Լենինի արձանը Աղթամարի խա՞չն է դարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2012 13:24

Անցած շաբաթ Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում արդեն երրորդ անգամ պատարագ մատուցվեց, որին ներկա էին բազմաթիվ ուխտավորներ, օտարերկրացի հյուրեր, զբոսաշրջիկներ: Երեք տարի առաջ Աղթամարի եկեղեցին վերականգնվել էր հայ վարպետների կողմից, իսկ եկեղեցու վրա խաչի տեղադրման հարցը բուռն քննարկումների առիթ էր դարձել: Պատմում էին նաև, որ տեղադրված խաչը պատրաստվել է Լենինի արձանի ձուլումից ստացված բրոնզից, որը գտնվում էր Հայաստանում մի ինչ-որ պահեստում: Ահա այս հետաքրքրաշարժ պատմության իսկությունը պարզելու համար էլ «CNN Türk»–ի լրագրողը հանդիպել և զրուցել է եկեղեցու վերականգնողական աշխատանքներին մասնակցած ճարտարապետի`Զաքար Միլդանօղլուի հետ:
«Ոգևորված մի ընթացք էր դա: Հայաստանից մեծ օգնություն ստացվեց: Հայ ճարտարապետների հետ միասին փոքր բյուջեով, ինքնազոհաբերությամբ գործը ավարտին հասցրեցինք: Հետաքրքիր է եկեղեցու խաչի հետ կապված պատմությունը: Եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու համար Հայաստանից օգնություն խնդրվեց: Սակայն այդ երկրում հումքի խնդիր կար: Այդ պատճառով էլ վարպետները պահեստում գտնում են Լենինի բրոնզե արձանը և դրանից խաչ են ձուլում: Հետո Երևանում պատրաստված խաչը Ստամբուլ է տեղափոխվում»,-պատմում է Միլդանօղլուն:
Լրագրողն էլ իր իսկ խոսքերով նախկին կոմունիստ և եկեղեցու վերականգնման ժամանակ «Լենինի հետ հանդիպած ճարտարապետին ասում է. «Ես էլ եմ այդ մասին լսել: Խաչ էր հարկավոր. կառավարությունը սկզբում ընդդիմացավ, հետո մի գիշերում տեղադրեցին»:
Թե ինչքանով է այս պատմությունը ճշմարիտ, ոչ ոք հաստատ չի կարող ասել: Սակայն հաստատ է մի բան`Աղթամարի Սուրբ խաչը Արևմտյան Հայաստանի միակ «խաչակիր» եկեղեցին է, և կարևոր չէ, թե ինչից է այդ խաչը պատրաստված:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply