Ստամբուլի Փակ շուկայում մի ավանդույթ է վերանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 17, 2012 13:20


Օրերս թուրքական «Zaman»–ը մի հոդված է հրապարակել, որն անդրադառնում է թուրքական իրականության մեջ հայ ոսկերիչների ունեցած ներդրմանը ու նրանց ներկայիս վիճակին: Ահա, թե ինչ է պատմում հոդվածագիրը:
«Հայ վարպետները ոսկերչության նրբությունները դարեր շարունակ գաղտնի են պահում: Հազվագյուտ, մեկը մյուսից թանկարժեք քարերը միշտ հայ վարպետների ձեռքերում են ձև ստացել: Ոսկերչությունը նրանց շնորհիվ այս հողերում դարձել է արժեքավոր մասնագիտություն:
Սակայն մեծ ֆիրմաները թանկարժեք զարդերի ասպարեզ մտան և գործարանային արտադրանքի պատճառով գների նվազում տեղի ունեցավ: Արդյունքում փոքր արհեստանոցներում արտադրությամբ զբաղվող վարպետներն արդեն չեն կարողանում նախկինի պես գումար վաստակել: Լավ վարպետները սկսեցին արտասահման գնալ, կամ էլ մեծ ֆիրմաներում աշխատել: Այս իրավիճակում հայերը հրաժարվում են իրենց երեխաներին արհեստի տալուց: Հայ վարպետների խեսքերով` իրենց երեխաներին շուկայի փոխարեն համալսարան ուղղարկելիս մասնագիտությունն էլ ուրիշի ձեռքն է անցնում: Հիմա ամեն անցնող օրվա հետ պակասող հայ վարպետները այդ մասնագիտության վերջին ներկայացուցիչներն են: Նրանք ոսկերչության ապագայի համար արդեն ստիպված են թուրք աշակերտներ վերցնել: Մոտակա 20-30 տարվա ընթացքում այս արհեստով զբաղվող հայ վարպետ այլևս չի մնա:
Ներկայումս Ստամբուլի նշանավոր Փակ շուկայի մոտակայքի արհեստանոցներում մոտ 200 հայ վարպետ է աշխատում: Որոշ խոշոր արհեստանոցներ էլ մրցակցելու համար համակարգչային տեխնոլոգիաներ են կիրառում: Ըստ վարպետների`այս վիճակը սպանում է մասնագիտության հոգին, նրա շատ կարևոր առանձնահատկություններ պատմության գիրկն են անցնում:
Կարևորում են նաև վարպետ-աշկերտ հարաբերությունները, որոնք նման են հայր-որդի հարաբերությանը: 40 տարի Փակ շուկայում աշխատող Արսեն Ագոնաօղլուի խոսքերով`«Վարպետը աշկերտի համար ամեն ինչ է, նրան օգնում է, մասնագետ է դարձնում, նրան ծնողի պես է վերաբերվում: Աշակերտն էլ իր հերթին դա պետք է գնահատի: Մենք հարգանքից ելնելով մեր վարպետի մոտ չէինք կարողանում խոսել»:
Եվ իսկապես հայերը և՜ Օսմանյան կայսրությունում, և՜ Թուրքիայի Հանրապետությունում աչքի են ընկել ոսկերչության, ճարտարապետության, բժշկության և բազմաթիվ այլ ոլորտներում: Ամենաշնորհալի և հմուտ արհեստավորները միշտ հայերն են եղել: Ցավալի է, որ այսօր տնտեսական, ֆինանսական այլևայլ հանգամանքների պատճառով շուտով, միգուցե, վերանան դարերով եկած արհեստագործական ավանդույթները:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply