Կայացավ Նարեգ Հարթունյանի ունեցվածքի յուրացման գործով մեկ այլ դատական նիստ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 17, 2012 18:37

Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Ա.Սուքոյանի, տեղի ունեցավ Սեւակ Արզարունու /Արծրունու/ եւ Արտյոմ Մարտիրոսյանի դեմ Նարեգ Հարթունյանի կողմից ներկայացված հայցով առաջին դատական նիստը:
Տվյալ գործի էությունը կայանում է նրանում, որ Նարեկ Հարութունյանը Սեւակ Արծրունուն եւ Արտյոմ Մարտիրոսյանին լիազորագրեր էր տվել, որպեսզի նրանք Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու թիվ 8 նորակառույց շենքի իր անվամբ 800 քմ ընդհանուր մակերեսով բնակարանները վաճառեն: Սևակն ու Արտյոմը բնակարանները վաճառել են ավելի քան 700.000$-ով, սակայն վաճառքից գոյացած գումարը տարբեր պատճառաբանություններով չեն տրամադրել:
Այս գործով կարևոր է նաև նախապատմությունը, քանի որ այն պատասխանն է այն հարցի, թե ինչու Նարեգը շուրջ երկու տարի ինչու պահանջ չի ներկայացրել դատարան.
Սեւակն ու Արտյոմն այն անձինք են, որոնց Նարեգը, նրա հայրն ու Նարեգի եղբայր Սարոն տարիներ շարունակ անվերապահորեն վստահել էին իրենց անունից իրականացնել միլիոնավոր դոլարների գործարքներ:
Սեւակին ու Արտյոմին էր վստահված նաև Նարեգի հորը`Գարաբեդ Հարութունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ին ղեկավարումը: 2010թ. սեպտեմբերին, երբ Նարեգը Սեւակից և Արտյոմից ստանձնեց իր հոր ընկերության ղեկավարությունը, պարզեց, որ Սեւակն ու Արտյոմն ոչ միայն իր, այլ նաև իր հոր`Գարաբեդ Հարութունյանի հանդեպ էլ ազնիվ չեն` ընկերությունից մի քանի հարյուր հազար Ամն դոլարին համարժեք գումարի յուրացումներ են կատարել:
Միևնույն ժամանակ Նարեգը տեղեկանում է, որ Սևակն ու Արտյոմը նպատակ ունեն յուրացնել /հետագայում այդպես էլ եղավ/ իր եղբոր` Սարոյի գումարների դիմաց Սևակի անվամբ ձեռք բերված Մաշտոցի 33ա հասցեի 1708քմ մակերեսով տարածքը:
Նման պայմաններում Նարեգը դադարեցրել է Սեւակի անվամբ տրված լիազորագրի գործողությունը, քանի որ Սեւակը կարող էր վաճառել նաև Նարեգին պատկանող մնացած անշարժ գույքերն ու գումարները յուրացնել: Սևակն էլ, իր խոսքերով, վիրավորվել և «վիճաբանել է» Նարեգի և նրա եղբոր հետ ու Արտյոմի հետ միասին հեռացել են Հարթունյաններից:
Դրանից հետո Սևակը հրաժարվել է իրեն վստահված ֆինանսների և գույքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել Հարթունյաններին: Ամիսներ անց Սեւակի հայցի հիման վրա Հարթունյանների մնացած ունեցվածքն արգելանքի տակ է դրվել, և առ այսօր նրանք չեն կարողանում տնօրինել իրենց ունեցվածքը:
Նարեգի հորը պատկանող բիզնեսի նկատմամբ իսկական «որս» է սկսվում, որի հետևանքով կայացած ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը: Հայտնի է, որ նաև քրեական գործ է հարուցվում, եւ Սեւակին ու Արտյոմին մեղադրանք առաջադրելու փոխարեն, սուտ ցուցմունքների հիման վրա Նարեգին են մեղադրանք առաջադրում և կալանավորվում, այնուհետև ազատ արձակվում:
Այդ մղջավանջային ժամանակաշրջանում դեպքերի անտրամաբանական և ապօրինի զարգացումներից ակնհայտ էր, որ Նարեգը եթե Սևակի ու Արտյոմի դեմ անգամ հայցադիմում ներկայացնի դատարան Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու թիվ 8 նորակառույց շենքի իր բնակարանների գումարների վաճառքից գոյացած գումարների պահանջով, ապա պատվիրված քրեական գործը վարող և կասկածահարույց որոշումներ կայացնող քննիչ Ռաֆայել Մկրտչյանը, նշված հանգամանքը կդիտեր որպես նույն գործով վկաններ հանդիսացող Սեւակի ու Արտյոմի նկատմամբ «ճնշում գործադրել» և կրկին կալանքի որոշումներ կկայացներ:
2012թ. փետրվարի վերջին քննիչը քրեական գործի նախաքննությունն ավարտեց, և գործը հանձնեց դատարան: Այդ պահից սկսած արդեն գործեց օրենքը: Ավելին 2012թ. մայիսին դատարունում ցուցմունք տվող Սևակը խոստովանեց, որ, իր ձևակերմամբ, «կանխավճարի կարգով» Հարթունյանների գումարներից «օգտվել» է, և քանի որ գործը վերաբերում էր Նարեգի հորը պատկանող ընկերությանը, ապա նա ի պատասխան դատախազի հարցի, նշեց, որ միայն իրեն վստահված ընկերությունից ավելի քան 600.000$ է վերցրել:
Նոր իրավիճակում Նարեգն արդեն անկաշկանդ կարող էր Սեւակի ու Արտյոմի պահանջ ներկայացնել դատարան: 2012թ. հունիսին Նարեգը հայցադիմումը ներկայացրեց:
Այժմ վերադառնանք ոչ պակաս կարեւոր դատական նիստին:
Պատասխանողների ներկայացուցիչ փաստաբան Նիկոլայ Հակոբյանը դատարան չէր ներկայացրել պատասխան, թե իր վստահորդներից ով ինչ գործարք է կատարել և որքան գումար է ստացել: Փոխարենը, նա Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանից էր ցանկանում ճշտել, թե կոնկրետ երկու պատասխանողներից յուրաքանչյուրին ուղղված ինչ պահանջներ ունի հայցվորը:
«Երկուսն էլ կարող էին ըստ լիազորագրի պայմանագրեր կնքել, երկուսն էլ կարող էին իրականացնել գործարք: Հիմա չենք կարող ասել՝ ով ինչ գործարք է կնքել, այդ պատճառով էլ պահանջում ենք պատասխանող կողմից տրամադրել գործարքների պայմանագրերը»,-նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը:
Այն, որ գործարքներ կնքվել են, եւ նշված տարածքներն օտարվել են, ապացուցում է նաեւ կադաստրից վերցված տեղեկանքը, սակայն այնտեղ նշված չէ, թե որքան գումար է գոյացել այդ գործարքից, ուստի դատավորի հարցին, թե հայցվորը կոնկրետ որքան գումար է պահանջում պատասխանողներից, Լ. Հովհաննիսյանը չկարողացավ հստակեցնել` նշելով, որ պահանջը վերաբերում է գործարքներից գոյացած ողջ գումարին:
-Պատասխանող, կա՞ այդպիսի պայմանագիր, կարո՞ղ եք տրամադրել,-հարցրեց դատավորը:
-Ոչ, չեմ կարող,-ասաց Ն. Հակոբյանը:
-Որտե՞ղ են այդ պայմանագրերը,-հարցրեց Լ. Հովհաննիսյանը:
-«Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում,-լսվեց Ն. Հակոբյանի պատասխանը՝ առանց մասնավորեցնելու և անորոշ թողնելով,թե ում մոտ է, ինչու է այնտեղ, ինչու պետք է այդ պայմանագրերը լինեն ընկերությունում, երբ դրանք գումարի հետ միասին պետք է տրամադրվեր կոնկրետ Նարեգ Հարթունյանին, քանի որ նա է Ս.Արծրունուն եւ Ա.Մարտիրոսյանին լիազորագրեր տվել:
Այդուհանդերձ, դատավորը պահանջեց հայցվոր կողմից շատ հստակ նշել՝ որքան գումար է պահանջում պատասխանողներից՝ նշելով, որ միայն այդ դեպքում դատավարությունը կառուցված կլինի ոչ ենթադրությունների վրա:
Որքան էլ Լ. Հովհաննիսյանը փորձեց բացատրել, որ դա կարելի է իմանալ միայն պայմանագրերը ձեռքի տակ ունենալուց հետո, դատավորը մնաց անդրդվելի:
Հայցվոր կողմը, դիմելով դատական պաշտպանության, հայտնում է, որ պատասխանողներն իր անունից գործարքներ են կատարել, դրա արդյունքը հրաժարվում են տրամադրել իրեն, և փորձում է պատասխանողներից ճշտել իրենից թաքցված գործարքներով ձեռք բերված գումարի չափը և ստանալ դրանք: Գործարքները կնքված լինելու փաստն անվիճելի է, սակայն դրանցով ստացված գումարի չափը հայցվորին հայտնի չէ, իսկ դատավորը փորձում էր հայցվորի վրա դնել այդ գործարքներով պատասխանողների կողմից ստացված գումարների չափի ապացուցման բեռը:
Հայցվորի ներկայացուցիչը ստիպված միջնորդություն ներկայացրեց` հետաձգել դատական նիստը մինչեւ որ կկարողանա ներկայացնել հաշվարկ, թե սկզբնական որքան գումար է պահանջում պատասխանողներից:

Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի մեկին՝ ժամը 15.00-ին:

Մարիամ Մուղդուսյան

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply