Կամո Վարդանյան. «Ինքնասպանությունների ամենամեծ ցուցանիշը Գյումրիում է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2012 13:37

Հայաստանում 2009 թ. արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 498 դեպք, 2010-ին` 592, 2011-ին` 647 դեպք: Ինքնասպանությունների ցուցանիշը հաշվարկվում է յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնող թվաքանակով: Եթե յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնում է 10 ինքնասպանության դեպք, ապա համարվում է, որ տվյալ երկրում ինքնասպանության ցուցանիշը ցածր է, եթե մինչև 20 դեպք, ապա համարվում է, որ ինքնասպանության թիվը միջին է և 20-ից ավելիի դեպքում է համարվում, որ ինքնասպանությունների թիվը շատ բարձր է: Հայաստանն ինքնասպանությունների թվի միջին տեղում է:
«Վերջին ժամանակահատվածում բավականին շատացել է ինքնասպանությունների մասին տեղեկատվությունը: Թվում է՝ երևութը ահագնացող չափեր է ստացել: Սակայն ինքնասպանությունների թիվը մեզանում դեռևս այնքան էլ շատ չէ, բայց ավելացման միտում կա»: Այս կարծիքին է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը, ով պատասխանում է Pastinfo.am-ի թղթակց Լիլիթ Հովհաննիսյանի հարցերին:

-Պարոն Վարդանյան, կա՞ ուսումնասիրություն ինքնասպանություն դիմելու պատճառների բացահայտման առումով:

-Գիտության մեջ հաշվարկված է, որ գոյություն ունի ինքնասպանության դիմելու 800 պատճառ: Հայաստանում երևույթն ուսումնասիրում եմ ես, ինչպես նաև որոշ մասնագետներ և բժիշկներ: Երբեմն մենք գուցե պատկերացում անգամ չունենանք, թե ինչի հետ է կապված ինքնասպանությունը: Օրինակ՝ պատճառ կարող են լինել տարբեր տեսակի քիմիական նյութեր: Գոյություն ունի միջնորդանյութ: Եթե դրա քանակն օրգանիզմում պակասում է, մարդու մոտ առաջանում է դեպրեսիվ հակվածություն: Եվ եթե մարդն ագրեսիայի նկատմամբ հակում ունի, դա բերում է ինքնասպանության:

Նույնը կարելի է ասել դոֆամինի (հաճույքի հորմոն) վերաբերյալ: Եթե մարդու օրգանիզմում այն բարձրանում է, նա դիմում է ինքնասպանության: Օրինակ՝ գոյություն ունի մակաբուծային հիվանդություն, որի ժամանակ դոֆամինը մեծանում է: Առնետների վրա կատարած փորձերը ցույց են տալիս, որ դոֆամինի մեծանալուն պես նրանք գնում են դեպի գիշատիչը: Մարդկանց մոտ այդ էֆեկտի ազդեցության տակ առաջանում է հակազդման թուլացում, ռիսկայնության մեծացում: Կա գենետիկական պատճառականություն: Հայտնաբերված է, որ մարդու գենոտիպում կան վեց գեներ, որոնք պայմանավորում են ինքնասպանության հակումը:

Ինքնասպանությունն ունի գենետիկական, հոգեբանական, սոցիալական, էկոլոգիական պատճառականություն: Երևույթը պետք է ուսումնասիրվի: Պետք է դադարենք սիրողական մակարդակով այն մեկնաբանելուց:

-Լրատվամիջոցների լուսաբանումը որքանո՞վ է արտացոլում իրականությունը:

-Որպեսզի լրատվամիջոցները իրականությունը գրանցեն, պետք է լինի աղբյուր: Եթե այդ աղբյուրը չկա, եթե հետազոտութուն չի իրականացվում կամ իրականացվում է, բայց չի մասսայականացվում, լրատվամիջոցները չեն կարող օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդել: Սա ամենավտանգավորն է: Երբեմն լրագրողները հրավիրում են տարբեր մասնագետների՝ հոգևորականների, աստղաբանների, էզոթերիկ տեսության կողմնակիցների, որոնք ոչինչ չգիտեն ինքնասպանության երևույթի, նրա պատճառականության, գիտական մեկնաբանության մասին, բայց քանի որ կան մարդիկ, ովքեր երևույթին սենսացիոն բնույթ տալ են ցանկանում, այդ մարդկանց հրավիրում են եթեր: Նրանք էլ ոչ գիտական տեղեկատվություն են հաղորդում և թվում է անգիտակցաբար ինքնասպանությունների քանակը շատանում է: Բայց իրականում ցանկացած ոչ պրոֆեսիոնալ մոտեցում հղի է այս երևույթի մասսայականացմամբ:

-Ինչո՞ւ են երևույթով զբաղվողները խուսափում այն սենսացիոն դարձնելուց:

-Կա սուիցիդալ տեղեկատվության երկու ձև: Դրանցից մեկն ունի սենսացիոն բնույթ, նպատակն է հասարակության մեջ արձանագրել երևույթը: Երկրորդն օբյեկտիվ տեղեկատվությունն է, որն ունի կանխարգելման միտում: Ամեն ինչ չէ, որ կարելի է լրատվամիջոցներով ասել: Պետք է ասել այն, ինչը կնպաստի թեկուզ մեկ անձի սուիցիդալ որոշումից հետ կանգնելուն: Սա համարվում է պրոֆեսիոնալ տեղեկատվություն: Մասնագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը պետք է միտված լինի ինքնասպանությունների կասեցմանը:

-Մի առիթով նշել էինք, որ ինքնասպանություններն ավելի շատ տարածված են Գյումրիում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Այո, Հայաստանում ինքնասպանությունների ամենամեծ ցուցանիշը Գյումրիում է: Աղետի գոտի է, դեռևս կան չլուծված խնդիրներ, կա լարվածություն: Մենք ուզում ենք այդ հարցը պարզաբանել:

Հետազոտություններն ընթացքի մեջ են: Հարցին կանդրադառնանք, երբ ամբողջությամբ կավարտենք հետազոտությունը:

-Ինքնասպանության նոր շարժառիթներ ի հայտ գալի՞ս են Հայաստանում:

– Վերջին ժամանակներում շատացել է ինքնասպանության հետևյալ շարժառիթը. մարդիկ տարբեր բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ են դնում, պարտվում են, հետո չեն կարողանում գումարը վճարել: Որպես իրադրությունից դուրս գալու ելք՝ ընտրում են ինքնասպանությունը: Սակայն սա նոր չէ, աշխարհում վաղուց է տարածված, Հայաստանում էլ՝ վերջերս: Մեր երկրում ինքնասպանության նոր շարժառիթ է էկոլոգիական սթրեսը: Այն նորություն է նաև աշխարհում:

– Հասարակության մեջ կա ինքնասպանության երևույթի նկատմամբ երկու մոտեցում. մեկը ինքնասպանությունը դիտարկում է որպես թույլ մարդու վարքագիծ, մյուսը՝ ուժեղ մարդու:

– Ուզում եմ մեջբերել Քամյուի խոսքերը: Նա ասում է՝ կա մի շատ կարևոր հիմնախնդիր՝ ինքնասպանության հիմնախնդիրը, որը չի ճանաչում ոչ տարիք, ոչ սեռ, ոչ գիտական ցենզ: Այն ուրվական է, կարող է բոլորի տուն ներխուժել համապատասխան օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պայմանների համատեղման արդյունքում:

-Ինքնասպանությունը հանցագործությո՞ւն է:

– Մխիթար Գոշը և Սմբատ Գունդստաբլը իրենց դատաստանագրքերում հատուկ հոդվածով անդրադարձել են ինքնասպանություններին. Մխիթար Գոշն ասում է՝ այն անձը, որ իրականացնում է ինքնասպանություն, Աստծո նկատմամբ մեղք է գործում: Նրանք դասակարգում են կատարել. ինքնասպանություն, որ կատարել է հոգեկան հիվանդ մարդը և ինքնասպանություն, որ կատարել է հոգեպես առողջ մարդը:

Որոշել են չափապատիժ՝ հոգեկան հիվանդ մարդու նկատմամբ այդ պատիժը շատ մեղմ է, իսկ հոգեպես առողջ անձանց նկատմամբ պատիժը շատ խիստ է: Նրա համար ծիսական արարողություն հոգևորականը չի իրականացնում:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply