 1-ից: Դրան այս տարի գումարվել է նաև քաղաքապետարանի սահմանած տարեկան վաճառքի արտոնագրի գումարը` 50 000 դրամ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկանք է տրամադրել «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի վերաբերյալ, որում ասվում է. «Գործող հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում 2010 թ. հունվարի 1-ից առևտրի իրականացման վայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները հաստատագրված վճարով հարկման կարգից անցել են ընդհանուր հարկման կարգի»:

Ոսկու շուկայում աշխատում է պաշտոնապես գրանցված մոտ 700-800 վաճառական, իսկ ընդհանուր առմամբ ` 1500-2000 աշխատող:

«Մենք ի վիճակի չենք էդքան հարկեր տալու: Երկրում ճգնաժամ է, ես էդքան առևտու՞ր եմ արել, որ էդքան հարկ տամ»,- ասում է Ռաֆիկ Անտոնյանը:

Բողոքի ցույցի առիթ է դարձել այն միջադեպը, որ օրեր առաջ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները մտել են շուկա ու գույքագրել վաճառականների ապրանքը:
Եթե ապրանքը գույքագրվում է, նշանակում է, որ պետք է ցույց տրվի դրա վաճառքը և համապատասխան հարկ մուծվի:

Հարկային տեսուչները ութ տնտեսվարողների մոտ գույքագրում են անցկացրել, որոնցից 4-ը հարկային տեսուչներին արգելել են դա: Առևտրականներն ասում են, որ իրենց ապրանքի մի մասը «նիսյա» է, մի մասն էլ չվաճառվելով ` կրկին ձուլվում և այլ զարդի համար է օգտագործվում: Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես պետք է հաշիվ-ապրանքագրով գործունեություն ծավալեն:

Ոսկու շուկայի առևտրականները պահանջում են հարկերը մեղմացնել

Առևտրականները պատմում են, որ արդեն 10-15 օր է, ինչ հարկայինի աշխատողները որպես հաճախորդ գալիս ու համոզում են, որ դոլարով առևտուր անեն: «Որ խաբվես ու դոլարով ծախես. 2 մլն 300 000 դրամ տուգանք պիտի տաս: Գլխներիս սարքում են»,- ասում է Անի Գաբրիելյանը:

«Էլ չեմ ասում, որ հարկայինը պահանջում է ամիսը պարտադիր 250 000 – 300 000 դրամ շրջանառություն ցույց տալ,- ասում է Օֆելյա Գրիգորյանը,- որ չեմ ծախել, որտեղի՞ց ցույց տամ»:

Ոսկու շուկայի աշխատողները պահանջում էին հանդիպել վարչապետի հետ ու վանկարկում էին նրա անունը: Կառավարության աշխատակազմի քաղաքացիների և դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը նրանց խոստացավ, որ ՊԵԿ ներկայացուցիչը կհանդիպի և նրանց հարցերին կպատասխանի, սակայն հարկային մարմնի աշխատակիցն այդպես էլ չեկավ:

Նրանց ընդունեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ով խոստացել էր քննարկում կազմակերպել ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ: Սակայն, բողոքի ցույցը շարունակվում էր անգամ փետրվարի 22-ի անձրևոտ օրը, երբ ցուցարարները եկել էին գրավոր դիմումով, որի տակ ստորագրություններ հավաքեցին ու փոխանցեցին վարչապետին:

Ցուցարարներից մեկն ասում էր, որ իրենք հարկեր վճարելուց չեն հրաժարվում, ուղղակի օրենքն այնպես պետք է ընդունել, որ «թացն ու չորը, չաղն ու նիհարը իրար հետ չխառնվեն»:

Նա ասում է, որ հարկայինն իրենցից պահանջում է 25 000 դրամ կանխավճար մուծել ամսվա համար, իսկ հետո այնքան ՀԴՄ կտրոն խփել, որից կազմված հարկը համապատասխանի այդ 25 000-ին: «Դե ստացվում ա, որ ինքն իրան ա ապահովագրում, իրա պլանն ա տալիս, մեր վրա էլ թքած, դե ճղվի, որ տաս,- ասում է նա,- ու դա հեչ, ասում ա 25 000 ու հետն էլ բազար անում, էդ նշանակում ա, որ կարամ խոսամ ու 20 000-ով պրծնեմ: Բա դա արդա՞ր ա: Մարդ կա` մոտ կես մլն դոլարի չափ ապրանք ունի, մի օրում 10 000 դոլարանոց բռիլիանտը կծախի ու միանգամից 2000-3000 դոլար փող կաշխատի: Ինքն ու ես մեկ ե՞նք»:

Այս վաճառականի սեղանի ապրանքները մոտ 8 000 դոլարի չափ են: Օրենքն օգտագործում են մահակի տեղ, թե գնա` հարկային դաշտը լցրու: Այս վաճառականն ասում է, որ նախկին հաստատագրված վճարի ժամանակ էլ արդար չէր. բոլորն էլ վճարում էին համարյա նույն գումարը` մի քանի հազար դրամի տարբերությամբ:

«Հիմա հարցն այն է, որ ստեղ բարբարոս վիճակ ա,- մանրամասնում է նա,- իրանք օրենքով ճիշտ են, իրանց գույքագրումն էլ օրենքով ա, բայց իրավիճակն ուրիշ ա, օրենքն` ուրիշ: Ու իրանք էլ դա շատ լավ գիտեն: Բայց օրենքն օգտագործում են մահակի գյորա` մարդկանց պատժելու համար, թե գնա` հարկային դաշտը լցրու: Ես համոզված եմ, որ էս ահաբեկումը շուտով դադարեցվելու է»:

Դիտվել է 1850 անգամ:
Print Friendly

Leave a Reply